Հայաստանից Վրաստան ու Ամերիկա. լրագրող Արուս Հակոբյանի հաջողության ճանապարհը
10 րոպեի ընթերցում

Բուսաբանությունից մինչև անասնաբուժություն ու գինեգործություն. ամենատարբեր մասնագիտությունների մասին մտածող Արուս Հակոբյանը լրագրողի մասնագիտության ընտրության մասին չէր էլ մտածում, մինչդեռ, հանգամանքների բերումով արդեն 15 տարվա փորձառու լրագրող է ու այսօր ոչ միայն գրանցած հաջողությունների մասին կարող է խոսել, այլև ուսուցանել ու լավագույն փորձը փոխանցել նույն ճանապարհն ընտրած երիտասարդներին։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո մագիստրոսական կրթությանը զուգահեռ Արուսը թղթակցել է տեղական մի շարք լրատվամիջոցների: Հայաստանում ակտիվ քաղաքական ժամանակաշրջան էր, ինչը ստիպեց ներգրավվել լուսաբանման գործում ու ավելի սիրել մասնագիտությունը։
«Իմ մասնագիտական կյանքում շրջադարձային փուլ եղավ Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտ (GIPA) ընդունվելը։ Ծրագիրն իրականացվում էր ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ՝ հնարավորություն տալով տարածաշրջանի լրագրողներին զարգանալ ու իրենց ներդրումն ունենալ անկախ ու կենսունակ լրատվամիջոցների ձևավորման մեջ։ Ծրագրի հաղթողներից մեկն էի, ու 180 աստիճանով փոխվեց մասնագիտական կյանքիս որակը՝ նոր հնարավորություններ բացելով իմ առջև», - պատմում է Արուս Հակոբյանը։
GIPA-ից հետո նա աշխատանքի է անցել «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան գրասենյակում։ Ամենօրյա ակտիվ լրագրողական գործունեությանը զուգահեռ ստեղծել է հեղինակային «Գյուղամեջ» հաղորդաշարը, որն արժանացել է մրցանակների ու սիրված է եղել Հայաստանում ու սփյուռքում։ «Գյուղամեջ»-ը նաև «Ազատության» բոլոր ծառայությունների մեջ 2018թ-ի լավագույն հաղորդումներից մեկն է ճանաչվել։ «Ամբողջ ընթացքում կապս Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտի հետ պահել եմ, մի շարք ծրագրեր ենք իրականացրել Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների՝ այդ թվում ՝ հայերի համար, ծրագրեր ենք իրականացրել նաև Ջավախքում, որոնց համակարգողն էի ես։ Դասավանդում էի ավագ դասարանների երեխաներին, սովորեցնում վիդեոպատմություններ պատրաստել, վավերագրական ֆիլմեր նկարել, ու ծրագրերի մեծ մասն իրականացվում էր ԱՄՆ ֆինանսավորմամբ», - ասում է Արուսը։

Եկավ մի շրջան, երբ Արուսը բարդ ընտրության առաջ կանգնեց.երկու առաջարկ ստացավ միջազգային հեղինակավոր կազմակերպություններից, որոնցից մեկը «Ռոյթըրս» միջազգային լրատվական գործակալությունից էր, մյուսը՝ «Ամերիկայի ձայն»-ից։ «Ռոյթըրսն»-ն առաջարկում էր թղթակցություն Հայաստանից, իսկ «Ամերիկայի ձայն»-ը առաջարկում էր տեղափոխվել ԱՄՆ։ «Հայաստանում ես մեծ ձուկ էի լճում, իսկ Ամերիկայում՝ փոքր ձուկ օվկիանոսում։ Շատ բարդ էր ընտրությունը։ Եթե ընտրեի Ամերիկան, պետք է թողնեի տարիների փորձն ու այնտեղ նոր միջավայրում սկսեի նորից: Եվ հաղթեց նոր միջավայրում ինձ փորձելու, նոր մարտահրավերներ հաղթահարելու ցանկությունը, և ես ընտրեցի օվկիանոսում գիշատիչների կողքին լողալը որպես փոքր ձուկ։ Աշխատանքային վիզայով տեղափոխվեցի ԱՄՆ ու միացա «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության փոքր թիմին։ Այստեղից աշխատում ենք հայկական լսարանի համար՝ ներկայացնելով թե՛ հայկական, թե՛ ամերիկյան մշակույթն ու ամենօրյա իրադարձությունները», - պատմում է նա։
Ամերիկայում աշխատանքի բնույթը տարբեր էր, դժվարություններ ևս կային, բայց լրագրողական հմտության ու «Ամերիկայի ձայն»-ի աշխատակիցների պատրաստակամության շնորհիվ դրանք արագ հաղթահարվեցին։ «Եթե Հայաստանում ամեն պահի կարող ես վերցնել հեռախոսը, զանգել քաղաքական գործչին ու հարցազրույց խնդրել, ապա այստեղ ամեն ինչ ավելի բարդ է, պաշտոնական նամակագրություն, թույլտվություն, նաև «Ամերիկայի ձայնն» ունի իր ներքին կանոնադրությունը, որին պետք է հետևել։ Ամենաբարդը նորից կապեր ստեղծելը, կոնտակտներ հավաքելն էր։ Բարդ էր նաև պաշտոնյաներին դեմքով ու անունով ճանաչելը։ Հայաստանում բոլոր ներկա ու նախկին պաշտոնյաներին ճանաչում էի։ ԱՄՆ-ում առաջին անգամ պետք է հարցազրույց վերցնեի կոնգրեսականներից։ Նրանց նկարները հեռախոսիս մեջ էի ներբեռնել, որ այդպես գտնեի, բայց պարզվեց, որ հիմնականում նրանք իրենց երիտասարդ տարիքի նկարներն էին գցել համացանց ու այդպես մի շատ կարևոր հարցազրույց բաց թողեցի, որովհետև ծեր կոնգրեսականը դուրս եկավ ու անցավ, իսկ ես երիտասարդ մարդու էի սպասում, քանի որ նկարում երիտասարդ էր։ Սրանք էլ հետաքրքիր փորձառություններ էին, որ հաղթահարեցի ու սկսեցի դրսևորվել արդեն որպես լրագրող», - նշում է նա։
2019թ-ի վերջին ԱՄՆ տեղափոխված Արուս Հակոբյանը հասցրել է ԱՄՆ մի քանի խոշոր ու կարևոր իրադարձություններ լուսաբանել, այդ թվում ՝ 2020-ի և 2024թ-ի նախագահական ընտրությունները, երբ Սպիտակ Տան դիմաց աշխարհի խոշոր լրատվամիջոցների ներկայացուցիչներն էին հավաքվել՝ ընտրությունների ընթացքին հետևելու և նորությունները հաղորդելու համար։ «Շատ հետաքրքիր էմոցիաներ են, երբ հասկանում ես, որ իրադարձությունների կենտրոնում ես ու լուրեր փոխանցողը դու ես։ Նաև լուսաբանել եմ բողոքի ակցիաներ, ու չնայած նրան, որ Հայաստանում շատ էի ցույցեր լուսաբանել, այստեղ ինձ միայն ուղիղ եթերի հեռարձակման սարքն էր ծանոթ», - պատմում է Արուս Հակոբյանը ու կատակով նշում, որ աշխատանքային ժամանակաշրջանը համընկել է հղիության հետ ու դեռ չծնված բալիկն արդեն աշխարհի առաջնորդներին ծանոթ է, լավ պատկերացնում է աշխարհի դրվածքը։

«Ամերիկայի ձայն»-ում Արուսը նաև իր հեղինակային շարքը սկսեց։ «Inտանիքը» պատմում է տարբեր ազգության ներկայացուցիչների հետ հայերի ամուսնության մասին։ «Մի կնոջ պատմություն» և «Inտանիք» շարքերը հնարավորություն տվեցին նաև Հայաստանի վիդեոլրագրողների հետ համագործակցության։ «Ես եմ համակարգում այդ աշխատանքները, ու ինձ համար դա ամենահաճելի պրոցեսներից է, որովհետև հնարավորություն ենք տալիս հայ լրագրողներին մեզ համար վիդեոպատմություններ ստեղծելու։ Հայաստանում մեծ լսարան ունենք, համագործակցում ենք լավագույն լրագրողների հետ, պատմում ենք նաև ամերիկյան ծրագրերի մասին», - նշում է Արուսը։
Ապրելով ԱՄՆ-ում ու շփվելով ամերիկյան մշակույթի հետ՝ նա մեծ ցանկություն ունի նաև ամերիկյան լսարանի համար աշխատելու, պատմելու պատմություններ ամերիկյան լսարանին, քանի որ, ապրելով այդ երկրում, քեզ սկսում է նաև այդ երկրի մշակույթը հետաքրքրել, իսկ ԱՄՆ-ն, որտեղ կողք-կողքի խաղաղ ապրում են նույնիսկ թշնամի ազգերի ներկայացուցիչները, հարուստ պատմություն ու մշակույթ ունի, որն էլ այդ երկիրը դարձնում է առավել գրավիչ։
«ԱՄՆ-ում դու որպես լրագրող կարող ես և՛ ամերիկյան մշակույթը կրել, և՛ ապրել քո ազգային մշակույթով, ու ոչ մեկը քեզ դրա համար չի ճնշի։ Այստեղ նաև մեծապես հարգված են աշխատակիցների իրավունքները, ու այս ամենը պայման է ստեղծում, որ սիրով ապրես ու աշխատես», - ասում է նա։
Նա որևէ վայրկյան չի փոշմանել կատարած ընտրության համար, իր առջև մարտահրավերներ է դրել ու հաղթահարել դրանք։ Սա ևս մեկ լավ փորձառություն է նրա լրագրողական կյանքի համար։ «Դրական շատ բան կա Ամերիկայում, որ նաև ուզում ես քո երկրին փոխանցել այդ փորձը։ Ուզում ես ցույց տալ, թե որքան լավ է աշխատում պետական համակարգը, ինչպես են հարգում աշխատողների իրավունքները, քեզ երբեք հավելյալ չեն աշխատացնի առանց վճարելու, իսկ Հայաստանում դեռ շատ տեղերում աշխատանքային իրավունքների խախտումները կան։ Նաև շատ ուրախ եմ, որ ԱՄՆ ֆինանսավորմամբ Հայաստանում շատ ծրագրեր են իրականացվում, որոնք նպաստում են լրատվամիջոցների անկախությանն ու զարգացմանը։ Լինելով պատերազմող երկիր և իր վրա մեծապես կրելով ռուսական քարոզչությունը՝ ավելի քան կարևոր է դառնում ամերիկյան հայացքը, որը հավասարակշռում է իրավիճակը։ ԱՄՆ-ն հնարավորություն է տալիս հայկական կուսակցականացված լրատվամիջոցների կողքին ունենալ այլընտրանքային լրատվություն, որը անկախ է ու որևէ կառույցից չի հովանավորվում», - ընդգծում է նա։
Արուսը 2021թ-ին վերադարձել է Հայաստան ու 1,5 տարի Հայաստանից աշխատել «Ամերիկայի ձայն»-ի համար: Այնուհետև ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող մեկ այլ ծրագրի շրջանակներում, որ կոչվում էր «Պատումներ հարավից», մեկնել է Գորիս ու երիտասարդներին սովորեցրել է վիդեոպատումներ պատրաստել։ Արուսը ընդգրկված է եղել GIPA-ի հայաստանյան ժյուրիի կազմում, ինչպես նաև ԱՄՆ ֆինանսավորմամբ իրականացվող ու հաջողված մեկ այլ ծրագրի՝ «Հետք մեդիա գործարանի» ժյուրիի անդամ է եղել։ Իր փորձը բազմիցս փոխանցել է երիտասարդներին, նրանց համար նաև հնարավորություն ստեղծել հայաստանյան լավագույն լրատվամիջոցներին թղթակցելու ու «Ամերիկայի ձայն»-ի համար հոնորարով նյութեր պատրաստելու։ GIPA-ից վերադառնալուց հետո իրեն գինեգործության մեջ փորձելու հնարավորություն է նաև ունեցել, սակայն կարճ ժամանակ անց հասկացել է, որ լրատվությանը կողքից հետևել չի կարող և կրկին վերադարձել է լրատվական դաշտ ու այս անգամ արդեն առանց կասկածի, որ լրագրությունն իրենն է։
Սաթենիկ Հայրապետյան