Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. Հայաստանում ներդրվում են քաղցկեղի բուժման նորարարական մեթոդներ

3 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. Հայաստանում ներդրվում են քաղցկեղի բուժման նորարարական մեթոդներ

Հայաստանում վերջին տարիներին ուռուցքաբանության ոլորտում նկատվում է զգալի առաջընթաց․ ներդրվում են նոր ախտորոշիչ մեթոդներ, ճառագայթային տեխնոլոգիաներ և դեղորայքային բուժման նոր տարբերակներ։  

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում այս մասին նշեց «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի ուռուցքաբան-քիմիաթերապևտ  Սամվել Բարդախչյանը՝ նշելով, որ, ցավոք, ամենամեծ մարտահրավերը մնում է ուշ դիմելիությունը: 

«Նշեմ, որ թոքի քաղցկեղի դեպքերի շուրջ 55 տոկոսը Հայաստանում ախտորոշվում է արդեն 4-րդ փուլում։ Կրծքագեղձի և հաստ աղիքի ուռուցքների դեպքում նույնպես հիվանդների զգալի մասը բժշկի է դիմում հիվանդության ուշ փուլերում։ Դա խոչընդոտում է լիարժեք առողջացմանը, և մենք հաճախ միայն կյանքի երկարացման խնդիր ենք լուծում»,-նշեց բժիշկը։ 

Մասնագետի խոսքով՝ միևնույն ժամանակ վերջին 5-10 տարում նկատվում է դրական միտում․ մարդիկ ավելի հաճախ են պատրաստակամ լինում և հետաքրքրվում են բուժման նորարարական մեթոդներով։ Եթե տարիներ առաջ շատերը թերահավատորեն էին մոտենում և նույնիսկ հրաժարվում բուժումից, այսօր պացիենտները հաճախ իրենք են հարցնում՝ արդյոք նոր մեթոդներ հասանելի՞ են, թե՞ ոչ։ 

Բարդախչյանը նշեց, որ հատկապես տարածված փուլերում հիմնականում կիրառվում է դեղորայքային բուժում՝ քիմիոթերապիա, նոր կիրառվող իմունոթերապիա և թիրախային դեղեր։ Վերջիններս ավելի արդյունավետ են և ունեն համեմատաբար քիչ կողմնակի ազդեցություններ։ Օրինակ, թոքի քաղցկեղի փորձարարական բուժման շրջանակում որոշ հիվանդների մոտ արդեն գրանցվել է հիվանդության երկարատև վերահսկում։ 

Հայաստանում զարգանում է նաև կլինիկական փորձարկումների ոլորտը․ միայն Յոլյան կենտրոնում այժմ իրականացվում է քաղցկեղի տարբեր տեսակների բուժման համար չորս հետազոտություն։ Դրանք հնարավորություն են տալիս հիվանդներին օգտվել նորարարական դեղորայքից, որոնք խոստումնալից արդյունքներ են ցույց տալիս։

«Մեր նպատակն է մեծացնել Հայաստանի ներգրավվածությունը միջազգային կլինիկական հետազոտություններում, որպեսզի պացիենտները հնարավորինս շուտ հասանելիություն ունենան բուժման նոր մեթոդների։ Յուրաքանչյուր օր կարևոր է քաղցկեղով հիվանդի համար, և մենք պետք է այդ հնարավորությունը ստեղծենք այստեղ՝ Հայաստանում»,- ընդգծեց բժիշկ Բարդախչյանը։ 

Թեմայի շուրջ մի շարք կարևոր  հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով Podcast-ը:    

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում