Մեզ ոչ միայն ժամանակ է պետք, այլ նաև հավատ սեփական գործի նկատմամբ. Էրիկ Փիլոյան

9 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նոր ճանապարհի մեկնարկին է, նոր մարզչով ու նոր անուններով, որոնք իրենց տեղն են ամրապնդում հավաքականին կազմում: Աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի դեմ խաղում առաջին տպավորությունը ստեղծեց Երևանի «Ուրարտու»-ի պաշտպան Էրիկ Փիլոյանը, որը դրվագներից մեկում հավաքականին փրկեց վերահաս գոլից` գնդակը հանելով դատարկ դարպասից: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էրիկ Փիլոյանը պատմել է ֆուտբոլային իր ճանապարհի, ազգային թիմում խաղալու կարևորության, հավաքականի ներուժի մասին:  

-Էրիկ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք հարցազրույցի համար: Եկեք սկսենք ամենասկզբից. ինչպե՞ս և ե՞րբ է սկսվել Ձեր ճանապարհը ֆուտբոլում:

-Ֆուտբոլով սկսել եմ հետաքրքրվել ավելի վաղ տարիքում, քան սկսել եմ զբաղվել ֆուտբոլով: Փոքր տարիքում մարզվում էի կարատե մարզաձևով, բայց ընկերներս հաճախում էին ֆուտբոլի և նրանց միջոցով սկսեցի հետաքրքրվել ֆուտբոլով: Հենց ընկերներիս շնորհիվ, նրանցից ոգեշնչվելով էր, որ ես ու եղբայրս սկսեցինք ֆուտբոլի հաճախել այն ժամանակվա «Բանանց»-ում: Հիմա, հետ նայելով, կարող եմ ասել, որ կյանքիս լավագույն որոշումներից մեկը հենց դա էր: Իսկ ընկերներս, որոնք ոգեշնչեցին ինձ, այժմ ավարտել են իրենց ֆուտբոլային կարիերան: 

-Մանկապատանեկան ֆուտբոլից մինչև պրոֆեսիոնալին հասնելու ճանապարհին բարդություններն անասելի շատ են, որոնք ի սկզբանե դժվար է պատկերացնել: Ունեցե՞լ եք արդյոք նման փուլեր ու ինչպե՞ս եք հաղթահարել դրանք: 

-Չեմ կարծում, որ ցանկացած մեկը, հասնելով այս տարիքին, ֆուտբոլային սահուն կարիերա է ունեցել: Գիտեք, մենք հաջողակ էինք այնքանով, որ այն ժամանակների «Բանանց»-ում եկան աշխատելու հոլանդացի մասնագետներ, ու այն ֆուտբոլիստները, որոնք աշխատեցին այդ մասնագետների հետ, հիմա էլ մնում են պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Բազմաթիվ տաղանդավոր տղաների հետ նրանք ճիշտ աշխատանք կատարեցին: Եվ հիմա կարևորում եմ նաև այն փաստը, որ տարիներ առաջ  մենք ապրում էինք Ավանի ֆուտբոլի ակադեմիայում և միայն հանգստյան օրերին էինք տուն վերադառնում: Շատ խիստ ռեժիմով էինք ապրում, որը մեր դաստիարակության վրա շատ ազդեց  թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ:

-Էրիկ, Ձեր ճանապարհը սկսել եք «Ուրարտու»-ում (նախկին «Բանանց»-ում) և հիմա էլ մնում եք Ձեր հարազատ ակումբի առաջին թիմի մասնիկը: Ի՞նչ դեր, նշանակություն, կարևորություն ունի Ձեզ համար «Ուրարտու»-ն:

-Միանշանակ ուրախ եմ, որ ֆուտբոլային իմ ճանապարհը սկսվել եմ այստեղից` «Ուրարտու»-ից: Ինձ համար «Ուրարտու»-ն առավել քան հարազատ վայր է, քանի որ այստեղ առկա պայմանները լավագույններից են Հայաստանում, ինչն  օգնում է ֆուտբոլիստներին  դառնալ ու մնալ առավել պրոֆեսիոնալ: Այստեղ ինձ տանն եմ զգում:  

-Ռոբերտ Արզումանյանը կրկին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն է: Ինչպե՞ս է աշխատանքը Արզումանյանի հետ և ի՞նչ ունեք սովորելու նրանից: 

-Սովորելու շատ բաներ ունեմ Ռոբերտ Արզումանյանից, և բոլորն ունեն:Մեզ համար Արզումանյանի ֆուտբոլային գաղափարները հասկանալի են, ու թիմում ունենք տղաներ, որոնք մարզչի խոսքերը կարող են իրականություն դարձնել խաղադաշտում: Հիմա մենք խաղում ենք աչքի համար հաճելի ֆուտբոլ ու ինքներս էլ մեր խաղից հաճույք ենք ստանում: Ամեն խաղից հետո ակնհայտ է դառնում, որ ֆուտբոլիստների խաղակցվածությունն ավելի է լավանում: Արզումանյանը հնարավորություն է տալիս երիտասարդ հայ ֆուտբոլիստների, ինչը դրական է թիմի, ակումբի, ֆուտբոլիստների համար: Կարողանում ենք համադրել երիտասարդների ուժն ու եռանդը ու ավագ ֆուտբոլիստների փորձը: 

-Ինչպիսի՞ն է մրցակցությունը Հայաստանի ներքին առաջնությունում: 

-Որքանով ես եմ տեսել Հայաստանի առաջնությունը, վերջին տարիներին այն իսկապես փոխվել է: Եվ հիմա յուրաքանչյուր թիմ կարող է հաղթել յուրաքանչյուրին: Հենց սա էլ օգնում է հայ ֆուտբոլիստներին աճ գրանցել: Առաջնությունը զարգացել է թե՛ ֆիզիկական առումով, թե՛ տեխնիկական տեսանկյունից: Եվ որքան շատ զարգանա, ուժեղանա, դրանից կշահեն միայն հայ ֆուտբոլիստները: 

-Էրիկ, ֆուտբոլիստներից յուրաքանչյուր ձգտում է իր ուժերը փորձել նաև եվրոպական մակարդակում: Դուք էլ, կարծում եմ, բացառություն չեք: Ինչպե՞ս եք տեսնում Ձեր ապագան: 

-Գաղտնիք չեմ ասի, եթե փաստեմ, որ բոլոր ֆուտբոլիստները, այո, ձգտում իրենց ուժերը փորձել արտասահմանում: Ես էլ բացառություն չեմ, ուզում եմ ուժերս փորձել Եվրոպայում, ավելի ուժեղ առաջնություններում ու վստահ եմ, որ կստացվի ինձ մոտ: 

-Գալով ազգային հավաքականին. երբ խոսում ենք Իռլանդիայի դեմ խաղից, բոլորի մտքին առաջինը գալիս է «այն կարմիր մազերով տղան», որը փրկեց հավաքականին հանդիպման սկզբում: Ինչպե՞ս եք Դուք հիշում այդ պահը հիմա: 

-Ֆուտբոլային կյանքիս ամենահաճելի պահերից մեկը հենց դա էր: Այդ խաղում առաջին հաղթանակը տոնեցի հավաքականի պաշտոնական խաղում, ինչն առավել կարևոր է ինձ համար: Այդ պահին պարզապես արագ իմպրովիզ եղավ իմ կողմից  ու կարողացա շուտ կողմնորոշվել: Կարծում եմ, որ այդ պահը թե՛ ինձ համար հոգեբանորեն որոշիչ եղավ,  թե՛ թիմի համար կարևոր դարձավ: 

-Եվ այդ խաղից ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով զիջել էր Պորտուգալիային: Ինչպե՞ս էիք հաղթահարել այդ բարդ իրավիճակն ու կենտրոնացել  Իռլանդիայի դեմ խաղի վրա:  

-Պորտուգալիայում խաղում են ֆուտբոլիստներ, որոնք ֆուտբոլային չափանիշ են: Ըստ իս՝ Պորտուգալիայի ներկայիս կազմը նրանց պատմության ամենաուժեղ թիմն է: Սակայն սա չի արդարացնում մեր պարտությունը: Բոլորս էլ խաղից առաջ հստակ գիտակցում էինք, որ գործ ունենք այս պահին աշխարհում ամենաուժեղ հավաքականներից մեկի հետ: Իռլանդիայի դեմ խաղում, սակայն, թե՛ մարզիչները, թե՛ ֆուտբոլիստները հաղթահարեցին դժվարին այդ իրավիճակը: Մեծ պրոֆեսիոնալիզմ էր այն, որ պորտուգալացիներից կրած պարտությունից հետո կարողացանք հաղթել Իռլանդիային: 

-Եվ գալով Եղիշե Մելիքյանին, որն ուժեղ մտածելակերպ ունեցող հայ մասնագետներից մեկն է, ինչպե՞ս եք աշխատում նրա հետ և ըստ Ձեզ, ինչպիսի՞ ֆուտբոլային փիլիսոփայության կրող է նա:

-Ինձ համար միշտ էլ հաճելի է եղել ուժեղ մտածելակերպ ունեցող մասնագետների հետ աշխատելը, քանի որ ինքս էլ սիրում եմ «ագրեսիվ ֆուտբոլ»:  Նրան որպես մասնագետ նկատել եմ դեռևս «Փյունիկ»-ը գլխավորելու տարիներից։ Մելիքյանն իսկապես լավ մասնագետ է: Բոլորս էլ այս երկու խաղերում տեսանք նրա կատարած աշխատանքը, ու սա դեռևս սկիզբն է: 

-Ինչպիսի՞ ապագա կունենա Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը, երբ միավորի բոլոր ֆուտբոլիստների ներուժը: 

-Մենք կարող են շատ լուրջ հավաքական դառնալ, սակայն դա մեկ կամ 10 ֆուտբոլիստից չպիտի գա, այլ բոլորը պետք է ներդնեն իրենց ներուժը: Կցանկանայի, որ մեր բոլոր ֆուտբոլիստներն այնքան աճ ունենան, որ հրավիրվեն ազգային թիմ: Մեզ ոչ միայն ժամանակ է պետք, այլ նաև հավատ սեփական գործի նկատմամբ: Ամեն օր պետք է ավելի ուժեղ լինենք, քան երեկ էինք: 

-Փոխելով հարցերի ուղղվածությունը. եթե ունենայիք մեկ հնարավորություն հայոց պատմության որևէ կերպարի հետ զրույց ունենալու, ո՞ւմ կընտրեիք:

-Մոնթեին ու Վազգեն Սարգսյանին:

-Ձեր կյանքը կախված է որոշիչ 11 մետրանոց հարվածից, որը դուք չեք իրացնելու: Ո՞ւմ կվստահեիք այն: 

- Բրունո Միշելին:

-Եվ ո՞վ է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:

-Լիոնել Անդրես Մեսսին:

-Անչափ շնորհակալ եմ անկեղծ այս զրույցի համար:

Հայերեն