Անահիտ աստվածուհու ծաղկազարդ մուրալն արդեն Երևանում է

5 րոպեի ընթերցում

Հայկական դիցաբանության ամենավառ, խորհրդավոր կերպարներից մեկը՝ պտղաբերության աստվածուհի Անահիտն այսուհետ ավելի մոտ կլինի հասարակությանը։ Աստվածուհու հայտնի պատկերը մուրալի տեսքով տեղ է գտել  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքի պատին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մուրալ նախագծի հեղինակը Դավիթ Խաչատրյանն է, նկարիչը՝ ամերիկաբնակ արվեստագետ Մինաս Հալաջյանը։  

Նրանք ցանկացել են ստեղծել մուրալ, որում ներդաշնակորեն համադրված կլինեն դասականն ու ժամանակակիցը։ 

«Շատ ուրախ ենք, որ ունենք նման մեծանկար՝ ստեղծված գեղանկարչության հիմքերը հաշվի առնելով. սա փողոցային նկարչության հերթական օրինակ չէ. կարող ենք տեսնել 18 մետր բարձրության և տասը մետր լայնության պատի վրա ստեղծված և դասական գեղարվեստի կանոններին համահունչ նկարչություն, որը, համոզված եմ, մնալու է մեր քաղաքի լավագույն մշակութային օբյեկտների շարքում և դառնալու է Երևանի հերթական հիանալի մուրալ նախագծերից մեկը»,-նշում է Խաչատրյանը։

Նա կարծում է՝ մշակութային հաստատությունները պետք է յուրահատուկ լինեն, աչքի ընկնեն ինքնատիպությամբ։ 

Խաչատրյանի նախաձեռնությամբ տարիներ առաջ Թումանյան 38 հասցեում տեղ գտավ «Ժպտացող աղջիկը» մուրալը, որի նկարիչը Կարեն Աշիմյանն է։ Ավելի ուշ իտալացի նկարիչ Անտոնինո Պեռռոտտան Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պատին նկարեց «Մուտք դեպի արվեստ» մուրալը, հետագայում Պուշկին 62 հասցեի բարձրահարկ շենքի պատին տեղ գտավ Երվանդ Քոչարի «Ընդվզում» կտավի համանուն մուրալը՝ նվիրված վարպետի 125-ամյակին։ Նկարիչն իտալացի Ֆաբիո Մարիա Ֆեդելեն է։ 

«Ցանկանում ենք՝ մեր մշակութային, կրթական օջախներն արտաքին ձևավորման տեսանկյունից ունենան բովանդակությանը հարիր պատկերներ։ Երբ Ամիրյան փողոցի կողմից դիտում ես շենքը, չես կարող հստակ ասել այն բուհ է, թե այլ հաստատություն է։ Տեսնելով այս պատը՝ համարեցի, որ այն հնարավորություն կտա շենքն ու բովանդակությունն ավելի հետաքրքիր ներկայացնել գունային գամմայի ընտրության առումով»,-նշում է նախագծի հեղինակը։

Դավիթ Խաչատրյանն ընդգծում է՝ իրենց գործն արդար է, բխում է Երևանի մշակութային կյանքի շահերից։ 

«Թվում է՝ մարդիկ գեղեցիկ գույներ են պատերին նկարում և վերջ, կարծում են՝ նկարչությունը հեշտ ծնվող, հեշտ իրականացվող երևույթ է, որի բերկրանքը վերջում ես զգում։ Իրականում, մարդիկ աշխատում են 15-օրյա ռեժիմով։ Անտեսելով եղանակային պայմանները՝ աշխատում են պատի վրա և անմարդկային ջանքեր են գործադրում, որ հաղթեն պատին, և այն դառնա արվեստի գործ։ Իմ հարգանքն ու  շնորհակալությունն եմ ուզում հայտնել աշխարհի բոլոր նկարիչներին, որոնք մուրալ ժանրում են ստեղծագործում»,-ասում է Խաչատրյանը։

Մինաս Հալաջյանն իր արվեստով մշտապես շեշտադրում է մարդու և բնության կապը։ Նրա համար առանձնահատուկ նշանակություն ունեն մարդը, ծաղիկները, թիթեռնիկները, որոնց նվիրված շարքեր ունի։ Անահիտ աստվածուհին Floral Mind շարքի ստեղծագործություններից է։

«Անահիտը «ծնվել» է 2018 թվականին։ Այստեղ բնության կոնֆլիկտն է, թե մարդն ինչպես է վերացնում բնությունը, և մի մասն է կազմում բնության, թե ինչպես է մարդը կառուցում բնությունն ու ինչպես է այն վերացնում։ Կարծում եմ՝ մեր մեջ ապրում  են ծաղիկներ,  որոնք ծաղկում են, փթթում, մեռնում։ Ամեն բան այս կյանքում կապված է ծաղիկների հետ։ Բոլորս ծաղիկներ ենք»,-նշում է նկարիչը։

Հալաջյանն առաջին անգամ է նման մեծանկար ստեղծում։ Խոստովանում է՝ զգացողությունները ֆանտաստիկ են։

«Շատ բան սովորեցի, զգացի, հասկացա, որ կարելի է անել։ Արվեստը հիվանդության  պես բան է. ինչքան նկարում ես, այնքան ավելի ես տարվում, հիվանդանում նրանով։ Իմ մի կտորը մնաց Երևանին, մարդիկ կգնահատեն, կսիրեն, թե կքարկոծեն, իրենց կամքն է, բայց իմ զգացողությունները, սերը անկեղծ են եղել»,-շեշտում է Հալաջյանն ու  շնորհակալություն հայտնում նախագծի հովանավոր Կարեն Հարությունյանին Երևանին նման գեղեցկություն նվիրելու համար։

Հայերեն العربية Русский