Հայաստան

COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ․ ԲԸՏՄ

3 րոպեի ընթերցում

COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ․ ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վայրի բնության հանցագործությունների դեմ պայքարի միջազգային կոնսորցիումի (ICCWC) հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության համակարգման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։ 

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության, Շրջակա միջավայրի նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, Հովհաննես Մարտիրոսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է աշխատանքային խմբի գործունեության հիմնական նպատակներն ու առաջնահերթությունները՝ նշելով, որ խմբի առանցքային նպատակն է ապահովել արդյունավետ համակարգում, ամրապնդել պետական մարմինների միջև համագործակցությունը և առավել նպատակային օգտագործել միջազգային գործընկերների կողմից առաջարկվող գործիքներն ու հնարավորությունները՝ վայրի բնության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել է ICCWC-ի կողմից առաջարկվող աջակցության հնարավորությունների շրջանակը՝ ծառայությունների ցանկը, որը նախատեսում է նպատակային աջակցություն վայրի բնության և անտառային հանցագործությունների կանխարգելման և բացահայտման, իրավապահ և վերահսկողական կարողությունների զարգացման, ինչպես նաև շղթայականության ամրապնդման ուղղություններով։

Աշխատանքային խմբի անդամները քննարկել են Հայաստանի Հանրապետության կարիքներին և առաջնահերթություններին առավել համապատասխան համագործակցության և աջակցության հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, տեղեկատվության փոխանակման և միջգերատեսչական համագործակցության մեխանիզմների կատարելագործմանը։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ խմբի ձևավորումը կարևոր քայլ է նաև Հայաստանի կողմից ընդունվելիք միջազգային պարտավորությունների և նախաձեռնությունների, այդ թվում՝ 2026 թվականին Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի շրջանակներում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում