Ձորագյուղի Սանգար ամրոցը և շրջակայնքի հին բնակատեղիները
15 րոպեի ընթերցում

Ձորագյուղը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի հարավային ափին, Գեղամա լեռների հյուսիսարևելյան ստորոտում, ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա։
Ձորագյուղում Հուշարձանների պահպանության պետական ցանկում հաշվառված է Քրիստոսից առաջ 2-1 հազարամյակով թվագրվող 1 ամրոց, 2 դամբարանադաշտ, 1 քարայր-կացարան, 3 գյուղատեղի, 6 եկեղեցի, 3 մատուռ, 237 գեղաքանդակ խաչքար- տապանաքար։
Այդ հուշարձանների ցանկում ամենահնագույն հայտնի պատմամշակութային հուշարձանը համարվում է Ք․Ա․ 2-1 հազարամյակով թվագրվող Սանգար կիկլոպյան ամրոցը, որը գտնվում է Ձորագյուղից 1,7 կիլոմետր դեպի արևմուտք, ծովի մակերևույթից շուրջ 2200 մետր բարձրության վրա։ Այն համարվում է Սևանի ավազանի ամրաշիանական ամենակարևոր ու հզոր կառույցներից մեկը, որը գործել է հազարամյակներ շարունակ՝ պաշտպանելով բնակավայրը հարավից, արևելքից ու արևմուտքից սպառնացող թշնամիների հաճախակի կրկնվող ասպատակություններից։
Այս ամրոցի մասին շատ հարուստ ու հետաքրքիր տվյալներ է հաղորդում հայտնի հնագետ Գեդեոն Միքայելյանը «Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները» կոթողային աշխատության էջերում։
«Սանգար ամրոցը գտնվում է Ձորագյուղից մոտ երկու կիլոմետր արևմուտք, որը ամենախոշորն ու հզորն է ողջ Սևանի ավազանում։ Այն կառուցված է խորը կիրճի հյուսիսային համարյա ուղղաձիգ ու ժայռապատ լանջերով սարահարթի վրա, որը մի ընդարձակ հրվանդանի ձևով մտնում է երեք կողմից գահավեժ ձորերի մեջ։ Սարահարթը փոքրիշատե մատչելի է իր հյուսիսային և հյուսիսարևմտյան կողմերից։ Սարահարթը, որի վրա գտնվում են ամրոցի ավերակները, շրջապատի ձորերի հատակից բարձր է 300-500 մետրով։ Այդ բարձունքից երևում են գեղատեսիլ Սևանը ու նրան պարփակող լեռները։
Ամրոցը պարսպապատված է հրվանդանի եզրով անցնող գծով։ Նրա շրջանագիծը հավասար է 650 մետրի։ Երկարությունը մոտ 250 մետր է, միջին լայնությունը՝ մոտ 160 մետր՝ շուրջ 4 հազար քմ մակերեսով։
Ամրոցն ունի միջնապարիսպ, որը նրան բաժանել է երկու ոչ հավասար մասի, որից փոքրը՝ ձորաբերանի մասը, հանդիսացել է միջնաբերդը։ Այն գրավում է մոտ 17 հազար քմ տարածություն։ Ամրոցի ներսում կան բազմաթիվ բնակարանների ավերակների հետքեր, առավելապես՝ միջնաբերդում։ Կացարանների հետքեր երևում են նաև նրա պարիսպներից դուրս, հարավարևմտյան կողմում։ Միաշար պարսպի կրկնակի հետքեր կան ամոցի հյուսիսային կողմում, որոնք, մերթ հեռանալով գլխավոր պարսպից և մերթ մոտենալով, նրա արևմտյան կողմից գալիս, միանում են հարավարևմտյան աշտարակի հիմքին։ Ամրոցից դեպի հյուսիս կան բոլորաձև դամբարաններ։
Ամրոցի արտաքին պարիսպների վրա երևում են տարբեր մեծության աշտարակներ, միջնապարսպի վրա կան ավելի փոքրերը, որոնք դարձված են դեպի ամրոցի գլխավոր մուտքը։ Աշտարակները միմյանցից համարյա հավասար հեռավորության վրա են դասավորված։ Առաջին աշտարակը /6x12 մետր/ գտնվում է ամրոցի հարավարևմտյան անկյունում, այնուհետ, մեկը մյուսից 25-30 մետր հեռավորությամբ դասավորված են երեք աշտարակ։ Երկրորդ խոշոր աշտարակը կանգնած է միջնապարսպի և արտաքին պարսպի միացման հանգույցում, որը և արտաքին պարսպի կենտրոնն է։ Հաջորդ աշտարակը, միջին մեծությամբ, գտնվում է նշված աշտարակի և մուտքի միջև։ Մուտքի երկու կողմերում միջին մեծության աշտարակների ավերակներն են։ Մուտքից դեպի հյուսիս-արևելք , մինչև հյուսիսային անկյան խոշոր աշտարակը, կա միջին մեծության երկու աշտարակ, որոնք միմյանցից 25-30 մետր հեռավարություն ունեն․․․ Այսպիսով, տեսնում ենք, որ Սանգար ամրոցն ունեցել է 16 աշտարակ, որոնք հիմնականում դարձված են դեպի արևմուտք ու հյուսիս-արևմուտք, այսինքն այն ուղղությամբ, որտեղից ամրոցին մոտենալն ավելի դյուրին է եղել։ Աշտարակները, հզոր պարիսպները համարյա անհնարին են դարձրել ամրոցի գրոհումը։
Սանգար ամրոցի պարիսպների կառուցվածքը խիստ տարբերվում է մեզ ծանոթ կիկլոպյան ամրոցների պարիսպների հիմնական տիպի կառուցվածքից։ Այստեղ արտաքին պարիսպն ամենուրեք ունի 5-6 մետր լայնություն, շարված խոշոր բազալտ քարի ժայռաբեկորներից, առանց միացնող շաղախի։ Պարիսպը շարվել է ոչ թե երկշար, այլ եռաշար խոշոր քարերից, և ապա այդ շարքերի միջև եղած ազատ տարածությունները լցվել են փոքր քարով ու խճով։
Այս կարգի կառուցվածքը պարիսպն ավելի ամուր է դարձնում։ Պարսպի և աշտարակների բարձրությունը Սանգար ամրոցում հավանորեն շատ բարձր է եղել։ Դա երևում է պարիսպներից ու աշտարակներից թափված ահռելի քանակությամբ քարերից։ Չնայած այդպիսի ավերածությանը, պարսպի որոշ հատվածներում բարձրությունը պահպանվել է 5-6 մետրով։ Եվ եթե ղեկավարվենք պայմանական այն նորմայով, որ պարսպի լայնությունը հարաբերվում է նրա բարձրությանը 1։3 հաշվով, ապա կստացվի, որ այս ամրոցի պարսպի բարձրությունը կազմել է շուրջ 15 մետր։
Միջնապարիսպը, համեմատած արտաքին պարսպի հետ, ավելի նեղ է՝ 3 մետր լայնությամբ, և շարված է սովորական ձևով։ Ամրոցի մուտքը գտնվում է նրա հյուսիսարևմտյան պարսպամասում, լայնությունը 5 մետր է։
Ամրոցի հարավային մասը վերջանում է ժայռապատ ու գահավեժ լանջերով՝ խորը ձորի մեջ։ Այդ անդուդի եզրից քիչ հեռու, ցածում, կան բազմաթիվ մեծ ու փոքր բնական քարանձավներ, որոնք հավանաբար ծառայել են որպես կացարաններ։ Դա երևում է այն բանից, որ քարանձավների առջև կան հարթված փոքրիկ հրապարակներ, որոնց արտաքին եզրով կիսասշրջանաձև շարված է քարանձավի մուտքը։ Քարանձավներում հայտնաբերվեցին բազմաթիվ կավամանների բեկորներ, օբսիդիանի կտորներ և ընտանի կենդանիների ոսկորներ։ Իսկ տեղացի հովիվները պատմում էին, որ տարիներ առաջ քարանձավներում գտնվել են նաև դամբարաններ՝ մարդկային կմախքներով։ Քարանձավներից երկուսը, որոնք ամենամեծն են /40-60 քմ/, ունեցել են ստորերկրյա ելք դեպի ամրոցը, որոնցից մեկը պահպանվում է առ այսօր»,-գրում է Գեդեոն Միքայելյանը։
Սանգար ամրոցում 1990-ական թվականների վերջերին հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել նաև հայ-իտալական միացյալ արշավախմբի կողմից։ Սանգար ամրոցը տարածվում է պատմական մի քանի հնագույն հուշարձաններին շատ մոտիկ, որոնցում ևս ամփոփված է պատմամշակութային հարուստ շերտ։ Դրանցից մեկը Վարդաձոր գյուղի վարչական տարածքում, Վարդաձորի արևելյան կողմում գտնվող Տուլիխու կամ Քռայի ամրոցն է, որը թվագրվում է Քրիստոսից առաջ 2-1 հազարամյակով, գրեթե նույն տարիքով, ինչը Սանգար ամրոցի պարագայում է։ Ավելին, սա այն հանրահռչակված հնավայրն է, որտեղից 1862 թվականին Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը հայտնաբերել է Ուրարտուի արքա Սարդուր Երկրորդի սեպագիր արձանագրությունը՝ բաղկացած յոթ տողից։ «Այս Ադամխան գյուղի հանդի ներքևն ծովափանց մոտ ձորաբերանին մի քարի վերա գտինք 7 տող բևեռաձև արձանագիր, որո օրինակն 1863 թվին հրատարակվեց Մոսկվայի համբավաբեր Ռուսիո հայերեն շաբաթաթերթի մեջ․․․Այս բևեռաքարը Արծրունի Բարսեղ աղան բերել տվեց Նոր Պայազիտ 1865 թվականին, և 1866 թվին փոխադրել են Տփղիսու հնագիտական թանգարան հրամանավ փոխարքա մեծ իշխան Միխայել Նիկոլայեւիչի»,-գրում է Մեսրոպ Սմբատյանցը։
Սմբատյանցն իր գրքում տեղադրել է նաև սույն արձանագրության բովանդակությունը, որը կարդացվում է այսպես․ «Սարդուրի, Իբիտի որդին ասե․ շնորհիվ Խալդիացվոց ողորմած Աստուծույն՝ ես ավար առի Տուլիունի արքայական քաղաքը և գերեցի Սինալիբինին, Սիեր թագավորի որդվույն։ Դուրս բերեցի Ուդուրիեդինի երկրից Սինալիբին թագավորի մարդկանց եւ կանանց»։
Թուլիխու կամ Քռայի քաղաք ամրոցը Սանգարից գտնվում ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, իսկ դրանց շրջակայքերում քիչ թիվ չեն կազմում հնագույն բնակատեղիներն ու սրբատեղիները։
Եվ եթե Վանի թագավոր Սարդուր Երկրորդն իր արձանագրության մեջ հիշատակում է թագավորության, անգամ թագավորի անունն ու հայրանունը, ապա շատ պարզ է, որ Տուլիխուի թագավորությունը չէր կարող սահմանափակվել միայն մի քանի հեկտար տարածքով կամ մի քանի բնակավայրերով։ Հայ-իտալական հնագիտական միացյալ արշավախմբի ղեկավար Ռաֆայելե Բիշիոնեն կարծիք է հայտնել այն մասին, որ մինչ ուրարտական արշավանքները Սևանա լճի ավազանը կազմել է պետական մի հզոր միավորում, որտեղ ընդգրկված են եղել պետական փոքր կազմավորումներ, ու Տուլիխուն եղել է ուրարտական արձանագրություններում հիշատակված Ջրային Էթիունի երկրի վարչական կենտրոնը։
Ու բնական է, որ նրան բոլոր կողմերից պետք է շրջապատեին հզորագույն բերդ-ամրոցները՝ պատնեշելով թշնամական բանակների մուտքը բոլոր կողմերից։ Սանգարը Տուլիխու թագավորանիստ քաղաքը պատնեշել է հարավից։ Արևմուտքից նրան պատնեշել են Վարդաձորի Դարերի ու Երանոսի Նեղ Բողազի ամրոցները, հյուսիսից՝ Սևանա լճի ափին մոտիկ տարածվող Ներքին Դեմեր ամրոցը։
Սանգարից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվում է Վարդաձորի Շմակավանքը, որի մոտակայքում տարածվում են հնագույն բնակավայրի , անգամ ջրաղացների ավերակները։ Շմակավանքին մոտիկ մինչ օրս պահպանվում է վաղ միջնադարյան քառակոթող, ինչը հուշում է այն մասին, որ հոգեւոր այս կառույցը գործել է 5-7-ր դարերում, գուցե նաև նախաքրիստոնեկան դարաշրջաններում։
Սանգարից ու Շմակավանքից մի քանի կիլոմետր հեռավորությամբ Սպիտակասարի արևելյան ստորոտներում հայտնաբերվել են ժայռապատկերներ, որոնք արտացոլում են որսի կենդանիներ կամ որսի տեսարաններ, որոնք արդեն տարածքի պատմությունը տեղափոխում են նախապատմական ժամանակներ։
Սանգարից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ տարածվում են Ալթունի թախտ կոչվող բնակավայրի ավերակները, որոնք եւս ընդգրկված են Հուշարձանների պահպանության պետական ցանկում՝ թվագրվելով 9-17-րդ դարերով։ Դժվար չէ կռահել, որ այս գյուղը հայկական մյուս բնակավայրերի հետ տեղահանվել է 1604-1605 թվականների թուրք-պարսկական պատերազմների հետեւանքով ու պարսից Շահ Աբասի կողմից կազմակերպված բռնագաղթի արդյունքում։
Սանգար ամրոցից 200 մետր դեպի հյուսիս հաշվառված է Ք.Ա. 2-1 հազարամյակներով թվագրող դամբարանադաշտ, ամրոցի հարավային կողմում՝ նույն դարաշրջաններում թվագրվող քարայր-կացարաններ ու Սելգնա կոչվող բնակատեղին։
Սանգարի արևմտյան կողմում՝ Շմակավանքի դիմաց, պահպանվել է 9-12-րդ դարերով թվագրվող պատմական գերեզմանոց, ուր առկա են տասնյակի չափ հիասքանչ խաչքարեր, որոնք կերտվել են նույն ժամանակներում։
Ալթունի թախտ գյուղատեղիում պահպանվել են 11-13-ր դարերով թվագրվող եկեղեցի, 10-13-րդ դարերի գերեզմանոց ու վեց գեղաքանդակ խաչքարեր։
Տասնյակի չափ գեղաքանդակ խաչքարեր են պահպանվել նաև Սանգարի հարավարևելյան ու հյուսիսարևելյան կողմերում։
Սանգարի արևելյան կողմից ընդամենը մեկուկես կիլոմետր հեռավորությամբ գտնվում է հռչակավոր Շողագավանքը, որի հիմնադրման բուն թվականը համարվում է 9-րդ դարը, իսկ նրա շրջակայքի պատմական մեծ գերեզմանոցի բազմաքանակ ու բազմաբովանդակ խաչքար-տապանաքարերն արտացոլում են վաղ միջնադարից մինչ ուշ միջնադար ընկած պատմական ժամանակահատվածը։
Սպիտակասարի արևելյան ստորոտում, Սանգարից մի քանի կիլոմետր դեպի հարավ ծփում են մեկ մեծ ու մեկ փոքր լճեր, որոնց ջրերով կարող էին սնվել այս ամրոցն ու նրան մոտիկ մյուս ամրոցներն ու բնակավայրերը։ Բացի այդ, ամրոցից դեպի հարավ ընկած բարձրություններում առկա են բազմաթիվ աղբյուրների ակունքներ, որոնք կարող էին մշտական ջրով ապահովել մարդկանց։
Սանգարի հարավային կողմի ժայռազանգվածների ցածում, ահռելի մեծության քարերի արանքից սառը և հորդ աղբյուր է խոխոջում՝ միանալով Շողվագ գետի ջրերին։ Ձորագյուղում այն հայտնի է Լուսաղբյուր անունով։ Բնական է, որ բնակիչներին սնուցող հիմնական աղբյուրը հենց սա եղել, ուր մարդիկ խաղաղ ժամանակներում ջուր տանելու են եկել բաց արահետներով, իսկ պատերազմական դրության ժամանակ՝ արդեն գաղտնուղիներով։
Իսկ այդ գաղտնուղիները, որոնք գտնվում են քարանձավներում, ապշեցնում են իրենց բազմաքանակությամբ։ Դրանց թիվը կարող է հասնել շուրջ 2 տասնյակի։
Պեղումներ իրականացնող արշավախումբը մուտք գործեց մի քանի քարանձավներ, որոնցից երկուսն առավել մեծ մակերեսներ էին զբաղեցնում՝ կից մուտքերով ու սենյակներով, նույնիսկ դեպի ամրոց տանող ելքերով։ Արշավախմբի անդամները մի ընդարձակ քարանձավից հավաքեցին խեցեղեն իրերի բազմաթիվ կտորներ, որոնցից մի քանիսը լուսանկարային տարբերակով ուղարկվեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանին՝ դրանց պատրաստման ստույգ ժամանակը որոշելու նպատակով։ Ստացված մասնագիտական եզրակացության համաձայն՝ խեցեգործական այս իրերը պատրաստվել են Քրսիտոսից առաջ 3-րդ-ից մինչև Քրիստոսից հետո 3-րդ դարերում։ Ասել է թե՝ Վանի թագավորության կողմից կատարված նվաճումներից հետո էլ Սանգար ամրոցում ու նրա շրջակայքի բնակավայրերում կյանքի եռուզեռը մշտապես շարունակվել է, ինչին առավելապես նպաստել են առատ ու անսահման արոտավայրերը, ջրային պաշարները, որսի կենդանիները, անասնապահության, երկրագործության, արհեստագործության, ձկնորսության, առհասարակ զբաղվածության համար առկա բոլոր պայմաններն ու հնարավորությունները։