Փոքր թուղթ, մեծ վկայություն. «Հայփոստ»-ը շրջանառության մեջ դրեց Հենրիկ Մալյանի 100-ամյակին նվիրված նամականիշը
6 րոպեի ընթերցում
Կինոյի և թատրոնի մեծանուն ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի 100-ամյա հոբելյանի առթիվ «Հայփոստ»-ը մարեց և շրջանառության մեջ դրեց «Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված նամականիշը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարման արարողությունն իրականացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի գլխավոր տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հենրիկ Մալյանի դուստր Նարինե Մալյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։
«Մալյանն իր ժամանակը նկարագրող, իր ժամանակի մասին պատմող, իր ժամանակը վերլուծող ռեժիսոր, սցենարիստ էր, ուսուցիչ։ Կարծում եմ՝ այսօր մեզ անհրաժեշտ են Մալյանի պես ստեղծագործողներ, որպեսզի նկարագրեն այսօրվա կյանքը, կերտեն իրական Հայաստանի գեղագիտությունը, ազատ, անկախ Հայաստանի գեղագիտությանը նոր շունչ, ոգի տան։ Այն պատմությունները, որոնք նա պատմում էր, երկրի, բնակավայրի, մեր երկրի շրջանների, մարդկանց միջանձնային հարաբերությունների մասին էին։ Այսօր այդ ամենը մեզ պակասում է։ Հույս ունեմ, որ մի շարք նախաձեռնությունների շնորհիվ կունենանք այսօրվա կամ վաղվա Հենրիկ Մայլաններ, Հարություն Խաչատրյաններ, գուցե՝ Փարաջանովներ»,-նշեց Դանիել Դանիելյանն ու հավելեց՝ Մալյանի հոբելյանին նվիրված միջոցառումները հնարավորություն կտան նորովի բացահայտել, ճանաչել մեծ ռեժիսորին։
Շուշան Ալեքսանյանի խոսքով՝ մեծ հպարտությամբ են շրջանառության մեջ դնում մեծ հային նվիրված նամականիշը։ «Այս թողարկմամբ մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ նամականիշները մեր երկրի մշակութային այցեքարտերն են, և Հայաստանն աշխարհին ներկայանում է իր բացառիկ գործիչներով նաև նամականիշների միջոցով»,-ասաց նա։
Ալեքսանյանը շեշտեց՝ նամականիշով ոչ միայն ևս մեկ անգամ պատվում են վարպետին, այլև առիթ են ստեղծում վերհիշելու նրա ստեղծագործությունների խորությունն ու այն արժեքները, որոնք Մալյանը փոխանցել է սերունդներին։
Ըստ Դավիթ Բանուչյանի՝ Մալյանի ստեղծագործական ժառանգությունը ձևավորել է հայկական կինոյի ոսկե դարաշրջանը։ «Նրա ֆիլմերը ոչ միայն պատմում են մեր ժողովրդի մասին, այլև բացահայտում են համամարդկային ճշմարտություններ՝ սեր, կարեկցանք, արժանապատվություն։ Մալյանի կադրերում ապրում է մեր ազգային ինքնությունը, իսկ նրա հերոսներում՝ մենք։ Նրա արվեստը մեզ հիշեցնում է, որ արվեստը կարող է լինել դպրոց, դասագիրք և ամենակարևորը՝ հայացք ձևավորելու լավագույն միջոց»,-հավաստիացրեց նա։
Բանուչյանը կարծում է՝ նամականիշը փոքր թուղթ է, բայց՝ մեծ վկայություն։ «Այն աշխարհին պատմելու է այն մասին, որ մեր երկրում կար մարդ, որի ֆիլմերը մեզ սովորեցրին ապրել ճշմարտությամբ և անկեղծությամբ։ Թող այս նամականիշը դառնա խորհրդանիշ այն ճանապարհի, որն անցավ Մալյանն իր ստեղծագործություններով՝ մեզ թողնելով հավերժ արժեքներ։ Նա բոլորիս կինոն է, մեր անցյալը, մեր ներկան ու ապագա ֆիլմերի ոգեշնչումը»,-ընդգծեց նա։
Նարինե Մալյանն օրը հուզիչ համարեց ու շնորհակալություն հայտնեց բոլոր մարդկանց ու կազմակերպություններին, որոնք ներդրում ունեն հայ մեծերի հանրահռչակման գործում։ «Ըստ իս՝ այս նամականիշն իր ուրույն տեղը կունենա ֆիլատելիստների հավաքածուում և տարածում կգտնի ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս։ Ինձ համար շատ հաճելի և հուզիչ է, որ նամականիշի դիզայները Ֆրունզե Դովլաթյանի որդին է՝ Դավիթ Դովլաթյանը»,-ասաց Մալյանի դուստրը։
Հենրիկ Մալյանի «Հայրիկ» ֆիլմը Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանի ամենասիրած հայկական կինոնկարն է, ուստի նրա համար Մալյանին նվիրված նամականիշը առանձնահատուկ նշանակություն ունի։
«Ֆիլատելիստների մեջ քիչ չեն հավաքորդները, որոնց ուշադրության կենտրոնում են կինոյի և թատրոնի դերասանների նամականիշները։ Նրանցից է ֆիլատելիստ Ժան Գյուլբենկյանը։ Վստահ եմ, որ այս նամականիշը նաև նրա հավաքածուների ցուցադրություններում կարևոր տեղ կունենա»,-նշեց Մուսայելյանը։
Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է լուսանկար նկարահանման հրապարակից: Գեղաթերթիկի վրա առկա է նաև «ՀԱՅ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև՝ ոճավորված «100» գրվածքը, որը խորհրդանշում է Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը:
Թողարկման օրը` 29 սեպտեմբերի 2025թ.
Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի
Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա
Նամականիշի չափսերը` 30,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 75,0 x 53,0 մմ
Տպաքանակը՝ 15 000 հ.