Ռուսաստան

Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային, Կիևում զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ 12-ամյա աղջիկ. Զելենսկի

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային, Կիևում զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ 12-ամյա աղջիկ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը զանգվածային հարձակում է գործել խաղաղ բնակավայրերի դեմ, որը տևել է ավելի քան 12 ժամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառման մեջ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ օգտագործվել են 500 հարձակողական անօդաչու թռչող սարքեր և ավելի քան 40 հրթիռ։

Նրա խոսքով՝ հարձակման թիրախում են եղել Կիևը և շրջակա շրջանները, ինչպես նաև Զապորոժիեի, Խմելնիցկու, Սումիի, Նիկոլաևի, Չեռնիգովի և Օդեսայի մարզերը։ «Հրետակոծության հետևանքով վնասվել է մայրաքաղաքում գտնվող Սրտաբանության ինստիտուտի շենքը։ Կիևում զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ 12-ամյա աղջիկ։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում վիրավորվել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ երեխաներ»,- գրել է Զելենսկին՝ հավելելով, որ հարձակման են ենթարկվել հացահատիկի գործարան, անվադողերի գործարան, մասնավոր և բնակարանային շենքեր, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ։ 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ  երեկ երեկոյան զանգվածային հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին, ինչպես նաև ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին։ Նշվում է, որ օգտագործել են հեռահար, օդային ու ծովային տեղակայման ճշգրիտ զենքեր և հարձակողական անօդաչու թռչող սարքեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում