Մշակույթ

Երևանում ամիսներ շարունակ կցուցադրվեն Լուվրի թանգարանի բացառիկ ցուցանմուշները

4 րոպեի ընթերցում

Երևանում ամիսներ շարունակ կցուցադրվեն Լուվրի թանգարանի բացառիկ ցուցանմուշները

ՀՀ անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցադրությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Լուվրի թանգարանի հետ համագործակցությամբ Հայաստանի պատմության թանգարանում առաջին անգամ 6 ամիս շարունակ կցուցադրվեն փարիզյան թանգարանի ցուցանմուշներից ընտրված 16 գլուխգործոցներ:

Ցուցահանդեսի բացման առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ ներկայացված ցուցանմուշները հոգևոր ու արվեստի գլուխգործոցներ են, որոնց աշխարհագրությունն ընդգրկում է Եգիպտոսից մինչև Բյուզանդական կայսրություն ու Հայաստան, իսկ ժամանակագրությունը՝ 4-19-րդ դարերը՝ բացահայտելով մշակութային տարբեր շերտեր:

«Մեզ համար կարևոր է այս համագործակցությունը Լուվրի թանգարանի հետ՝ նոր ձևաչափով, նոր համագործակցության փուլ սկսելու առումով նաև: Ամեն ինչի սկիզբը դրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և նախարար Ժաննա Անդրեասյանի ակտիվ աջակցությամբ ու անմիջական մասնակցությամբ»,-նշեց Պողոսյանը՝ իր գոհունակությունը հայտնելով կարճ ժամանակահատվածում ցուցահանդեսի մտահղացումը կյանքի կոչելու համար:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ ՀՀ անկախության օրը նշանավորվում է  միջազգային համագործակցության շրջանակներում կազմակերպված թանգարանային նոր ցուցադրությամբ:

«Նման համագործակցության հնարավորությունները  պետականության ցուցիչ է:Սա  ցույց է տալիս, որ մշակույթը մեր պետության ու պետականության ամենակարևոր բաղադրիչներից է և մենք մեր պետականության ամրապնդումը դիտում ենք մշակութային ինքնության, ժառանգության ու հարաբերությունների ամրապնդմամբ նաև»,-ասաց Անդրեասյանը՝ համոզմունք հայտնելով, որ ցուցահանդեսը նշանավորում է նաև Հայաստանի և Ֆրանսիայի մշակութային համագործակցության խորացման ևս մեկ կարևոր էջ:

Նախարարի դիտարկմամբ՝ Լուվրի թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանների բացառիկնշանակությամբ ցուցանմուշների համադրությունը ցույց է տալիս մշակույթների միջև իրական երկխոսությունը՝ շատ ավելի տեսանելի դարձնելով այն:

Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն Լորանս դե Կարը նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանի համար կարևորագույն օրը իրենց թանգարանի հետ մշակութային ժառանգությունն արժևորելու և նման երկխոսություն ստեղծելու համար, ինչը նրա խոսքով, երկու երկրների հրաշալի համագործակցության մեծ ցուցիչ է:

Նրա տեղեկատվությամբ՝ շուտով Լուվրում կբացվի նոր՝ Բյուզանդական արվեստի և արևելյան քրիստոնեության բաժինը, որի շրջանակներում առաջարկվել է ցուցանմուշներ բերել Հայաստան՝ շարունակելով համագործակցությունը:

«Այդ բաժնի շրջանակում նախատեսվում է նաև Հայաստանի պատմության թանգարանի, այսպես կոչված, դեսպան-նմուշներ ունենալ Լուվրում, որը հանրությանն առավել հասանելի կդարձնի և կներկայացնի Հայաստանի դարավոր ու գեղեցիկ պատմությունը»,-հայտնեց Լուվրի թանգարանի տնօրենը:

«Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցադրության նմուշներն ընտրվել են երկու թանգարանների կողմից՝ հաշվի առնելով դրանց գեղարվեստական, հոգևոր, մշակութային կամ պատմական կապը Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուների հետ: 

Երկու թանգարանների հավաքածուների համատեղ ցուցադրությունը նպատակ ունի ընդգծելու Հայաստանի և քրիստոնյա Արևելքի բազմադարյա գեղարվեստական ժառանգության ամբողջ հարստությունն ու բազմազանությունը: Ցուցադրված նմուշներն ունեն լայն աշխարհագրական ընդգրկում՝ Բուլղարիայից մինչև Եգիպտոս,Կրետեից մինչև Սիրիա: 

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում