4 րոպեի ընթերցում
Երևանում սեպտեմբերի 30-ին կմեկնարկի «Գիտության շաբաթ 2025․ Հայաստան» միջոցառումը։ Արդեն երկրորդ անգամ անցկացվող միջոցառումը մեկ հարկի տակ հավաքում է մասնագետներին՝ շեշտը դնելով ոլորտի հանրահռչակման վրա։ Գլխավոր միջոցառումները տեղի են ունենալու Ազատության հրապարակում, սակայն դրանից բացի լինելու են ապակենտրոնացված միջոցառումներ տարբեր դպրոցներում ու մանկապարտեզներում։ Միջոցառման անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը նշեց, որ նախարարությունը խնդիր է դրել այնպես անել, որ գիտության նկատմամբ հասարակության ուշադրությունը մեծանա, ոլորտն ավելի հետաքրքրիր դառնա շատերի համար։
«Ժամանակակից աշխարհի կարևոր հրամայականն այն է, որ հասարակությունը, տնտեսությունը, կրթությունը գիտության հիմքերի վրա լինեն։ Դրան հասնելու համար անհրաժեշտություն կա աշխատանք տանել տարբեր ուղղություններով՝ շեշտը դնելով նաև հանրահռչակման վրա։ Այս միջոցառման առանձնահատկությունն այն է, որ գլխավոր միջոցառումից զատ, ապակենտրոնացված ծրագրեր են իրականացվում, որոնցում ընդգրկված են տարբեր ուսումնական հաստատություններ։ Ուզում եմ ընդգծել, որ այդ միջոցառումներն անում ենք մանկապարտեզներից սկսած։ Այս տարի թիրախավորելու ենք մինչև 400 դպրոց, մանկապարտեզ։ Ուսումնական հաստատությունների համար մշակված են տարբեր փաթեթներ փորձեր, նախագծեր՝ հետազոտություններ անելու նպատակով։ Յուրաքանչյուր տարիքային խմբի համար այդ փաթեթներն առանձնահատուկ են»,-ասաց Թամար Սարգսյանը։
Նա նշեց, որ դպրոցներում լաբորատորիները տարեցտարի հագեցվում են, և մինչև տարեվերջ արդեն 900 դպրոց ամբողջական լաբորատորիա կունենա։
«Գիտուժ» նախաձեռնության հանրայնացման և հասարակության հետ կապերի ղեկավար Լիլիթ Մարգարյանի խոսքով՝ «Գիտության շաբաթ»-ը ներկայանում է հագեցած ծրագրով։ Գլխավոր միջոցառումը Ազատության հրապարակում է անցկացվելու ու տևելու է 6 օր։ Ընդհանուր ծրագիրը բաժանված է 3 թեմատիկայի։ Առաջինի պարագայում գիտական ինստիտուտները ցույց են տալու գիտության կարևորությունը՝ կապված տարբեր ոլորտների հետ՝ բնապահպանությունից մինչև անվտանգություն։ Երկրորդ հատվածում շեշտը դրվում է մասնագիտական կողմնորոշման վրա։ Երրորդ հատվածի հիմքում գիտաֆանտաստիկան է։
«Մեր նպատակն է երկարաժամկետ կտրվածքում կարողանալ ինստիտուցիոնալ գործիքակազմով նպաստել, որ հասարակությունը շրջվի դեպի գիտություն, երիտասարդները ցանկանան դառնալ գիտնականներ, ճարտարագետներ, որոնք 21-րդ դարում բարդ խնդիրներ լուծող մասնագետներ են։ Եթե մենք այս ուղղություններով բավարար մասնագետներ չունենք, ուրեմն որպես պետություն մրցունակ չենք։ Տեսնելով, թե ինչպես են զարգացած ու զարգացող պետությունները հանրահռչակում, մենք մշակեցինք «Գիտության շաբաթ»-ի նախագիծը»,-ասաց Լիլիթ Մարգարյանը։
Քանի որ խնդիր է դրված աշխատել հասարակության մի շարք շերտերի հետ, ներգրավել տարբեր թիրախային լսարաններ՝ երեխաներ, ուսանողներ, ծնողներ, տատիկներ, պապիկներ, հետևաբար նրանց հետ պետք է խոսել տարբեր լեզվով, աշխատել՝ տարբեր ձևաչափով։ Հենց այդ կոնցեպտի հիմքով էլ կյանքի է կոչվում «Գիտության շաբաթ»-ը, որը հանդես է գալիս ամենատարբեր միջոցառումներով։ Միջոցառման կազմակերպիչները խոստանում են ոչ միայն հաճելի ժամանց, այլև բացահայտումներ շատերի համար։