Կրթություն

Երևանի թիվ 139 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին

2 րոպեի ընթերցում

Երևանի թիվ 139 ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցը նոր ուսումնական տարում աշակերտներին կընդունի հիմնանորոգված և բարեկարգ պայմաններում։ Կրթօջախում ավարտին են մոտենում վերակառուցման, ներքին հարդարման և տարածքի բարեկարգման աշխատանքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին ծանոթանալու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ուսումնական հաստատություն: Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Կրթական ծրագրերի կենտրոնի (ԾԻԳ) տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը։

Ժաննա Անդրեասյանը շրջել է նորոգված տարածքներում, ծանոթացել դասասենյակներում, մարզական և այլ ենթակառուցվածքներում իրականացված աշխատանքներին։ Առաջիկայում դպրոցը կհագեցվի նոր գույքով, լաբորատոր սարքավորումներով և ուսումնական անհրաժեշտ նյութերով։ Կրթօջախը նախատեսված է 250 աշակերտի համար։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է աշխատանքների պատշաճ որակի ապահովումն ու սահմանված ժամկետների պահպանումը՝ ընդգծելով, որ ժամանակակից, անվտանգ և անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով հագեցած կրթական միջավայրի ստեղծումը կարևոր նախապայման է կրթության որակի բարձրացման և ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար։

Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում՝ Համաշխարհային բանկի «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի համաֆինանսավորմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում