ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում է ընդունել Մինսկի խումբն ու հարակից կառույցները փակելու մասին
3 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունել են Նախարարական խորհրդի որոշմումը Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները փակելու մասին՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ կոչից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերությունը։
«Ես կցանկանայի ևս մեկ անգամ իմ ջերմ շնորհավորանքները հղել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պատմական համաձայնագրերի և դրանց արագ իրականացումը սկսելու վճռական որոշման կապակցությամբ։ Ես անմիջապես արձագանքել եմ նրանց համատեղ կոչին և ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել կողմերին գործընթացում գերազանց համագործակցության համար։ Ես նաև կցանկանայի գովեստի արժանացնել մասնակից պետություններին այս կոնսենսուսի հասնելու գործում իրենց համագործակցային ոգու համար»,- նշել է Վալտոնենը։
«Սա պատմական զարգացում է, որն ընդգծում է, թե ինչ կարող է ձեռք բերել դիվանագիտությունը նույնիսկ տասնամյակների հակամարտությունից և անվստահությունից հետո։ Այն ցույց է տալիս, որ համաձայնությունը հնարավոր է, երբ կողմերի միջև կա ընդհանուր լեզու գտնելու վճռականություն», - ասել է գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն։
ԵԱՀԿ գործող նախագահը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել են իրենց անսասան հանձնառությունն՝ աջակցելու ջանքերին, որոնք երկարատև խաղաղություն և կայունություն կբերեն Հայաստանին, Ադրբեջանին և տարածաշրջանին։
Նախարարական խորհրդի որոշումն ընդունվել է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների փոխհամաձայնությամբ։
Այս որոշման ընդունումից հետո ԵԱՀԿ-ն քայլեր կձեռնարկի Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակման համար։ Միայն վարչական գործառույթները, ինչպիսիք են ակտիվների և սարքավորումների հանձնումը, կշարունակվեն մինչև գործընթացի ավարտը՝ ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։
Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նրա ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում ստորագրել էին Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումը, իսկ օգոստոսի 11-ին այն ուղարկել կազմակերպությանը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել էր 1992 թվականին, որի համանախագահներն էին Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն։