ՃՇՀԱՀ շրջանավարտները հանդիսավոր պայմաններում ստացան իրենց ավարտական վկայականները

6 րոպեի ընթերցում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) բակում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ ավարտական վկայականների՝ դիպլոմների պաշտոնական հանձնման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի տվյալ բուհն ավարտել է 760 շրջանավարտ, որոնցից 96-ը գերազանցությամբ։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ մեր օրերում, երբ շինարարությունը Հայաստանում զարթոնք է ապրում, առավել է ընդգծվում ճարտարապետի ու շինարարի մասնագիտության կարևորությունը։

«Ուսանողների և բոլորիս համար այս կարևոր օրը շրջանավարտներին մաղթում եմ, որպեսզի նրանք շատ արագ սկսեն մասնագիտական աշխատանքը։ Որպես նաև շինարարության ոլորտն ընդգրկող նախարարության ղեկավար՝ ուրախ կլինեմ, որ դառնանք գործընկերներ, միասին կարողանանք նախագծել ու կառուցել ճանապարհներ, ջրամբարներ, էներգետիկ ու հանրային նշանակության այլ կարևոր կառույցներ, միասին Հայաստանը դարձնենք ավելի հարմարավետ ու ապահով մեր բոլոր քաղաքացիների, բնակիչների, Հայաստան այցելող բոլոր հյուրերի համար։ Վստահ եմ, որ ճիշտ ճանապարհով ենք առաջ գնում և վստահ եմ, որ միասին կհաջողենք»,- ասաց Խուդաթյանը։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ, ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Եղիազար Վարդանյանն իր հերթին նշեց, որ իր համար մեծ պատիվ է ամեն տարի մասնակցել նման գեղեցիկ արարողությանը, քանզի որպես տվյալ բուհի նախկին շրջանավարտ՝ իր համար այդտեղ ներկա գտնվելը նման է տուն վերադառնալուն։ 

«Բուհն ավարտելն ու դեպի աշխատաշուկա ուղեգիր ստանալը ոչ միայն շրջանավարտների անձնական հաջողությունն է, այլև կարևոր ձեռքբերում է Հայաստանի քաղաքաշինության ոլորտի համար։ Այսօր շրջանավարտները ստանում են դիպլոմ՝ միաժամանակ ստանձնելով մեծ պատասխանատվություն՝ ներդրում ունենալու մասնագիտության և մեր երկրի ապագայի մեջ։ Շրջանավարտները մուտք են գործում մի ասպարեզ, որտեղ կյանքի կոչվող գաղափարները կարող են փոխել քաղաքաշինական միջավայրը, ապահովել մարդկանց համար բարեկեցիկ, անվտանգ և հարմարավետ կենսապայմաններ։ Նրանց ընտրած մասնագիտությունը համատեղում է ստեղծարարությունն ու ճշգրիտ հաշվարկները»,- ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ ՃՇՀԱՀ-ն աչքի է ընկնում արդիական կրթական ծրագրերով, պետական, մասնավոր, միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությամբ, ինչպես նաև գիտելիքներով և գործնական հմտություններով աշխատաշուկա մուտք գործելու լայն հնարավորություն ընձեռելով շրջանավարտներին։

«Համալսարանի բարձր վարկանիշի և մեծ պահանջարկի մասին է վկայում տարեցտարի դիմորդների թվի աճը։ Մեր կրթօջախում ուսուցանվում և դեպի աշխատաշուկա են գործուղվում մեծ պահանջարկ ունեցող մասնագետներ։ Մեր երկրում նոր դպրոց, մանկապարտեզ, մարզական ու առողջապահական կենտրոններ ստեղծելու, ակադեմիական քաղաք կառուցելու կառավարության մեկնարկած և սպասվող ծրագրերը մասնագիտական գործունեության լայն դաշտ են բացում շրջանավարտների համար։ Սա հնարավորություն է փոխելու նրանց և այլոց միջավայրը՝ կիրառելով նորարարական և ժամանակակից մոտեցումներ»,- ասաց Վարդանյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ Քաղաքաշինության կոմիտեին, պետական մյուս կառույցներին, մասնավոր դաշտի ապագա գործատուներին անհրաժեշտ են նախաձեռնող, նպատակասլաց ու բանիմաց մասնագետներ, ովքեր կխիզախեն իրենց տեսլականը ոչ միայն կյանքի կոչել, այլև շարունակաբար այն զարգացնել։

ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն էլ շրջանավարտներին կանաչ ճանապարհ մաղթելով դեպի արտադրություն և արդյունաբերություն՝ նշեց, որ երկրի ուժը կայուն և զարգացած տնտեսությունն է, հետևաբար շրջանավարտների գիտելիքները ծառայելու են Հայաստանի տնտեսության ամրապնդմանը։

«Խնդրում եմ շրջանավարտներին չսահմանափակվել ստացած կրթությամբ և շարունակել գիտելիքների զարգացումը նոր փորձի, նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ»,- ասաց Թովմասյանը։

ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանն էլ վերջում շնորհավորելով բոլոր շրջանավարտներին՝ նշեց, որ նրանց կյանքի այս կարևոր հանգրվանը նշանավորում է նոր ճանապարհի սկիզբ, որտեղ ստացած գիտելիքներն ու հմտությունները կդառնան հաջողությունների ամուր հիմք։ 

«Ձեռբերումներում մեծ ներդրում ունեն նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմը և կրթության կազմակերպիչները։ Մեր բուհը մշտապես ունեցել է մի կարևոր առաքելություն՝ պատրաստել գիտելիքով զինված պատասխանատու և ստեղծագործ մասնագետներ։ Այդ նպատակին հասնելու համար մենք հետևողականորեն բարեփոխել ենք մեր կրթական միջավայրը, մշտապես բարելավել ուսումնական ծրագրերը՝ ձգտելով լավագույն պայմաններ ստեղծել ուսումնառության ու ինքնադրսևորման համար»,- ասաց Բարսեղյանը։

Նրա տեղեկացմամբ՝ հետևելով աշխարհի առաջատար բուհերին՝ ՃՇՀԱՀ-ն նույնպես առանձնահատուկ կարևորություն է տալիս կրթության թվային փոխակերպմանը, միջգիտակարգային մոտեցմանը և կայուն զարգացման արժեքների ներառմանը, որոնք շրջանավարտներին հնարավորություն են տալիս ունենալ ամուր մասնագիտական հիմք, տիրապետել ժամանակակից տեխնոլոգիաներին և լինել մրցունակ։ Բարսեղյանը ջերմորեն շնորհավորեց նաև իրենց բուհ ընդունված առաջին կուրսեցիներին՝ մաղթելով հաջողություններ ուսումնառության ընթացքում։      

 

Հայերեն

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ