Ամենակարևորը տեղի է ունենում դասարանում՝ ուսուցիչ-աշակերտ ճիշտ համագործակցությամբ. Ժաննա Անդրեասյան
3 րոպեի ընթերցում
2025-26 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցություններն ամփոփվել են Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների ու վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմամբ։
Քննարկումը վարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկա են եղել նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ խորհրդակցության մեկնարկից առաջ նախարարը ծանոթացել է «Կրթական էքսպո» ցուցահանդեսում ներկայացված լավագույն նախագծային աշխատանքներին, որոնք հեղինակել են Երևանի դպրոցների աշակերտները: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է դրանց իրականացման մանրամասներով ու արդյունավետությամբ:
Այնուհետև «Ամսվա լավագույնները» մրցույթի հաղթողները պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով:
Գնահատանքի խոսքեր հնչեցնելով մանկավարժների կատարած աշխատանքի վերաբերյալ՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ էքսպոն արտացոլում է կրթության արդյունքը, որը սրտացավ ու նվիրված ուսուցիչների, ինչպես նաև տաղանդաշատ երեխաների ջանքերի համատեղումն է:
«Ակնհայտ է, որ գաղափարների, ստեղծագործական մտքի, անկախության ու խիզախության պակաս չկա, իսկ դա նշանակում է՝ ամենակարևորը տեղի է ունենում դասարանում՝ ուսուցիչ-աշակերտ ճիշտ համագործակցությամբ»,- ասել է նախարարը հաջողություն մաղթելով նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նոր ուսումնական տարին լինելու է հագեցած ու պատասխանատու, իսկ ոլորտի հիմնական շեշտադրումները կարվեն մշակութային կրթության և ապահով ու անվտանգ կրթական միջավայրի ապահովման ուղղություններով։
Անդրադառնալով բուլինգի, կիբերանվտանգության, վնասակար սովորությունների կանխարգելման հարցերին՝ նախարարը նշել է, որ դպրոցը պետք է ապահով լինի ոչ միայն երեխաների, այլև մանկավարժների ու ողջ կրթական համայնքի համար։ Նախարարը միաժամանակ տեղեկացրել է, որ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի։ Մշակվել է դպրոցների անվտանգության ուղեցույց, իսկ տարվա ընթացքում նախատեսվում են վերապատրաստումներ և մասնագիտական խորհրդատվություններ։ ԿԳՄՍ նախարարը հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել նաև թվային անվտանգությանն ու անձնական տվյալների պաշտպանությանը։