Քաղաքականություն

Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ որոշմանը Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ որոշմանը Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ

Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ որոշմանը՝ լուծարելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որը զբաղվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին РБК-ին հայտնել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ հավելելով, որ խումբը նախատեսվում է ամբողջությամբ լուծարել մինչև 2025 թվականի դեկտեմբեր։ 

Նա նշել է, որ խոսքը վերաբերում է երեք ինստիտուտների՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնի և բարձր մակարդակի պլանավորման խմբի աշխատանքի դադարեցմանը։

«Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումը դրանք պահպանելու աննպատակահարմարության վերաբերյալ, մենք որևէ պատճառ չենք տեսնում կանխելու դրանց լուծարումը», - ասել է դիվանագետը։

Լուկաշևիչի խոսքով՝ Մինսկի խմբի լուծարման ընթացակարգը հետևյալն է. ԵԱՀԿ մշտական ​​խորհուրդը (քաղաքական խորհրդակցությունների հիմնական որոշում կայացնող մարմինը) առաջարկել է կազմակերպության անդամներին հաստատել այս հարցի վերաբերյալ նախարարական որոշումը. եթե մինչև սեպտեմբերի 1-ը ոչ ոք չառարկի խմբի լուծարմանը, որոշումը կհամարվի ընդունված։ 

«Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այս որոշման իրականացման հետ կապված վարչական և ֆինանսական միջոցառումների իրականացումը կտևի մի քանի ամիս։ ԵԱՀԿ-ն նախատեսում է դրանք ավարտել մինչև այս տարվա դեկտեմբեր։ Որից հետո բոլոր երեք կառույցները, որոնք պատասխանատու էին Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը նպաստելու համար, պետք է դադարեն գոյություն ունենալ», - ասել է Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը։

Օգոստոսի 26-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը կկայացվի սեպտեմբերի 1-ին։

Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումը, իսկ օգոստոսի 11-ին այն ուղարկել են կազմակերպությանը։  

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում