Նեթանյահուն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հիշեց այն ժամանակ, երբ իր գլխին զգաց Թուրքիայի բռունցքը. քաղաքագետ

8 րոպեի ընթերցում

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը թեև հետաքրքիր իրադարձություն է, բայցևայնպես էական ազդեցություն չի կարող ունենալ Իսրայելի արտաքին քաղաքականության, Իսրայել-Հայաստան հարաբերությունների, Իսրայել-Ադրբեջան համագործակցության կամ Իսրայել-Թուրքիա փոխգործակցության վրա։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գարիկ Քեռյանը անդրադարձավ Իսրայելի վարչապետի դիրքորոշմանը և նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քայլին առնչվող հանգամանքներին։  

«Համենայնդեպս, նախկինում Իսրայելի ղեկավարներից ոչ ոք նման հստակ հայտարարությամբ հանդես չէր եկել։ Բայց ինչո՞ւ Նեթանյահուն հենց այս պահին հանդես եկավ այդպիսի հայտարարությամբ։ Պատճառը Գազայի հատվածում իսրայելական բանակի ռազմական գործողություններն են ու ավելի քան մեկ տարուց ավել տևող ճգնաժամային իրավիճակը, որում Թուրքիան ունի բավականին ընդգծված հակաիսրայելական դիրքորոշում։ Էրդողանը քննադատում է Նեթանյահուին, և այդ քննադատության աստիճանը հասել է այն մակարդակի, որ Թուրքիան պաշտոնապես Իսրայելին մեղադրում է Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու մեջ»,-նշեց Քեռյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ որպեսզի Թուրքիային զրկի մեկ այլ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության մեջ հանցագործներին մեղադրելու բարոյական իրավունքից, Նեթանյահուն արեց այդ հայտարարությունը։  

«Այդ կերպ Իսրայելի վարչապետը թուրքական կողմին հորդորում է հետադարձ հայացք գցել սեփական պատմությանը։ Արդյոք Թուրքիան ճանաչե՞լ է իր կողմից իրականացված հայերի, հույների և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը։ Փոխհատուցում տվե՞լ  է, արդյոք, որ հիմա Իսրայելին է մեղադրում։ Այստեղ էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ Թուրքիան պատմության մեջ ցեղասպանություն իրականացրած առաջին պետությունն է, և նրա հասցեին հնչած նման մեղադրանքը ենթադրում է նաև համաշխարհային հրեական լոբբիի աջակցությունը։ Այդուհանդերձ, միամտություն կլինի կարծել, որ այս ամենին կհաջորդեն լուրջ իրադարձություններ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում։ Պետք չէ ակնկալել նաև, որ Թուրքիան խեղճանալու է այդ հայտարարությունից և գնալու է զիջումների Հայաստանի հետ հարաբերություններում»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։ 

Քեռյանի կարծիքով՝ բանաձևերը, կոչերն ու հայտարարությունները մի բան են, իսկ իրական քաղաքականությունը մեկ ուրիշ բան։    

«Ճանաչման մի քանի ձևեր կան՝ խորհրդարանական, կառավարական մակարդակով, զուտ ճանաչումից մինչև դատապարտում։ Մեծ եղեռնից 110 տարի անց տակավին դժվար է նշել, թե ցեղասպանության ճանաչման որ ձևն է ավելի արդյունավետ և իրականանալի։ Բոլոր ճանաչումներն ունեն կամ բարոյահոգեբանական, կամ քարոզչական, կամ էլ որոշակի իմաստով Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նշանակություն։ Այդպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ցեղասպանությունը չի ճանաչել Թուրքիան։ Բայց դա էլ իրատեսական չէ, քանի որ ցեղասպանություն իրականացրած պետությունը ենթադրաբար պետք է տա փոխհատուցում, իսկ Թուրքիան մինչ օրս չի ճանաչել իր ոճրագործությունը, որովհետև մտավախություն ունի, որ ճանաչման գործընթացը պարունակելու է մեծ տնտեսական ու տարածքային մարտահրավերներ»,- ասաց քաղաքագետը։  

Նրա դիտարկմամբ՝ այն երևույթը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը որոշ երկրների ձեռքին եղել է շահարկման առարկա, գալիս է դեռ 19-րդ դարի վերջից, երբ սուլթան Աբդուլ Համիդի կողմից իրականացված կոտորածներն, օրինակ, մեծ տերություններն օգտագործում էին պարզապես Թուրքիայում իրենց շահերը պաշտպանելու և Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, ընդ որում՝ այդպես եղել է միշտ և էական չէ, թե ովքեր էին կառավարում երկիրը՝ Աբդուլ Համիդը, երիտթուրքերը, քեմալականները, թե ներկայիս կառավարությունը։  

«Տեսեք, Թուրքիան ընտրել է եվրոպական ինտեգրման ուղին, բայց 1980-ական թվականներից սկսած՝ չի կարողանում ձեռք բերել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, որովհետև ամեն անգամ նրա առջև տարբեր պահանջներ են դնում, երբեմն էլ նրա աչքն են մտցնում Հայոց ցեղասպանության հարցը։ Բայց դա արվում է ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու նպատակով, այլ Թուրքիային ԵՄ անդամության հեռանկարից զրկելու մղումով՝ այդ ճանապարհին շահարկելով Մեծ եղեռնը ճանաչելու ու հայերին փոխհատուցում տալու հարցերը, հետևաբար լուրջ ակնկալիքներ ունենալ այն հանգամանքից, որ այս կամ այն երկիրը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, տեղին չէ»,- ասաց Քեռյանը։  

Անդրադառնալով կոնկրետ Իսրայելի վարչապետի հայտարարությանը՝ քաղաքագետը հիշեցրեց, որ նույն Նեթանյահուն զինում էր Ադրբեջանին ընդդեմ ԼՂ հայությանը, որն ի վերջո նույնպես ենթարկվեց ցեղասպանության, երբ 2020-ական թվականների սկզբին իսրայելական զենքով զինված ադրբեջանցիների կողմից դուրս մղվեց իր պատմական բնօրրանից։   

«Նեթանյահուն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հիշեց այն ժամանակ, երբ իր գլխին զգաց Թուրքիայի բռունցքը կոնկրետ Գազայի հարցում, հետևաբար նրա քայլից որևէ ակնկալիք չպետք է ունենալ»,- պնդեց մեր զրուցակիցը։ 

Քաղաքագետն անդրադարձավ ևս մեկ կարևոր հանգամանքի՝ նշելով, որ եթե միջազգային հանրությունը ցանկանում էր, որպեսզի ցեղասպանության ենթարկված ժողովրդին տրվեր փոխհատուցում, ապա պետք է հասներ ԼՂ  հայության ինքնորոշման իրավունքի իրականացմանն ու ճանաչմանը, մինչդեռ հենց նույն ցեղասպանության ճանաչման հարցով կուրծք ծեծող գերտերությունները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը դարձան ԼՂ-ի հայության գողգոթայի լուռ ականատեսները՝ չմտածելով տեղաբնակ հայերին փոխհատուցելու մասին, ինչն իսկապես կարող էր լինել ցեղասպանության ենթարկված ժողովրդի վնասների թեկուզ մի աննշան փոխհատուցում։  

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ինքն անձամբ՝ որպես Իսրայելի վարչապետ, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Իսրայելի վարչապետն այդ մասին ասել է լրագրող  Պատրիկ Բեթ-Դեյվիդին տված հարցազրույցում։ 

Չնայած Իսրայելի վարչապետը հայտարարել է, թե իբր Քնեսեթը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել, իրականում իսրայելցի տարբեր պատգամավորների կողմից բազմիցս Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ բանաձևեր են ներկայացվել, այդ թվում՝ 2018 և 2021 թվականներին, սակայն բոլոր դեպքերում դրանք մերժվել են։   

Քաղաքականություն

Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Հայոց ցեղասպանությունն անձամբ ճանաչելու մասին

 

 

Հայերեն Русский