Մշակույթ

Սիսիանում անց է կացվում «Նավասարդ» հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնը

3 րոպեի ընթերցում

Սիսիանում անց է կացվում «Նավասարդ» հայ-իրանական մշակութային խոհանոցային փառատոնը

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում օգոստոսի 10-ին մեկնարկեց արդեն ավանդական դարձած «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը կյանքի է կոչվել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության համատեղ մտահղացմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի կոմիտեի, Սյունիքի մարզպետարանի և Սիսիանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ խոհանոցի միջոցով կարելի է երկխոսություն ծավալել երկու հարևան ու բարեկամ ազգերի միջև:

«Խոհանոցն իր բովանդակության մեջ թույլ է տալիս, որ մենք կարողանանք շփվել, կիսվել, հարաբերվել, ինչպես նաև ինչ-որ իմաստով երկխոսություն ծավալել»,-համոզմունք հայտնեց Մամուլյանը:

Նրա տեղեկատվությամբ՝ միջոցառման շրջանակներում անցկացվող խոհարարական մրցույթն ընդգրկում է երեք անվանակարգ՝ «Լավագույն համ», «Լավագույն ուտեստ», «Լավագույն մտահղացում»:

Ընդհանուր առմամբ՝ փառատոնին ներկայացված է 90-92 տաղավար, որից  32-ը Իրանի ներկայացուցիչների կողմից:

«Այսինքն՝ միջոցառումը կայացել է և ամբողջ Հայաստանի բնակչությունը սպասում է միջոցառմանը, բայց իհարկե, ամենաառաջին շահառուները սյունեցիներնեն ու կոնկրետ Սիսիանի բնակչությունը:Հենց իրենք պետք է շահույթ ունենան, շփվեն, հարաբերվեն, ինչ-որ բան պլանավորեն, հյուրերի, հատկապես՝ Իրանից այցելած հյուրերի հետ»,-ներկայացրեց ՀԿ նախագահը:

Նրա տեղեկատվությամբ՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի միջոցառումը լինի երկօրյա:

Մասնավորապես՝ երկրորդ օրը նախատեսվում են Նավասարդի տոնին բնորոշ մարզական խաղեր, ռազմախաղեր, ծիսական երգ-երաժշտություն և այլն:

Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինն ուրախությամբ նշեց, որ արդեն երրորդ տարին է, ինչ մասնակցում է նավասարդյան տոնակատարությանը:

Նա  շնորհակալությունը հայտնեց Սիսիանի համայնքապետին և քաղաքապետարանի անձնակազմին նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար:

«Այս փառատոնի արդեն քառամյա անցկացումն արդեն ցույց է տալիս մեր երկու երկրների ջերմ ու խաղաղ հարաբերությունը: Ամեն տարի ավելի ճոխ ու հարմարավետ է ներկայացվում: Դա շատ բնական է, ինչը գալիս է մեր հազարավոր տարիների պատմությունից»,-ասաց Իրանի գլխավոր հյուպատոսը:

Նրա խոսքով՝ Սիսիանի քաղաքապետի հետ միջոցառումից առաջ մի շարք խնդիրներ են քննարկվել և նախատեսվում է շատ շուտով Սիսիանի ու իրանական որևէ քաղաքի միջև համագործակցություն ստեղծել: 

«Մենք Սյունիքի և Իրանի որոշ քաղաքների միջև համագործակցություն ունենք և հույս ունենք, որ Սիսիանի համար ևս նման հնարավորություն կընձեռվի»,-եզրափակեց գլխավոր հյուպատոսը:

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում