Իրանագետն անդրադարձել է Թեհրանի անվտանգային խնդիրներին և միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հեռանկարին

7 րոպեի ընթերցում

Իրանագետ Նվեր Դավթյանը կարծում է, որ Իրանում Ազգային պաշտպանության խորհրդի ստեղծումը բխում է այն քաղաքական ու անվտանգային կոնյուկտուրայից, որն այժմ ձևավորվել է Իրանի շուրջ։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Նվեր Դավթյանն անդրադարձել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի կողմից երկրի Սահմանադրության 176-րդ հոդվածի հիման վրա Ազգային պաշտպանության խորհուրդ ստեղծելու հիմքերին։    

Դավթյանը շեշտեց, որ կառույցի ստեղծումը, բնականաբար, մտնում է Իրանի ազգային անվտանգության խորհրդի լիազորությունների մեջ և նպատակ ունի հստակություն մտցնել պաշտպանական գործառույթներում և դրանցից բխող որոշումների ընդունման, պաշտոնական քաղաքականության մշակման ու իրականացման գործում, որպեսզի խորհրդի կազմում գտնվող կամ կազմը ներկայացնող իշխանության երեք թևերի ներկայացուցիչների գործողություններում լինի ներդաշնակություն, որպեսզի պաշտպանական խնդիրներին վերաբերվող որոշումների կայացումը լինի ավելի դյուրին, հստակ և նպատակային։ 

«Իսրայելի հետ պատերազմը, հավանաբար, ինչ-որ բաներ հուշել է իրանական կողմին՝ դրդելով որոշակի փոփոխություններ իրականացնել, որպեսզի երկրի անվտանգային, պաշտպանական գործառույթներն ավելի արդյունավետ իրականացվեն։ Քաղաքական համատեքստում այդ հանգամանքով է պայմանավորված տվյալ քայլը, և չի բացառվում, որ պաշտպանական քաղաքականության արդյունավետության բարձրացումն ու այդ նպատակին ուղղված կոնկրետ կառուցվածքային քայլերի իրականացումը կառավարման տեսանկյունից, գուցե, պայմանավորված է այլ սպառնալիքներով, որ պատկերացնում են Իրանի իշխանությունները և գնում են համարժեք լուծումների»,- ասաց Դավթյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ Ազգային պաշտպանության խորհրդի և իրանաիրաքյան պատերազմից առաջ և այդ ընթացքում եղած Պաշտպանության գերագույն խորհրդի միջև կան որոշակի տարբերություններ, հատկապես գործառույթների և իրավասությունների առումով։ 

«Գուցե, նաև պաշտպանական քաղաքականության արդյունավետության բարձրացման տեսանկյունից է կարևորվել նաև Իրանի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի փոփոխությունը։ Կան հրապարակված տեղեկություններ, որ Ալի Աքբար  Ահմադիանի փոխարեն այդ կառույցում պետք է լինի Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Լարիջանին։ Ահմադիանը նույնպես փորձառու է, աշխատել է ուժային կառույցներում, բայցևայնպես փոփոխությունները տեղի են ունենում իսրայելաիրանական պատերազմից հետո։ Իրանի արտգործնախարարն իր հերթին հայտարարեց, որ շատ հեղհեղուկ է հրադադարը, ինչը հուշում է, որ դեռ տագնապներն ու սպառնալիքները շարունակում են մնալ, որովհետև հրադադարը փաստաթղթային ձևակերպում չի ստացել և իրավական տեսանկյունից չի ամրագրվել։ Պարզապես հեռախոսազանգերով ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն, իսկ նման պայմաններում ռազմական գործողությունները ցանկացած պահի կարող են վերսկսվել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Իրանագետի կարծիքով՝ կանխարգելիչ պաշտպանական քաղաքականությունն ավելի արդյունավետ դարձնելուն և ավելի բարձր մակարդակի հասցնելուն միտված որոշումների ընդունումն ու կառուցվածքային փոփոխություններն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում միանգամայն տրամաբանական են։

Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հեռանկարին՝ Դավթյանն ընդգծեց, որ առկա են երկու տարբեր իրողություններ, մեկը քարոզչական տիրույթում է, մյուսը՝ իրավական։

«ԱՄՆ-ն ռազմական հարվածներից հետո հայտարարեց, որ Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացված են, այլևս իրենցից վտանգ չեն ներկայացնում։ Բայց այդ դեպքում, եթե Իրանի միջուկային ծրագիրն առ ոչինչ է, ապա բանակցություններն ինչի՞ շուրջ պետք է լինեն։ Եթե փորձենք խնդրին մոտենալ իրանական կողմի տեսանկյունից, ապա բանակցություններն ընթանում էին մի կողմից միջուկային ծրագրի, մյուս կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու հարցի շուրջ։ Եղան քննարկումներ երկրի պաշտպանունակության, հրթիռային ծրագրերի, ռազմարդյունաբերության ապագայի վերաբերյալ։ Բանակցություններն ընթացքի մեջ էին, երբ Իրանը ենթարկվեց հարձակման, ինչն էլ տորպեդահարեց բանակցային գործընթացը»,- նշեց Դավթյանը։

Նրա դիտարկմամբ՝ Իրանն իրավական, քաղաքական ու բարոյական ինչ-ինչ գործոններից ելնելով կամ կապված այն հանգամանքից, թե ինչ ներուժ կկարողանա հանդես բերել, գուցե, կարող է այլևս չմասնակցել բանակցություններին, թեև նրա համար կարևոր թեման տակավին պատժամիջոցների չեղարկումն է։ 

«Գուցե, դրանով է պայմանավորված ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Միացյալ Նահանգները շտապելու տեղ չունի իրանական կողմի հետ բանակցելու առումով։ Իրանի արտգործնախարարն էլ իր հերթին հայտարարեց, որ անհրաժեշտ է իրանական կողմին հատկացնել փոխհատուցում միջուկային օբյեկտներին հարվածելու դիմաց, մինչդեռ ԱՄՆ-ն մերժում է այն մոտեցումը։ Մյուս խնդիրը դիտարկվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ հարաբերությունների մակարդակում։ Միջազգային այդ կառույցը փաստացի չի կարողացել իրականացնել իր գործառույթը, առավել ևս, որ Իրանը միջուկային զենքի չտարածման համաձայնագրի տակ ստորագրած երկրներից մեկն է, ուստի պետք է պաշտպանված լիներ ու չթիրախավորվեր։ Ի դեպ, Իրանի հետ պատերազմական գործողությունների մեջ մտած Իսրայելն իր հերթին չի միացել հիշյալ համաձայնագրին, իսկ ԱԷՄԳ-ն այդ պարագայում ոչինչ չի ձեռնարկել»,- նշեց իրանագետը։

Դավթյանը հավելեց, որ ռազմական հարվածների հետևանքները կլինեին ահասարսուռ, եթե ստեղծվեր ռադիացիոն վտանգ, առաջանար միջուկային աղետ։ Այդ դեպքում ո՞ր երկիրը կամ ո՞ր կառույցը պետք է պատասխանատվություն կրեր այդ ամենի համար։

«Այժմ իրանական կողմում Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի և առհասարակ բանակցային գործընթացի նկատմամբ ձևավորվել է խորը հիասթափության և անվստահության տրամադրություն, հետևաբար նման պայմաններում իրանական կողմին, ինչպես հայտարարեց արտգործնախարարը, պետք է տրվեն անվտանգային երաշխիքներ, որ Իրանը չի ենթարկվի նման հարձակումների։ Եթե ԱԷՄԳ-ն որևէ կերպ ի զորու չէ ապահովել խաղաղ նպատակներով Իրանի միջուկային ծրագրերի իրացման անվտանգությունը, ապա Թեհրանը կարող է ցանկացած պահի դուրս գալ այդ կառույցից և այլևս չկրել միջազգային համաձայնագրով նախատեսված պարտավորությունները, թեև կարծում եմ, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Իրանն իրեն այդպիսի խոցելի դիրքում չի դնի»,- եզրափակեց իրանագետը։             

 

Հայերեն فارسی Русский

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը

Ոստիկանությունը մինչ ընտրության օրը ստացել է շուրջ 100 հաղորդում ընտրական հնարավոր իրավախախտումների վերաբերյալ

Շիրակի մարզպետը քվեարկել է հանուն խաղաղության

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում. Դատախազություն

Մարդիկ գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երկրի ապագան. Արարատ Միրզոյան

Սուրեն Պետրոսյանը քվեարկել է հանուն «հայկական պետության ձևավորման»