Ադրբեջան

Զախարովան հայտնել է, որ Կիևը մտադիր է օգտագործել Մոսկվայի և Բաքվի միջև հակասությունները

2 րոպեի ընթերցում

Զախարովան հայտնել է, որ Կիևը մտադիր է օգտագործել Մոսկվայի և Բաքվի միջև հակասությունները

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ էթնիկ հողի վրա ատելություն հրահրելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մտադիր է օգտագործել ռուս-ադրբեջանական առկա հակասությունները՝ էթնիկ հողի վրա ատելություն և թշնամանք հրահրելու համար։ Մասնավորապես, մեզ հայտնի են ծրագրերը՝ օգտագործելու Ռուսաստանից փախստականներին, որոնք պատրաստ են վարձատրության դիմաց դիվերսիաներ իրականացնել Ադրբեջանի քաղաքացիների, ներկայացուցչությունների և մշակութային օբյեկտների դեմ՝ Ռուսաստանի դրոշի ներքո», - ասել է դիվանագետը։

«Գաղափարն այն է, որ նման սադրանքների հաջող իրականացման դեպքում ադրբեջանական, թուրքական և եվրոպական լրատվամիջոցներում վիրուսային տեղեկատվություն տարածվի ռուսական որոշակի ագրեսիայի մասին», - հավելել է Զախարովան։ 

Նրա խոսքով՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «Կիևի ռեժիմը փորձում է օգտագործել ցանկացած փոքր հնարավորություն և պատրվակ՝ Ռուսաստանի հարաբերություններն իր ամենամոտ գործընկերների, իր հարևանների հետ ապակայունացնելու համար»։ 

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Եկատերինբուրգում կասեցվել է էթնիկ խմբավորման գործունեությունը, որն, ըստ քննիչների, ներգրավված է եղել 2001, 2010 և 2011 թվականներին տեղի ունեցած մի շարք սպանությունների մեջ: Ձերբակալվածներից երկուսը մահացել են։ 

Ադրբեջանը դատապարտել է տեղի ունեցածը՝ դա անվանելով սպանություն, և բողոք է հայտնել ՌԴ անվտանգության ուժերի գործողությունների դեմ, իսկ Ռուսաստանի հետ մշակութային և որոշ այլ միջոցառումներ չեղարկվել են։ Բացի այդ, Բաքվում կալանավորվել են «Sputnik Ադրբեջան» գործակալության ղեկավարը և գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ՌԴ մի շարք այլ քաղաքացիներ։ 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում