Կողբի արվեստի դպրոցն իր հետաքրքիր նախագծերով առանցքային դեր ունի Տավուշի մշակութային կյանքում
9 րոպեի ընթերցում

Կողբում կազմակերպվող Վարդավառի տոնակատարությանը, ավանդույթի համաձայն, ակտիվորեն մասնակցում են տեղի գեղարվեստի դպրոցի սաները։ Զբաղեցրած առանձին հարկաբաժնում նրանք ներկայացնում են իրենց աշխատանքներն ու անցկացնում կավագործության, բատիկայի, կարպետագործության, վիտրաժի, մանրանկարչության, տիկնիկագործության և փայտի փորագրության վարպետաց դասեր։
Արվեստի դպրոցի տնօրենն իսկապես մշակույթի նվիրյալներից է։ Կարո Ղուլիջանյանն ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի գեղանկարչության ֆակուլտետը։ Նրա ընտանիքում մշակութային ավանդույթները շարունակել են որդին և դուստրը, ինչը խթան է հանդիսացել նոր մասնագիտացված կրթօջախի հիմնադրման համար։ Ղուլիջանյանի զավակները գեղանկարիչներ են, աղջիկը բնակվում է Համբուրգում և այնտեղ ունի արվեստանոց, իսկ որդին, լինելով ՏՏ ոլորտի մասնագետ, նախընտրել է քանդակային նկարչության ուղղությունը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարո Ղուլիջանյանը հայտնեց, որ անցյալ տարի լրացավ արվեստի դպրոցի գործունեության 25-ամյակը։ Դրանից առաջ Ղուլիջանյանը հիմնադրել էր Նոյեմբերյանի գեղարվեստի դպրոցը, որը հետագայում փակվեց Խորհրդային Միության փլուզման պատճառով։ Բացի դրանից, մարդկանց ուշադրությունը կենտրոնացավ սահմանային անվտանգության խնդիրների վրա։ Այդուհանդերձ որոշ ժամանակ անց Ղուլիջանյանն իր արվեստագետ ու արվեստասեր ընկերների հետ հիմնադրեց արվեստի դպրոց, առավել ևս, որ արցախյան առաջին պատերազմից հետո առաջացել էր հատկապես երեխաներին սթրեսային վիճակից դուրս բերելու անհրաժեշտություն։
Կողբի արվեստի դպրոցը մասնավոր ուսումնական հաստատություն է, սկզբում մշակույթի տանը զբաղեցնում էր մի քանի սենյակ, իսկ հետագայում Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի շնորհիվ կիսավեր շինություններից մեկը վերանորոգվեց և հետագայում ավելացվեց երկրորդ հարկը, որտեղ պատկերասրահն է ու տեղի երաժշտական խմբի՝ «Զի» բենդի պարապմունքների վայրը։
«Դպրոցը բազմաֆունկցիոնալ է, այստեղ ուսուցանվում են նկարչության բոլոր ուղղությունները, հատկապես, կիրառական և թվային, որոնք ժամանակակից թրենդի մեջ են, ուստի ձգտում ենք հետ չմնալ արվեստի բնագավառում արդի միտումներից։ Ունենք շատ լավ մասնագետներ, ովքեր իմ նախկին սաներն են։ Նրանք ավարտել են տարբեր բուհեր, ունեն զանազան մասնագիտություններ։ Դպրոցում ունենք կավագործության և մետաղագործության առանձին արվեստանոցներ, թվային ստուդիա, սակայն ամեն ինչի հիմքը դասական գծանկարչությունն է, որը մեր դպրոցում դասավանդվում է հիմնավորապես՝ լինելով հիմնական առարկաներից մեկը։ Արվեստի դպրոցն իր գործունեությունը շարունակում է իմ անձնական միջոցների և «Կողբ» հիմնադրամի աջակցության շնորհիվ»,- տեղեկացրեց կրթօջախի տնօրենը։
Դպրոցը հիմնադրման պահից մինչ օրս գործել է բարեգործական սկզբունքով, ու թեև ֆունկցիոնալ հնարավորությունները թույլ են տալիս կրթել 70 աշակերտի, բայցևայնպես այսօր Կողբից և հարակից համայնքներից դպրոցում ուսանում է 120 աշակերտ, հետևաբար 12 ուսուցիչները դասերն անցկացնում են նաև հանգստյան օրերին։ Գնալով դիմորդների քանակն ավելանում է՝ առաջացնելով ուժեղ մրցակցություն։ Այստեղ ուսանել են նաև Լոռու մարզից և Երևանից ժամանած պատանիներ։ Հատկապես վերջին հինգ տարիներին արվեստի դպրոցը տվել է 10-12 ուսանող, որոնք կրթությունը շարունակել են Ճարտարագիտական համալսարանում, Գիտությունների ազգային ակադեմիայում, Մանկավարժական համալսարանում։ Դպրոցի սաներից շատերն աշխատաշուկայում արդեն գտել են իրենց տեղը՝ տեսական գիտելիքներն օգտագործելով պրակտիկ գործունեության մեջ։
Անդրադառնալով Վարդավառի տոնակատարությանը մասնակցելուն՝ Ղուլիջանյանը նշեց, որ միջոցառումը տեղաբնակների համար ունի հատուկ նշանակություն։
«Թեև դա հեթանոսական տոն է, սակայն հին ժամանակներից մեզ փոխանցված ավանդույթները չեն վերացել։ Վարդավառն այսօր դարձել է թերևս ամենապաշտելի տոներից մեկը։ Մեզ մոտ մեծ է ջրի պաշտամունքը։ Մի քանի տարի առաջ, երբ «Կողբ» հիմնադրամի ղեկավարը հղացավ հետաքրքիր տոնակատարություն անցկացնելու գաղափարը, այն իսկույն գրավեց շատերի ուշադրությունը՝ ժամանակի հետ դառնալով ժողովրդին համախմբող միջոցառում։ Տեղաբնակները նախկինում տոնի առթիվ գնում էին սարերը, իսկ հետո ձևաչափը փոխվեց և ջրի մեծարման տոնը նշվում է մեր համայնքում։ Հիմա կազմակերպիչները ցանկանում են տոնակատարությունը դարձնել համահայկական, և, ինչպես տեսնում եք, նշվում է բավականին մեծ ծավալներով»,- ասաց Ղուլիջանյանը։
Դպրոցի մասնակցությունը միշտ առանձնահատուկ է եղել վարպետաց դասեր անցկացնելու շնորհիվ։ Կիրառական արվեստի այն մասնագիտությունները, որոնք հնարավոր է հանրայնացնել (մետաքսի վրա նկարչություն, գորգագործություն, կավագործություն), արդեն մեծ տարածում են գտել տեղի համայնքներում։ Այդ ամենը կարևոր է հենց կրթօջախի համար, որովհետև վարպետաց դասերն անցկացնում են արվեստի դպրոցի շրջանավարտները։ Տոնակատարության ընթացքում ներկայացված աշխատանքները հանվում են վաճառքի։
«Այսօր բավականին դժվար է որևէ գեղանկար վաճառել, սակայն կիրառական ոլորտն արդեն այն ուղղությունն է, որի միջոցով մասնագետները պետք է գտնեն իրենց տեղն աշխատաշուկայում։ Այդ առումով մեր երիտասարդները շատ ավելի ճկուն են։ Բայցևայնպես ունենք սահմանված մեկ սկզբունք․ մեր դպրոցի արտադրանքը պետք է լինի մեկական օրինակով, այդ թվում՝ արվեստանոցում պատրաստվող արծաթե զարդերը, գորգերը, լազերային հաստոցով կտրվող զարդատառերը, հարթապնակները և այլ իրերն ու նմուշները։ Մեր արտադրանքը հիմնականում վաճառվում է «Գաֆէսճեան» կենտրոնում։ Մտադիր ենք դպրոցին կից տարածքում հիմնել նաև վաճառքի տաղավար։ Այն ամենը, ինչ կապ ունի արվեստի հետ և կարող է մեզ բերել եկամուտ, կնպաստի կրթօջախի հետագա զարգացմանը»,- ասաց տնօրենը։
Հայաստանում կազմակերպվում են բազմաթիվ փառատոններ, և արվեստի դպրոցի տնօրինությունը նպատակադրվել է ոչ միայն մասնակցել դրանց, այլև պահպանել ու մեծացնել ֆունդամենտալ բազան, որի վրա հնարավոր կլինի շարունակել հետագա արգասաբեր գործունեությունը։ Այդ առումով շատ տարածված են կրթօջախի պլեներները՝ բնության մեջ կազմակերպվող հավաքները։ Այդ նպատակով հատկացված է հատուկ տարածք, որտեղ այս տարի անցկացվելու է միջազգային հավաք։ Տարբեր երկրներից ժամանելու են արվեստագետներ, նկարիչներ, ովքեր տավուշյան հիասքանչ բնության գրկում անցկացնելու են մի քանի շաբաթ, ստեղծագործելու են՝ կազմակերպելով նաև ցուցահանդեսներ։ Կրթօջախի վերնահարկում 70 տոկոսով ներկայացված են նախորդ պլենարի աշխատանքները։ Պարբերաբար թարմացվում է նաև կայքը՝ koghbartschool.am:
Ղուլիջանյանին ուրախացնում է այն հանգամանքը, որ վերջին տարիներին Նոյեմբերյան խոշորացված համայնքում մշակութային կյանքը զգալիորեն ակտիվացել է, և այդ գործում զգալի ու անմիջական ներդրում ունի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։ Այժմ Նոյեմբերյանում գործում է արվեստի բարձրակարգ դպրոց, լիարժեք աշխատում են հինգ երաժշտական դպրոցներ, «Կողբ» հիմնադրամի շնորհիվ հիմնովին վերանորոգվելու է մշակույթի տունը։
«Արսեն Աղաբաբյանը պարզապես հիվանդ է մշակույթով, հասկանում է դրա կարևորությունը, որովհետև ինքն էլ սերում է արվեստագետների ընտանիքից, նրա եղբայրը՝ Աշոտը, հայտնի գրող է, մյուս եղբայրը՝ Նիկոլը, անվանի գեղանկարիչ։ Թեև համայնքի բյուջեն սահմանափակ է, սակայն հնարավորության դեպքում համայնքապետն իր անձնական կապերով ու հնարավորություններով ձգտում է օժանդակել ու խթանել ծրագրերը։ Հաջորդ քայլը պետք է լինի Նոյեմբերյանում պատկերասրահի բացումը, ինչպիսին Երևանում երազում էր ունենալ և արդյունքում հիմնեց Հենրիխ Իգիթյանը։ Մենք դեռ չունենք ժամանակակից պատկերասրահ, բայց պետք է լրացնենք այդ բացը, որովհետև հավաքվել է հետաքրքիր նմուշների մեծ հավաքածու»,- եզրափակեց Ղուլիջանյանը։
