ԵԽ պատգամավորը պաշտպանության և անվտանգության ոլորտում ԵՄ-ի միասնական քաղաքականության անհրաժեշտություն է տեսնում
13 րոպեի ընթերցում

Եվրախորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսը կարծում է, որ Եվրամիությունը պետք է ընդհանուր պաշտպանական և անվտանգային քաղաքականություն ունենա, որը կգործի ոչ թե կոնկրետ որևէ երկրի դեմ, այլ՝ միտված կլինի Եվրամիության անդամ երկրների և Եվրամիության արտաքին սահմանների պաշտպանությանը։
ԵԽ պատգամավորն այդ մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում, որում անդրադարձ է եղել նաև Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիային, այդ հարցում Եվրամիության վարած քաղաքականությանը։
-Պարոն Մավրիդես, այս տարի լրանում է Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժման 51-րդ տարին, ինչը խորապես ցավալի էջ է եվրոպական պատմության մեջ։ Հարցն այս շաբաթ նաև Եվրախորհրդարանի լիագումար նիստի օրակարգում է։ Ըստ Ձեզ, որո՞նք են այդ ներխուժման քաղաքական և հումանիտար հետևանքները, որոնք դեռ ազդում են կղզու և նրա բնակչության վրա։
-Շատ հաճախ մենք մոռանում ենք, որ Կիպրոսը՝ սկսած 2004 թվականից, Եվրոպական միության մաս է կազմում։ Պաշտոնապես Կիպրոսի Հանրապետությունն իր ամբողջ տարածքով՝ ներառյալ հյուսիսային մասը, որը գտնվում է թուրքական անօրինական օկուպացիայի ներքո, Եվրամիության մաս է։ Թեև դե ֆակտո այն վերահսկվում է թուրքական բանակի կողմից, ամբողջ տարածքը մնում է Կիպրոսի Հանրապետության և, հետևաբար, նաև ԵՄ-ի մաս։
Այդպիսով, եթե դուք հարցնեք, թե Թուրքիայի ներխուժման կես դարի՝ 51 տարիների ընթացքում ո՞րն է, գուցե, միակ հույս ներշնչող գործոնը, ես կասեի՝ դա եվրոպական հեռանկարն է։ Դա է մեր՝ հույների, թուրքերի, հայերի, մարոնիթների, լատինների և այլոց միակ հույսը։
Սակայն պետք է ասեմ նաև, որ մեծ հիասթափություն կա Կիպրոսի բնակչության, հատկապես Կիպրոսի Հանրապետության քաղաքացիների շրջանում։ Թուրքիան 1974 թվականին ներխուժեց կղզի, վտարեց բոլոր հույն կիպրացիներին իրենց տներից և հայրենիքից, ես ինքս փախստական երեխա եմ, որը կարողացավ փրկվել իր քույրերի հետ։ Այժմ 2025 թվականն է, և հիասթափությունը խորն է։
Երբ համեմատում ենք, թե ինչպես է ԵՄ-ն արձագանքել Ուկրաինայի դեպքերին՝ մի երկրի, որը նույնիսկ ԵՄ անդամ չէ, բայց գտնվում է ռուսական ագրեսիայի տակ, որի դեմ կիրառվել են բազմաթիվ պատժամիջոցներ, իսկ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ ընդհանրապես չկան, ես շատ հստակ կարող եմ ասել, որ դա չափազանց դժվար է բացատրել Կիպրոսի, Հունաստանի և նույնիսկ այլ երկրների քաղաքացիներին։

-Փաստորեն, ըստ Ձեզ, Եվրոպական միությունը բավարար քայլեր չի ձեռնարկել՝ թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական հարթակներում Կիպրոսին աջակցելու և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար՝ հյուսիսում այդ երկրի շարունակվող ռազմական ներկայության առնչությամբ։
-Ես դա կձևակերպեի դրական ձևով. ոչ միայն ԵՄ-ն հիասթափեցրել է մեզ, այլև ես խորապես հավատում եմ, որ եթե լիներ քաղաքական կամք, ԵՄ-ն շատ բան կարող էր անել։
Օրինակ բերեմ. Թուրքիան, հատկապես վերջին տասնամյակներին, մեծապես հիմնվում է էներգիայի, իր աշխարհաքաղաքական օրակարգի, բայց հատկապես ԵՄ-ի հետ առևտրի և տնտեսության վրա։ ԵՄ-ն՝ 27 անդամ պետություններով, միանշանակ Թուրքիայի ապրանքների ամենամեծ ներմուծողն է։ Ուրեմն, մենք ունենք լծակ։ Լծակ, որը երբեք չենք օգտագործում։
Մենք կարող ենք այս լծակն օգտագործել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի գտնվի լուծում Կիպրոսի հարցում՝ լուծում, որը կվերացնի Թուրքիայի անօրինական օկուպացիան, կփակվի այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»՝ պետություն, որը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։
Եվ ևս մեկ անգամ նշեմ՝ այս ամենը տեղի է ունենում Եվրոպական միության ներսում։ Եվ դա խորապես հիասթափեցնող է։
-Բրյուսելում շարունակվող բանավեճ կա ԵՄ-ի՝ «ռազմավարական ինքնավարության» ձգտման շուրջ։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է Միությունն ունակ այսօր անկախ և արդյունավետ գործելու՝ արտաքին քաղաքականության վճռորոշ խնդիրների հարցում, հատկապես բարդ հակամարտությունների գոտիներում, ինչպիսիք են Կիպրոսը կամ Հարավային Կովկասը։
-Ես իսկապես հավատում եմ, որ ունակություն կա, և կարծում եմ, որ աճում է նաև գիտակցումը՝ անհրաժեշտ է ձեռնարկել լուրջ քայլեր՝ միասնական արտաքին քաղաքականության ուղղությամբ՝ սկսելով ընդհանուր պաշտպանական և անվտանգության քաղաքականությունից։
Դա մի բան է, որի մասին ես տարիներ շարունակ խոսել եմ և այժմ վերջապես դա արդարացված եմ համարում։ Քանի որ նույնիսկ իմ քաղաքական խմբում և Եվրոպական խորհրդարանում ես հաճախ մենակ էի կամ շատ քչերն էին ինձ հետ՝ պնդելով դրա անհրաժեշտությունը։
Այո, մենք բաժանված ենք՝ նույնիսկ այստեղ։ Ոմանք՝ ներառյալ Եվրոպական հանձնաժողովը և հզոր անդամ պետությունները, ցանկանում են, որ այդ միասնական արտաքին քաղաքականությունը ղեկավարվի Գերմանիայի և անդամ գերտերությունների կողմից։ Այդ պատճառով անվտանգության և պաշտպանության հարցում նրանք դա հիմնականում դիտարկում են որպես գործիք Ռուսաստանի դեմ։
Բայց մենք՝ Միջերկրածովյան երկրները, այդ թվում՝ Կիպրոսը, դա այդպես չենք տեսնում։ Մենք ցանկանում ենք միասնական պաշտպանական և անվտանգության քաղաքականություն, որը չի կառուցվում ինչ-որ մեկի դեմ, այլ կառուցվում է ԵՄ-ի, անդամ պետությունների և հատկապես մեր արտաքին սահմանների պաշտպանության համար։
Ահա իրական օրինակ։ Որպես Անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ՝ վերջին ամիսներին ես լայնորեն բարձրաձայնել եմ այս հարցը։ Ես կրկնում եմ՝ եթե ցանկանում ենք շահել ԵՄ քաղաքացիների սրտերն ու մտքերը, պետք է ցույց տանք, թե կոնկրետ ինչն ենք ուզում պաշտպանել, ոչ թե մենակ ցույց տանք, թե ով կամ ինչն է սպառնում մեզ։ Սպառնալիքները բազմաթիվ են։
Եթե Բալթյան պետությունները և Լեհաստանը կարծում են, որ Ռուսաստանը սպառնալիք է, դա նրանց իրավունքն է։ Բայց մեզ համար՝ Միջերկրածովյան տարածաշրջանում, օրինակ՝ Մալթայի կամ Կիպրոսի համար, Ռուսաստանը հիմնական սպառնալիքը չէ։ Մեր սպառնալիքը նեոօսմանյան Թուրքիան է։
Այսպիսով՝ մենք բախվում ենք տարբեր սպառնալիքների, և չենք կարող ԵՄ անվտանգության քաղաքականությունը կառուցել միայն մեկ սպառնալիքի շուրջ։ Սա պառակտող հարց է։

-ԵՄ-ի Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությունը հաճախ քննադատվում է իր ոչ համահունչ և պակաս ազդեցիկ բնույթի համար։ Մի քանի բան արդեն նշեցիք, բայց, Ըստ Ձեզ, ի՞նչ կոնկրետ բարեփոխումներ կամ ռազմավարական փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի Միությունն ուժեղացնի իր կարողությունները՝ արձագանքելու օկուպացիաներին և միջազգային իրավունքի խախտումներին։
-Սա շատ լավ հարց է։ Այն, ինչ պատրաստվում եմ ասել, գուցե, հեշտ իրագործելի չէ, բայց եթե ցանկանում ենք ունենալ ուժեղ Եվրամիություն, սա է ճիշտ ուղղությունը։
Իհարկե, մենք ուզում ենք պաշտպանել մեր շահերը։ Բայց միաժամանակ պարտավոր ենք հիշել մեր արժեքներն ու ժողովրդավարությունը. դրանք պետք է հավասար տեղ ունենան մեր շահերի կողքին։
Ահա մի օրինակ, որը ես ամբողջությամբ պաշտպանում եմ․ երբ խոսքը գնում է պաշտպանական և անվտանգության ոլորտի մասին, գոյություն ունի 150 միլիարդ եվրոյի ֆոնդ՝ ԵՄ միջոցներ, որոնք վարկերի տեսքով տրամադրվում են անդամ պետություններին՝ իրենց ազգային բանակները հզորացնելու համար։ Ես չեմ կարծում, որ դա ճիշտ ուղղություն է։
Մենք կարող ենք ունենալ ազգային բանակներ, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է կառուցել ԵՄ մակարդակի պաշտպանության և անվտանգության հաստատություններ։
Ահա իրական կյանքի մի օրինակ․ մենք ունենք Frontex-ը՝ ԵՄ-ի սահմանապահ և առափնյա պաշտպանության գործակալությունը։ Ինչո՞ւ չուժեղացնել այն՝ ավելացնելով մարդկային ռեսուրսները, միջոցները, տեխնիկան և տալով դրան հստակ առաքելություն՝ պաշտպանել ԵՄ-ի արտաքին սահմանները։
Ահա այսպես ենք մենք կառուցում եվրոպական հաստատություններ՝ դրա փոխարեն միայն ազգային ուժերին հենվելու փոխարեն։
Եթե մենք հետևենք այս մոդելին, ապա պատասխանը նույնպես պարզ կլինի․ ո՞վ է պաշտպանելու Կիպրոսը նեոօսմանյան Թուրքիայից։ Ո՞վ է պաշտպանելու Լեհաստանը ռուսական հարձակման դեպքում։ Պատասխանը պետք է լինի՝ ԵՄ հաստատությունը։
Իհարկե, սա չի բացառում ազգային բանակների գոյությունը։ Բայց քաղաքական առումով կարևոր է, որ ԵՄ հաստատությունները ունենան իրենց դերը։
Մի քանի տարի առաջ՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում, մենք անցկացրինք «Եվրոպայի ապագայի համաժողովը»։ Այդ միջոցառման ամենահզոր ուղերձներից մեկը սա էր․ մենք պետք է հզորացնենք Եվրոպական խորհրդարանը։ Մենք միակ մարմինն ենք, որ ուղիղ ընտրված է ԵՄ քաղաքացիների կողմից։ Եվ մեզ պետք են ավելի մեծ լիազորություններ։ Այս պահին մենք քվեարկում ենք և հաճախ ընդունում ենք ճիշտ քաղաքական դիրքորոշումներ, բայց դրանք մնում են խորհրդանշական։
-Ձեր ասածի լավագույն օրինակներից մեկն էլ ԵԽ-ում ընդունված բանաձևերն են՝ լինի դա Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կամ Ադրբեջանին դատապարտող։ Հարավային Կովկասի համատեքստում, ըստ Ձեզ, ի՞նչ դիվանագիտական, տնտեսական կամ այլ հատուկ գործիքներ ԵՄ-ն արդեն ունի կամ դեռ պետք է զարգացնի՝ տարածաշրջանում որպես ավելի վստահելի և հետևողական դերակատար հանդես գալու համար։
-Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օրինակը, ինչպես նաև Ադրբեջանի ռեժիմի գործողությունները, շատ նման են այն ամենին, ինչ անում է նեոօսմանյան Թուրքիան և մյուս էքսպանսիոնիստական ռեժիմները։ Այս դերակատարները լիովին անտեսում են միջազգային իրավունքը։
Բայց ես չեմ ուզում խոսել տեսականորեն։ Ես ուզում եմ լինել շատ հստակ։
Եվրոպական խորհրդարանում անցկացրածս 10 տարիներից հետո ահա իմ առաջարկը․ եթե մենք հավատում ենք, որ Ադրբեջանի ռեժիմի կողմից իրականացվել են մարդկության դեմ հանցագործություններ՝ էթնիկ զտում, մշակութային ցեղասպանություն և այլն, ապա մենք պետք է մեր հարաբերությունները կապենք Միջազգային քրեական դատարանի իրավազորության հետ։
Եվ եթե ինչ-որ մեկը, օրինակ՝ նախագահ ֆոն դեր Լայենը, կարծում է, թե հանցագործություն չի եղել, ապա ես ասում եմ՝ եկեք դիմենք Միջազգային քրեական դատարանին, և թող դատարանը որոշի։
Եթե Ադրբեջանը անմեղ է, ուրեմն վախենալու բան չունի։ Թող արդարությունը որոշի։
Մենք պետք է անցնենք ընդամենը բաց կամ փակ դռների հետևում անցկացվող քննարկումներից։ Կան կոնկրետ ազգային շահեր, որոնք ազդում են որոշ ԵՄ գրասենյակների կամ անդամ պետությունների վրա։ Եվ, ցավոք, հաճախ այդ շահերն ավելի են առաջնահերթ համարվում, քան արժեքները, միջազգային իրավունքն ու ԵՄ սկզբունքները։
Ահա թե ինչու ենք մենք բախվում կեղծավորության հետ՝ թե ինչպես է նույն Եվրամիությունը, որն արտաքինից պաշտպանում է արժեքներ, մարդու իրավունքներ ու ժողովրդավարություն, շարունակում էներգետիկ պայմանագրեր ստորագրել մի ռեժիմի հետ, որը հանցագործություններ է կատարում մարդկության դեմ։
Այո, ես խորապես հավատում եմ Եվրոպական Միությանը։ Բայց միևնույն ժամանակ շատ կոշտ եմ քննադատում այն դեպքերում, երբ հատուկ շահերը թունավորում են մեր արտաքին քաղաքականությունը։
