Իրան

ԵՄ-ն մտադիր է շարունակել ԱՄՆ-ի հետ աշխատանքն՝ Իրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ն մտադիր է շարունակել ԱՄՆ-ի հետ աշխատանքն՝ Իրանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի աշխատել Միացյալ Նահանգների և Մեծ յոթնյակի այլ երկրների ու միջազգային գործընկերների հետ՝ Իրանի նկատմամբ ճնշումը պահպանելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունը՝ ԱՄՆ Էշվիլ քաղաքում օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին կայանալիք Մեծ քսանյակի երկրների ֆինանսների նախարարների և Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ։

Ըստ հայտարարության՝ ԵՄ-ն կարծում է, որ անհրաժեշտ են շարունակական դիվանագիտական ​​ջանքեր՝ խաղաղ կարգավորման հասնելու, տարածաշրջանային կայունությունը վերականգնելու և Հորմուզի նեղուցով նավագնացության լիակատար ազատությունն ու անվտանգ տարանցումն ապահովելու համար։

Եվրահանձնաժողովը հիշեցնում է, որ ԵՄ-ն ընդունել է լայնածավալ պատժամիջոցներ՝ թույլ չտալու Իրանին «շահագործել համաշխարհային տնտեսությունը և ֆինանսական համակարգն՝ իր թշնամական գործողությունները շարունակելու և միջազգային անվտանգությունը խաթարելու համար»: Բացի այդ, ըստ հայտարարության՝ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում ձեռնարկել լրացուցիչ միջոցներ՝ իր անվտանգությունն ու շահերը, ներառյալ Հորմուզի նեղուցով նավագնացության ազատությունը պաշտպանելու համար:

«ԵՄ-ն ողջունում է ջանքերը՝ ապահովելու, որ Իրանը դադարեցնի իր ապակայունացնող գործունեությունը և բարի կամքով ներգրավվի խաղաղության շուրջ բանակցություններին, ներառյալ լրացուցիչ տնտեսական ճնշման, այդ թվում՝ ԱՄՆ-ի գլխավորած «Տնտեսական վտարանդի» գործողության միջոցով», - նշված է հաղորդագրության մեջ։

Շուրջ մեկ ամսվա դադարից հետո ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածները վերսկսվել են։ Օգոստոսի 30-ի ուշ երեկոյան ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԻՀՊԿ-ն պատրաստվում էր ծովային ականներով հրթիռներ արձակել դեպի Հորմուզի նեղուց, և ամերիկյան ուժերը «սահմանափակ և ճշգրիտ գործողություն» են իրականացրել Հորմուզի նեղուցում ականներ տեղադրող ուժերի դեմ՝ թիրախավորելով հրթիռների արձակման կայանքներ։ Իրանական կողմը հայտնել է, որ պայթյուններ են տեղի ունեցել Լարակ կղզում։ Կան զոհեր և վիրավորներ։ Թեհրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել Հորդանանում ամերիկյան երկու ռազմաբազայի ուղղությամբ։ Իրանը նաև հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ ԱԹՍ-ներ արձակելու մասին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում