Քաղաքականություն

Հայաստանի և Բելգիայի վարչապետները Բրյուսելում քննարկում են ունեցել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Բելգիայի վարչապետները Բրյուսելում քննարկում են ունեցել

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: 

Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման գործում` վստահություն հայտնելով, որ ՀՀ վարչապետի Բրյուսել այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:

Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել հուլիսի 14-ին տեղի ունեցած հանդիպումների արդյունքներից և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը` զարգացնելու գործակցությունը ԵՄ-ի հետ, այդ թվում` ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ առաջմղման ուղղությամբ: 

Նիկոլ Փաշինյանը և Բարտ Դը Վեվերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, այդ թվում` Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել ավարտվել է: 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում