Քաղաքականություն

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի Հայաստան

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Մարթա Կոսը ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը և կարևորել  Հայաստանի հետ հետևողական ու արդյունավետ երկխոսությունը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի շրջանակում: Մարթա Կոսը ևս մեկ անգամ հայտնել է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին և ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: 

ՀՀ վարչապետը նշել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ` հույս հայտնելով, որ ՀՀ-ԵՄ սերտ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը, տրանսպորտի, ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի կարողությունների ընդլայնմանը, ԵՄ ստանդարտների ներդրմանը և այլն: 

Զրուցակիցները քննարկել են ԵՄ ֆինանսական գործիքակազմերով մեր երկրում իրականացվող ծրագրերին, տնտեսական գործընկերության խթանմանը վերաբերող հարցեր: 

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին: Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության կողմից այս ուղղությամբ շարունակական աջակցությունը: 

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Հայաստան` ավելի առարկայական քննարկելու համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները: 

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում