Քաղաքականություն

Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Գալուզին

3 րոպեի ընթերցում

Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Գալուզին

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն՝ անդրադառնալով հուլիսի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպմանը։  

«Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը»,-նշել է ռուս դիվանագետը՝ հավելելով, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղությանը հասնելու հիմնական ուղղություններն ուրվագծած են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի՝ 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերում։

Գալուզինի կարծիքով՝ անհրաժեշտ է առաջ շարժվել խաղաղության պայմանագրի նախապատրաստման, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման, քաղաքացիական հասարակությունների և Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների միջև երկխոսության հաստատման ուղղություններով։ 

«Եվ, իհարկե, ռուսական կողմը` որպես եռակողմ համաձայնագրերի մասնակիցներից մեկը, պատրաստ է շարունակել նպաստել դրանց իրականացմանը, բնականաբար, երկու կողմերի համար հարմար ձևով»,-նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Նշենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն Փաշինյան-Ալիև հանդիպման մասին հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշված էր․ 

«2025 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը հանդիպել են Աբու Դաբիում  (Արաբական Միացյալ Էմիրություններ) և քննարկել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: 

Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը:

Երկրների ղեկավարները, նշելով սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, հանձնարարել են համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել գործնական աշխատանքն այդ ուղղությամբ:

Կողմերը նաև պայմանավորվել են շարունակել երկու երկրների միջև երկկողմ բանակցությունները և վստահության ամրապնդման միջոցները: 

Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը երախտագիտություն են հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին ջերմ հյուրընկալության և երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար»: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում