Կայացել է Նորարարության հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը
2 րոպեի ընթերցում

Նորարարության հայկական hիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստով տրվել է հիմնադրամի պաշտոնական գործարկման և կազմակերպչական աշխատանքների մեկնարկը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնադրամը ստեղծվել է պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում՝ համաձայն Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի որոշման՝ գիտության, տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև ասոցիացիաների մասնակցությամբ։
Հիմնադրամի առաքելությունն է խթանել գիտական, տեխնոլոգիական և նորարարական ներուժի զարգացումը՝ որպես Հայաստանի տնտեսական առաջընթացի, արդյունաբերական վերազինման և գլոբալ մրցունակության հիմնաքար։
Հիմնադրամը գործելու է որպես կապող օղակ կառավարության, գիտության, կրթության, արդյունաբերության և միջազգային գործընկերների միջև՝ նպատակ ունենալով.
- Աջակցել գիտահետազոտական և տեխնոլոգիական ռազմավարական ծրագրերի մշակմանը,
- Մշակել պետություն-մասնավոր ներդրումային ծրագրեր,
- Ներգրավել տեղական և միջազգային մասնագետների, գաղափարներ և ռեսուրսներ՝ Հայաստանի նորարարական էկոհամակարգի զարգացման նպատակով։
Նիստի ընթացքում հոգաբարձուների խորհուրդը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին միաձայն ընտրեց խորհրդի նախագահ։
Խորհուրդը հաստատեց նաև գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման կարգը և աշխատանքը կազմակերպող խմբի կազմը և ժամկետները։
«Այս հիմնադրամը կարող է դառնալ Հայաստանում նորարարական էկոհամակարգի զարգացման հզոր մի գործիք, որը թույլ կտա մեկտեղել մեր ջանքերը երկարաժամկետ զարգացման ծրագրերի մշակման գործում՝ օգտագործելով Հայաստանի և Սփյուռքի գիտական ու տեխնոլոգիական ներուժը։ Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել խորհրդի նախագահի պաշտոնը և շնորհակալ եմ վստահության համար», — նշել է Հակոբ Արշակյանը իր ընտրությունից հետո։
Հիմնադրամն առաջիկա ամիսներին կանցնի իր առաջին տարվա ռազմավարական առաջնահերթությունների իրագործմանը՝ սկսելով գործադիր տնօրենի մրցույթից, կազմակերպչական կառույցների ձևավորումից և ռազմավարական զարգացման ծրագրերի նախապատրաստումից։