Հայաստանը ձգտում է ամրապնդել կապերը Չինաստանի հետ. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը South China Morning Post-ին
3 րոպեի ընթերցում

Հայաստանը ձգտում է ամրապնդել կապերը Չինաստանի հետ ոչ միայն առևտրի և ենթակառուցվածքների, այլ նաև մշակույթի և մարդկային փոխգործակցության ոլորտներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին բարձրաձայնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ միրզոյանը՝ Պեկին պաշտոնական այցի շրջանակներում South China Morning Post-ին տված հարցազրույցի ընթացքում: Նա ընդգծել է, որ Երևանի և Պեկինի միջև քաղաքական երկխոսությունն «ինտենսիվ և ակտիվ» է եղել:
Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարի վերաբերյալ հարցին ի պատասխան նախարարը նկատել է.
«Մեր հարաբերությունների խորացման ճանապարհին ոչ միայն չկա որևէ խոչընդոտ կամ արգելք, այլև մենք բաց ենք և պատրաստակամ՝ խորացնելու այդ հարաբերությունները առանց որևէ սահմանափակումների:
Մենք դա քննարկել ենք Չինաստանի մեր գործընկերների հետ։ Մենք ընդգծել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը, և տեսնում ենք փոխադարձ շահագրգռվածություն, հետաքրքրություն՝ այս հարաբերությունները պաշտոնապես նոր մակարդակի բարձրացնելու հարցում ևս»։
Արարարտ Միրզոյանն անարձագանք չի թողել նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հնարավորության հարցը՝ նկատելով, որ երբ Հայաստանը և Ադրբեջանը ավարտեցին խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները, Չինաստանն այն երկրների թվում էր, որոնք ողջունեցին այդ ձեռքբերումը:
Ընդգծելով, որ Հայաստանը ցանկանում է Ադրբեջանի հետ ինստիտուցիոնալ խաղաղության հաստատում, այն է՝ խաղաղության պայմանագրի կնքում, նախարարը հավելել է.
«Տեսնում ենք, որ Չինաստանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը»։
Հարց է հնչել նաև հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ
«Նման կարգավորումն առանցքային նշանակություն կունենա Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի համար, որը ներկայացվել է 2023 թվականին՝ նպատակ ունենալով բարելավել Հայաստանի և իր հարևանների, ինչպես նաև դրանից անդին գտնվող տարածաշրջանների, այդ թվում՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ փոխկապակցվածությունը»,- Միրզոյանի խոսքերն են մեջբեչված ՀՀ ԱԳՆ-ի տարածած հրապարակման մեջ:
Արարատ Միրզոյանը հավելել է, որ դա կարող է դուռ բացել Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջմայրցամաքային ենթակառուցվածքների և ներդրումների ծրագրի, ինչպես նաև Եվրամիության 300 միլիարդ եվրոյանոց ներդրումային ռազմավարության՝ Global Gateway-ի հետ կապելու համար։
«Պատկերացրեք, Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մեծ ազդեցություն չէր ունենա առանց Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի. և հակառակը, հավանաբար «Մեկ գոտի, մեկ ճանապարհով» երթուղին այդքան սահուն չէր ընթանա, եթե շրջանցվեր Հայաստանը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը: