Հայաստանի վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Շվեդիայի դեսպանի հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրպետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ վերջին տարիներին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցությունը շարունակել է զարգանալ ու ընդլայնվել: Նիկոլ Փաշինյանն այդ գործում ընդգծել է դեսպան Սվենսոնի անձնական ներդրումը: Միաժամանակ, վարչապետը կարևորել է Շվեդիայի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացման գործում:
Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում ևս երկու երկրների միջև փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել տարբեր ուղղություններով:
Վարչապետը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: