Ադրբեջան

Ադրբեջանի դեսպանը Ռուսաստանի ԱԳՆ-ում հանդիպումից հետո հեռացել է

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի դեսպանը Ռուսաստանի ԱԳՆ-ում հանդիպումից հետո հեռացել է

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը, որը կանչվել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, տեղի ունեցած հանդիպումից հետո արդեն հեռացել է գերատեսչությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին  հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Դիվանագետը ՌԴ ԱԳՆ-ում է գտնվել շուրջ 1 ժամ։ 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հունիսի 30-ին հայտնել էին, որ Մուստաֆաևը կանչվել է Բաքվի անբարյացակամ գործողությունների և ռուսաստանցի լրագրողների անօրինական ձերբակալության կապակցությամբ:

Ավելի վաղ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում: Ռուսական կողմին չէր հաջողվել կապ հաստատել լրագրողների հետ։

Sputnik–ի  խմբագրությունում հայտնել են, որ իրենք Ադրբեջանում աշխատանքի որևէ պաշտոնական արգելք չեն ստացել, ընթացել է երկխոսություն աշխատանքային խմբերի մակարդակով հնարավոր տարաձայնությունների կարգավորման համար:

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լարվել են Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Ռուսաստանի քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ իրավապահ մարմինները հունիսի 27-ին կասեցրել են էթնիկ խմբավորման գործունեություն։ Հետաքննության վարկածով՝ գործով անցնողները ներգրավված են եղել սպանությունների և սպանության փորձերի մի շարք միջադեպերում, որոնք Եկատերինբուրգի տարածքում կատարվել են 2001, 2010 և 2011 թվականներին։ 

Ըստ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի տեղեկատվության՝ քննության շրջանակներում ձերբակալվել է  Ռուսաստանի վեց քաղաքացի։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը մահացել է սրտի անբավարարությունից։ Երկրորդ անձի մահվան պատճառը պարզվում է։ Ադրբեջանական կողմը սա անվանել է սպանություն։

Բաքվում բողոք են հայտնել ուժայինների գործողությունների առիթով, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ չեղարկվել են Ռուսաստանի Դաշնության հետ մշակութային և մի շարք այլ միջոցառումներ։ Կրեմլում ընդգծել են, որ Մոսկվան ափսոսում է Բաքվի այդ որոշումների համար։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում