Կառավարությունը հաստատել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

7 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության հունիսի 26-ի նիստում հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգի փոփոխությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նոր կարգով սահմանվում  է, որ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: 

ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ կարգով նախատեսվում է նաև ՀՀ կառավարության որոշմամբ ուսումնական հաստատությունների խնայողությունների և տնտեսումների մի մասն ուղղել դպրոցներում առկա այլ խնդիրների լուծմանը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա կարևոր ճկունություն է՝ դպրոցներում առաջացող ընթացիկ խնդիրները կարգավորելու առումով: Նախորդ տարի 500 դպրոցում 800 մլն դրամի կապիտալ աշխատանք է իրականացվել անհրաժեշտ ուղղություններով:

Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքները համակարգողին՝ մենթորին, լրավճար տրամադրելու մեխանիզմ: «Ուսուցչի՝ չհամալրվող թափուր հաստիք ունեցող գյուղական դպրոցներում իրականացվում է էլեկտրոնային դասավանդում. այս պահին գյուղական 96 դպրոցի 5250 երեխա այս միջոցով շատ կարևոր առարկաների դասավանդում է ստանում 190 ուսուցչի կողմից»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ կարգը կգործի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ հանրակրթության բարեփոխումների կարևոր բաղադրիչներից է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը, որն ուղղված է սպասարկելու և ապահովելու հանրակրթության թե՛ բովանդակային, թե՛ կառավարման բարեփոխումները:

«Հանրակրթության ֆինանսավորման նոր կարգը սկսել է գործել 2023 թվականից՝ սկզբունքորեն  փոխելով դպրոցների ֆինանսավորման հայեցակարգը, որտեղ աշակերտ թվով ֆինանսավորումից անցում կատարվեց դեպի դասարան թվով ֆինանսավորման և սահմանեց նորմատիվային ֆինանսավորում դպրոցների համար: Կարևոր է ընդգծել՝ ֆինանսավորման նոր կարգը բարեփոխում է ուսուցչի վարձատրության և աշխատանքի համակարգը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ներկայացրել ուսուցիչների վարձատրության բարձրացման ուղղությամբ ԿԳՄՍ նախարարության կողմից ձեռնարկված ամբողջական ծրագիրը:

ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ ուսուցիչների վարձատրությունը մեկ անգամ բարձրացել է 2019 թվականին՝ համատարած 10 տոկոսով: Այնուհետև, 2020 թվականին սահմանվել է ուսուցչի վարձատրության նվազագույն շեմ՝ 108 հազար 800 դրամ: Ֆինանսավորման նոր կարգով 2023 թվականից  ուսուցչի նվազագույն աշխատավարձը սահմանվել է 119,900 դրամ: Բացի այդ՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց՝ նվազեցվել է ուսուցիչների շաբաթական դասավանդվող դասաժամերի քանակը՝ տարրական դասարաններում նախկին 22 ժամի փոխարեն սահմանելով 18, իսկ մնացած դասարաններում՝ 20 ժամ, ինչը ևս հանգեցնում է դասավանդվող մեկ դասի արժեքի բարձրացման՝ 20%-ով տարրական դասարանների և 10%-ով՝ միջին և ավագ դասարանների համար: Նախարարը տեղեկացրել է՝ կրթության որակին ուղղված ֆինանսավորման կարգի մի շարք այլ փոփոխություններ են ներդրվել: Մասնավորապես՝ առաջադիմության խնդիր ունեցող երեխաներին պետության միջոցներով տրամադրվում են կրթական հավելյալ ծառայություններ՝ երկարօրյա պարապմունքների ձևով: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ավարտվող ուսումնական տարում 13,400-ից ավելի երեխաներ այս մոտեցմամբ բարելավել են իրենց կրթական արդյունքը: 

Ֆինանսավորման նոր կարգով դպրոցներին հնարավորություն է ընձեռվել դասարանական կրթությունից բացի՝ նաև արտադասարանական մեխանիզմներ ներդնել՝ երեխաների կրթությունը բարելավելու և մոտիվացիան մեծացնելու նպատակով: Այս համատեքստում նախարարն անդրադարձել է նախագծային աշխատանքների իրականացմանը, դպրոցներում խմբակների ձևավորմանը, որոնց շրջանակում նախորդ տարի 15 հազար խմբակ է գործել՝ ներգրավելով ավելի քան 167 հազար երեխայի:

«Ֆինանսավորման նոր կարգով ներդրվել են նաև լաբորատորիաների պահպանման և լաբորատոր նյութերի ձեռքբերման ծախսերը: Լաբորատորիաների ստեղծումը ՀՀ կառավարության ծրագրի կարևոր մաս էր, բայց դրանք շարունակական գործարկման ծախսեր ունեն: Այս գումարը չի կարող վերաբաշխվել որևէ այլ նպատակով: Ֆինանսավորման նոր կարգը հնարավորություն է տվել ապահովելու նոր միջավայր ներառականության համար, ինչը ևս շատ կարևոր է: Առանձին միջոցներ են հատկացվում դպրոցների միջավայրի հարմարեցման համար: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի համար առանձնացված է նաև խելամիտ հարմարեցումների ֆոնդ, որը թույլ է տալիս երեխայի կրթությունը կազմակերպել ավելի արդյունավետ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով նաև, որ ֆինանսավորման նոր կարգով բոլոր դպրոցներում ներդրվել է հոգեբանի հաստիքը. ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ներկայում ավելի քան 900 հոգեբան է աշխատում:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ֆինանսավորման նոր կարգի ներդրման արդյունքում էապես ավելացել է հանրակրթության ֆինանսավորումը կամ դպրոցների պահպանման ծախսերը. 2019 թվականին այս ուղղությամբ ֆինանսավորումը կազմել է 85,26 մլրդ դրամ, իսկ 2024 թվականին արդեն իսկ հատկացվել է 118,84 մլրդ դրամ: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ սա չի ներառում ուսուցիչների հավելավճարների  վարձատրության ծրագրերը, որոնց միայն նախորդ տարի առանձին 10 մլրդ դրամ է ուղղվել պետական բյուջեից: Նախարարը Կառավարության նիստում ներկայացրել է նաև ուսուցիչների վարձատրության բարելավման ծրագրերը՝ անդրադառնալով կամավոր ատեստավորմանը, գյուղական փոքր դպրոցների ուսուցիչներին և ԲՏՃՄ դասավանդողների տրվող հավելավճարի ծրագրերին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում