Պատմական ժառանգությունը հուսալի հիմք է ռազմավարական մակարդակի հասած հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար. Գոռ Ծառուկյան
10 րոպեի ընթերցում

Դիլիջանում կայացավ հայ-վրացական միջազգային համաժողով, որին մասնակցեցին Հայաստանի և Վրաստանի պաշտոնատար անձինք, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ և զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանն իր ելույթում նշեց, որ տվյալ համաժողովը հերթական հնարավորությունն է՝ վերահաստատելու և վերարժևորելու երկու բարեկամ երկրների միջև ձևավորված դարավոր բարեկամությունը ակադեմիական և փորձագիտական մակարդակներում։
«Այս ձևաչափով երկկողմ համաժողովն արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից․ առաջինը հաջողությամբ անցկացվել էր նախորդ տարի։ Ավանդույթ դարձող այս նախաձեռնության հիմնական նպատակն է բարձրացնել փոխադարձ ճանաչողության մակարդակը՝ թե՛ փորձագիտական, թե՛ հասարակական շրջանակներում։ Շատ հաճախ մեր ուշադրության կենտրոնում են հայտնվում հեռավոր տարածաշրջանների երկրները, նրանց ակադեմիական և փորձագիտական կենտրոնները, սակայն հաճախ բավարար ուշադրություն կամ կարևորություն չենք տալիս մեր անմիջական հարևաններին։ Սա, վստահաբար, բացթողում է, որը պետք է հաղթահարենք։ Համաժողովի այս ձևաչափը հենց կոչված է լրացնելու այդ բացը՝ խորացնելով մեր համագործակցությունը և ճանաչողությունը»,- նշեց Ծառուկյանը։
Նրա դիտարկմամբ՝ հաճախ փորձագիտական ու ակադեմիական համայնքները, իսկ երբեմն նաև հասարակությունները, բավարար չափով տեղեկացված չեն միմյանց մասին։ Սա այն խնդիրներից է, որի ուղղությամբ շատ անելիքներ կան, հետևաբար համաժողովն իր հարթակով նպաստում է այնպիսի բաց և անկեղծ քննարկումների, որոնք հնարավորություն են տալիս խորությամբ անդրադառնալ երկու երկրներին հուզող հարցերին և խնդիրներին։
«Հայաստանն ու Վրաստանը հարևաններ են, որոնց միավորում են հազարամյակների պատմություն ունեցող արմատներ՝ մշակույթ, արժեքներ և բարեկամական կապեր։ Այս պատմական ժառանգությունն այսօր հուսալի հիմք է մեր հարաբերությունների զարգացման համար։ Վերջին տարիներին մեր համագործակցությունը հասել է նոր՝ ռազմավարական մակարդակի, որի վառ ապացույցն է 2024 թվականին ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը։ Այս փաստաթուղթը կարևոր երաշխիք է մեր ժողովուրդների փոխվստահության և հարգանքի համար։ Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության հիմքում շարունակական քաղաքական երկխոսությունն է, տարածաշրջանային կայունությանն ու համատեղ զարգացմանը նվիրվածությունը»,- նշեց Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ համատեղ օրակարգի առանցքային ուղղությունը տնտեսական կապերի ամրապնդումն է։ Առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և տուրիզմի ոլորտներում նոր ծրագրերի իրականացումը մեր երկրների համար ստեղծում է զարգացման նոր հնարավորություններ՝ հենվելով աշխարհագրական հարևանության և փոխլրացման ներուժի վրա։
«Մեր գլխավոր նպատակը խաղաղ և զարգացող Հարավային Կովկասն է։ Հայաստանը էական ջանքեր է գործադրում հավասարակշռված և կայուն հարաբերություններ կառուցել իր բոլոր հարևանների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի հետ՝ հիմնվելով ինքնիշխանության և իրավահավասարության սկզբունքների վրա։ Հայաստանն ու Ադրբեջանը վերջերս ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման բանակցությունները, ընթանում են սահմանազատման ու տարածաշրջանային կապուղիների բացման շուրջ շփումներ։ Նշանակալի առաջընթաց կա նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու ուղղությամբ։ Ինչպես հաստատվել է` մի քանի օրից Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով այցելելու է Թուրքիա։ Տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը մեր համագործակցության առանցքն են։ Հայաստանի կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն իրապես համահունչ է Վրաստանի՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի տեսլականին։ Նպատակն է՝ Կովկասն ու հարևան տարածաշրջանները կապել ժամանակակից ենթակառուցվածքներով և կապերով, ինչն էլ կբացի նոր հնարավորություններ մեր երկրների համար»,- հայտնեց Ծառուկյանը։
Նրա բնորոշմամբ՝ Հայաստանը հետևողականորեն վարում է հավասարակշռված և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, որը հնարավորություն է տալիս ամրապնդել գործընկերությունը թե՛ Արևմուտքի, թե՛ հարևան երկրների, և թե՛ տարածաշրջանային կառույցների՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս դառնալու կամուրջ՝ տարբեր աշխարհաքաղաքական ու տնտեսական կենտրոնների միջև։
«Մեր երկրները հսկայական ներուժ ունեն՝ դառնալու կամուրջ ԵԱՏՄ և ԵՄ շուկաների միջև։ Հայաստանը՝ ԵԱՏՄ անդամ, և Վրաստանը՝ ԵՄ-ի հետ խորը և համապարփակ համաձայնագրով երկիր, կարող են համատեղ նախագծերով և արտադրություններով բացել նոր ներդրումային և առևտրային հեռանկարներ։ Այս գործընթացում միջազգային գործընկերների՝ ԵՄ, ԱՄՆ, Չինաստանի, Իրանի, Ռուսաստանի ակտիվ ներգրավվածությունը կարող է էլ ավելի ամրապնդել մեր նախաձեռնությունները և ստեղծել նոր հնարավորություններ տարածաշրջանի համար։ Վրաստանը Հայաստանի դարպասն է դեպի Եվրոպա և Ռուսաստան։ Մենք առանձնակի կարևորություն ենք տալիս Հայաստանի ապրանքների և ուղևորների անխափան ելքին միջազգային շուկաներ՝ Վրաստանի միջոցով։ Սա մեր ռազմավարական առաջնահերթություններից է, որի համար անհրաժեշտ են համատեղ և համակարգված քայլեր»,- եզրափակեց Ծառուկյանը։
Համաժողովի պանելային քննարկումների ժամանակ, որոնք վարում էին Օրբելի հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Ջոնի Մելիքյանը, ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի գիտաշխատող Նվարդ Չալիկյանը և Օրբելի հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը, մասնակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան՝ հաշվի առնելով երկու երկրներում վերջին քաղաքական տեղաշարժերը և տնտեսական զարգացումները: Փորձագետներն անդրադարձան ընդհանուր շահերին, համագործակցության առկա շրջանակներին և առաջարկեցին ավելի կառուցվածքային ու հեռանկարային ռազմավարական օրակարգի ձևավորման ուղիներ, որոնք համապատասխանում են ներկա իրողություններին և ապագայի ձգտումներին:
Երկրորդ պանելային քննարկման մասնակիցներն անդրադարձան Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում ուժերի փոփոխվող դինամիկային, խոսեցին, թե ինչպես են ի հայտ եկող դաշինքները, գլոբալ մրցակցությունը և անվտանգության մարտահրավերները վերաձևակերպում համագործակցության շրջանակները: Փորձագետները գնահատեցին վերջին հակամարտությունների հետևանքները, միջազգային հիմնական դերակատարների փոփոխվող դերերը և բազմակողմ համագործակցության հեռանկարները: Քննարկումը կենտրոնացավ այն թեզի վրա, թե ինչպես կարող են տարածաշրջանային պետությունները հաղթահարել բարդությունները՝ կայունությունը, դիմադրողականությունը և փոխշահավետ գործընկերությունը խթանելու համար:
Երրորդ պանելային քննարկման մասնակիցները կատարեցին երկկողմ հարաբերությունները ձևավորող հիմնական հասարակական ասպեկտների բազմակողմանի ուսումնասիրություն, քննարկեցին կրթական և մշակութային համագործակցությունը՝ կենտրոնանալով Վրաստանում հայագիտության և Հայաստանում վրացագիտության ներկա վիճակի վրա: Անդրադարձ եղավ նաև լրատվամիջոցներում ներկայացվածության մարտահրավերներին, այդ թվում՝ վրացական լրատվամիջոցներում հայատյացության դրսևորումներին, և փորձ կատարվեց հստակեցնել, թե ինչպես կարող են մշակութային փոխըմբռնումը և ակադեմիական փոխանակումը դառնալ կամուրջներ դեպի ավելի խորը փոխադարձ հարգանք և երկխոսություն:
Վարացական կողմից համաժողովի մասնակիցների թվում էին Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի Միջազգային հարաբերությունների դպրոցի ղեկավար, պրոֆեսոր Թոռնիկե Շարաշենիձեն, Գրիգոլ Ռոբակիձեի անվան համալսարանի պրոռեկտոր, Բիզնեսի և կառավարման դպրոցի դեկան, տնտեսագետ Վախթանգ Չարայիան, «Geocase» վերլուծական կենտրոնի նախագահ Վիկտոր Կիպիանին, Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նախկին փոխքարտուղար Իվլիան Հաինդրավան, «Տրանսպորտային միջանցք» հետազոտական կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին, «Եվրոպական ընտրություն Վրաստանի համար» ՀԿ-ի տնօրեն Գիորգի Ուձիլաուրին, SIKHA հիմնադրամի ավագ գիտաշխատող Արչիլ Սիխարուլիձեն, Վրաստանի հանրային հեռարձակողի վերլուծական ծառայության ղեկավար Գիորգի Գվիմրաձեն, ինչպես նաև վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչներ։