Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը
11 րոպեի ընթերցում

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ հայկական արտադրության զինատեսակների և սպառազինության ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը նշեց, որ իրենք 2019 թվականից իրականացնում են «Սիլիկոն Մաունթինզ» տեխնիկական գագաթնաժողովը, որը միավորում է պետական կառույցներին, տեխնոլոգիական համայնքին, միջազգային ընկերություններին և տարբեր երկրների շատ հանրաճանաչ խոսնակների։

«Այս տարի որոշեցինք հանդես գալ նոր կոնցեպտով, որի անունը «Ռայզ» է, առաջին անգամ է իրականացվում Հայաստանում։ Այս հարթակում միավորվել են ճարտարագիտությունը, նորարարությունը, գիտությունը և ռազմարդյունաբերությունը։ Այսօր ցուցահանդեսին մասնակցում են հայկական առաջատար ռազմարդյունաբերական և գիտահետազոտական ընկերություններ, ինժեներական թիմեր՝ ներկայացնելով իրենց արտադրանքն ու գաղափարները։ Երեկ նաև ունեցել ենք ֆորում, որի ընթացքում քննարկվել են ճարտարագիտության, ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության ոլորտներին առնչվող կարևոր հարցեր»,- ասաց Մուսայելյանը։
Նա հավելեց, որ ցուցահանդեսում ներկայացված են բացառապես հայկական արտադրության զինատեսակներ։ ՏՀՏ գործատուների միությունը հիմնականում աշխատում է ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունների, ինչպես նաև ռազմարդյունաբերության կոմիտեի հետ։ Այն սերտորեն աշխատում է նշված բնագավառում գործունեություն ծավալող բոլոր ընկերությունների հետ։

Մարզահամերգային համալիրի դրսի հատվածում ներկայացված էին ծանր զրահատեխնիկան, հարվածային և հետախուզական ԱԹՍ-ները, իսկ ներսում նռնականետներ, ականներ, բարձր ռադիոհաճախականություն ունեցող սարքեր և այլ զինատեսակներ։ Ցուցահանդեսին մասնակցում էին ոչ միայն ռազմարդյունաբերական ընկերությունները, այլև ինժեներական թիմեր, որոնք ներկայացել էին բավականին հետաքրքիր լուծումներով։

Որոշ զինատեսակներ արդեն իսկ կիրառվում են ԶՈՒ կողմից, որոշներն էլ անցնում են պետական փորձարկում։ Նպատակը նաև այն է, որ ցուցահանդեսին մասնակցող ընկերությունները շփվեն, իրականացնեն փորձի փոխանակում և փակեն ամբողջական շղթան՝ վերջնական ու մրցունակ արտադրանք ունենալու համար։
«Ցուցահանդեսի թեմատիկան ինքնին հետաքրքիր է։ Դեռ միջոցառումից առաջ մարդիկ մեզ դիմում էին բազմաթիվ հարցերով, իսկ այս օրերին ցուցաբերեցին մեծ ակտիվություն և հետաքրքրություն։ Մարդիկ ուզում են տեսնել երկրի պոտենցիալը ռազմարդյունաբերության ոլորտում։ Այցելուների մեծ հոսքն իսկապես գոհացուցիչ է։ Հուսով ենք, որ սա կլինի ամենամյա։ Մի քանի երկրներից տարբեր պատվիրակություններ նույնպես այցելել են Հայաստան և հետաքրքրություն ցուցաբերել մեր ռազմարդյունաբերական ոլորտի նկատմամբ, ինչը շատ ոգևորիչ է։ Մեր նպատակն է այս հարթակը տրամադրել այն ընկերություններին, որոնք ուզում են ներկայանալ ամբողջ աշխարհին՝ որպես մրցունակ պրոդուկտ արտադրող։ Ընկերություններն այդ կերպ հնարավորություն են ստանում իրենց արտադրանքը ներկայացնել, իսկ երկիրը դիրքավորվում է աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա»,- նշեց Մուսայելյանը։

Ցուցահանդեսին մասնակցող «Դավարո» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Դավիթ Գալոյանը նշեց, որ իրենց ընկերությունը սկսել է իրականացնել ԱԹՍ համակարգերի նախագծումներ ու արտադրություն և որոշ նմուշներ արդեն իսկ մատակարարում է ՀՀ զինված ուժերին։ Դրանք հաջողությամբ անցել են պետական փորձարկումներ։ Միևնույն ժամանակ, սկսել են ցամաքային ռոբոտիզացված համակարգերի նախագծման աշխատանքները և այս ցուցահանդեսին ներկայացրել են նմուշներ։

«Մեր արտադրած ԱԹՍ-ները տարբեր տեսակի են և տարբեր նշանակության։ Կան ինչպես հարվածային, այնպես էլ տարաբնույթ խորությունների համար նախատեսված հետախուզական ԱԹՍ-ներ։ Մարտական մասերի արտադրությունից սկսած մինչև էլեկտրոնիկա և ծրագրային ապահովում իրականացնում է մեր ընկերությունը։ Գործընթացն ամբողջությամբ իրականցվում է Հայաստանում։ Ունենք նմուշներ, որոնք նոր են ներկայացվում և առաջիկայում կանցնեն պետական փորձարկում՝ համալրելով հայկական բանակի զինանոցը։ Շուտով կկնքվեն նոր պայմանագրեր։ Ներկացրել ենք նաև ցամաքային ռոբոտիզացված համակարգեր, որոնք ներկայիս պատերազմներում լայնորեն օգտագործվում են։ Առաջնագծում մարդկանց գործողությունների քանակն արդեն կրճատվում է, նրանց փոխարինում է տեխնիկան։ Մարտավարությունը ներկայում մոտ 80 տոկոսով իրականացվում է ռոբոտիզացված համակարգերով՝ կենդանի ուժը ռիսկային գոտիներից հանելու նպատակով»,- ասաց Գալոյանը։
Նրա տեղեկացմամբ՝ «Դավարո» ՍՊԸ իրականացրել է նաև զրահապատ մեքենայի նախագիծ։ Հետագայում կլինեն այլ նմուշներ՝ համագործակցելով արտասահմանյան գործընկերների հետ։ Ընկերությունը մեծապես կարևորում է համատեղ նախագծերի իրականացումը, բանակցում է նաև իր արտադրանքն այլ երկրներում վաճառելու վերաբերյալ։ Ներկայում համատեղ նախագիծ է իրականացնում ֆրանսիական կողմի հետ, իսկ գնման մասով ընկերությունը զուգահեռաբար բանակցում է յոթ երկրների հետ։
«Լոկատոր» ՓԲԸ նախագահ Արման Խաչատրյանն իր հերթին նշեց, որ իրենց ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին, հիմնական գործունեության ոլորտն ավտոմատացումն է։ Պետական շատ կառույցներ աշխատում են տվյալ ընկերության կողմից գրված ծրագրային ապահովմամբ, ընկերության ստեղծած էլեկտրոնիկայով։ Ռազմարդյունաբերության ոլորտում «Լոկատոր» ՓԲԸ-ն գործում է 2014 թվականից։ Լինելով ՏՏ բնագավառի ընկերություն՝ այն ի սկզբանե նպատակադրվել է ավտոմատացնել այն ամենը, ինչ հնարավոր է։

«Այսօրվա ցուցահանդեսին ներկայացրել ենք մեր արտադրության ինքնակառավարվող և արհեստական բանականությամբ աշխատող ռումբը, որը եզակի էր այն պահին, երբ ստեղծում էինք։ Ռումբը երկու կիլոմետր բարձրությունից խոցում է երկու մետր շառավղով թիրախներ։ Մենք ստեղծել ենք այնպիսի ծրագրային ապահովում, որն ԱԹՍ-ներին թույլ է տալիս առանց արբանյակային տեղորոշման հասնել թիրախներին։ Մեր արտադրության ինքնակառավարվող ռումբերի որոշակի քանակ արդեն իսկ կա հայկական բանակի զինանոցում, իսկ նոր արտադրված դրոնները շուտով կանցնեն պետական փորձարկում»,- ասաց Խաչատրյանը։
Նա հավելեց, որ Հայաստան ժամանած որոշ պատվիրակություններ հետաքրքրվել են տվյալ ընկերությամբ։ Մասնավորապես հունական կողմը զորավարժարանում գործի մեջ տեսել է ընկերության արտադրանքը։
«Ֆրանսիայից և Հնդկաստանից նույնպես հետաքրքրված են մեր արտադրանքով, սակայն ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը պահանջում է երկար ժամանակ՝ ներառելով աստիճանական մշակումներ, պայմանագրեր, թույլտվություններ։ Մենք 10 օրից մասնակցելու ենք Ֆրանսիայում կայանալիք «Եվրոսաթելիտ» ցուցահանդեսին։ Ֆրանսիական կողմը մեզ սպասում է համագործակցության շուրջ բանակցություններ վարելու համար»,- ասաց Խաչատրյանը։
Ցուցահանդեսին մասնակցող «Արսենալ ԼՏԴ» ՍՊԸ ֆինանսական տնօրեն Սուրեն Գալստյանը հայտնեց, որ իրենց ընկերությունը 2019 թվականից ակտիվորեն զբաղվում է ռազմարդյունաբերությամբ։ Եթե սկզբնական շրջանում ընկերությունն ուներ մի քանի նմուշ, ապա այսօր արտադրանքի տեսականին ընդգրկում է 40-ից ավել զինատեսակներ։ Դրանք աշխարհում հայտնի տրամաչափերի ականանետներ են, դրանց ականները, ինչպես նաև 122, 152, 185 մմ տրամաչափով արկերը։

«Մեր ընկերությունը ոչ միայն արտադրում է հիմնական արտադրատեսակները, այլև լրացուցիչ բոլոր բաղադրիչ մասերը։ Մասնավորապես, ականանետների համար արտադրում ենք նշանոցներ, ականների և արկերի համար՝ բոլոր հիմնական և լրացուցիչ լիցքերը, պայթուցիչները, այսինքն՝ ներառում ենք ամբողջ կոմպլեքսը, ինչը բացառիկ երևույթ է ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Ցուցահանդեսում ներկայացված մեր ամբողջ տեսականին ՀՀ օրենսդրության համաձայն անցել է պետական փորձարկում և որակի ու կիրառելիության մասով խնդիրներ չեն առաջացել։ Մեր ընկերության արտադրանքի շատ նմուշներ ընդգրկված են հայկական բանակի զինանոցում և օրեր առաջ ներկայացվեցին նաև զորահանդեսի ժամանակ»,- ասաց Գալստյանը։
«Արսենալ ԼՏԴ» ՍՊԸ-ն մասնակցում է միջազգային կարևորագույն ցուցահանդեսներին։ Դրսից հետաքրքրությունը հայկական արտադրանքի նկատմամբ շատ մեծ է, ուստի ընկերությունը տևական ժամանակ զբաղվում է նաև սեփական արտադրության զինատեսակների արտահանմամբ։
Ցուցահանդեսին մասնակցող մեկ այլ ընկերության՝ «Այ Դի Էս» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գարրի Ասրյանն էլ հայտնեց, որ իրենք ներկայացել են հայրենական արտադրության բավականին մեծ սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով։ Ներկայացված էր ինչպես զինամթերք, այնպես էլ բարձր տեխնոլոգիական սպառազինություն։

«Մենք ներկայացրել ենք համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետային համալիրներ, ռադիոլոկացիոն և հետախուզական միջոցներ, մեծ քանակի ու ծավալի ԱԹՍ-ներ։ Մեր ամբողջ տեխնիկան ավտոմատացված է, կարելի է կիրառել ինչպես ավտոմատ, այնպես էլ մեխանիկական ռեժիմով։ Ներկայացրել ենք երեսուն անուն տեխնիկա, որոնք հաջողությամբ անցել են գործարանային փորձարկումներ, մեծ մասը նաև պետական փորձարկումներ»,- ասաց Ասրյանը։
Տվյալ ընկերությունը հիմնականում աշխատում է հայրենական կառույցների՝ ՊՆ-ի հետ։ Դիտարկում է նաև արտասահմանյան գործընկերների հետ համագործակցելու տարբերակները՝ սերտորեն աշխատելով ԲՏԱ նախարարության հետ։ Գլխավոր խնդիրը զինված ուժերին որակյալ և նոր արտադրանքով ապահովելն է, ուստի այժմ մշակվում են նոր պայմանագրերը՝ հերթական խմբաքանակները հայկական բանակին մատակարարելու համար։
