Իրան

ՌԴ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին Իսրայելին ուղիղ ռազմական օգնություն չցուցաբերել

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին Իսրայելին ուղիղ ռազմական օգնություն չցուցաբերել

Մոսկվան նախազգուշացնում է Վաշինգտոնին Իսրայելին ուղիղ ռազմական օգնություն չցուցաբերել, նույնիսկ այդ առնչությամբ սպեկուլյատիվ հայտարարություններ չանել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Պատասխանելով մերձավորարևելյան հակամարտությանը ԱՄՆ-ի հնարավոր միջամտության վերաբերյալ հարցին՝ Ռյաբկովն ասել է. «Միացյալ Նահանգները մշտապես գտնվում է բոլոր գործընթացների առանցքում, և խոսել այն մասին, որ նա առաջ չի միջամտել, իսկ այժմ ահա միջամտում է, կարծում եմ, սխալ կլիներ»։

«Մեկ այլ բան է, թե ինչպես են նրանք դիտարկում իրադրությունը Իսրայելին ուղիղ ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում։ Մենք Վաշինգտոնին նախազգուշացնում ենք զերծ մնալ նման նույնիսկ սպեկուլյատիվ տարբերակներից։ Դա կլիներ ամբողջ իրադրությունը արմատապես ապակայունացնող քայլ», - ընդգծել է Ռյաբկովը։

Իսրայելը հունիսի 13-ին զանգվածային հարվածներ է հասցրել Իրանին՝ հայտարարելով, որ թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։ Կողմերի միջև արդեն վեց օր է՝ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանը զոհերի պաշտոնական թիվ է հայտնել հունիսի 16-ին՝ նշելով 224 զոհի մասին, որոնց թվում կան 45 կին և երեխա։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 24 զոհի մասին։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում