ՀՀ ՆԳՆ-ն նոր տվյալներ է հայտնել Ապարանում ուժեղ քամու հասցրած վնասների մասին
2 րոպեի ընթերցում

Ապարանում ուժեղ քամու հետևանքով հունիսի 15-ի ժամը 21-ի դրությամբ վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ, տապալվել է 21 ծառ, էլեկտրական 17 սյուն, արևային 3 կայան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ համայնքի տարբեր հասցեներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր։
ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում հայտարարվել է անձնակազմի հավաք:
Ըստ Առողջապահության նախարարության՝ նախնական տվյալներով, կա 4 տուժած, որոնք ստացել են առաջին բուժօգնություն։
Ժամը 21։00-ի դրությամբ՝ վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ, տապալվել է 21 ծառ, էլեկտրական 17 սյուն, արևային 3 կայան»,- նշել է Նարեկ Սարգսյանը։
Ըստ նրա՝ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։
Աշխատանքներին ներգրավվել է 137 փրկարարական ծառայող։