ՆԳՆ փրկարար ծառայությունը տվյալներ է հայտնել Ապարանում ուժեղ քամու հասցրած վնասի մասին
1 րոպեի ընթերցում

Ապարանում հունիսի 15-ին մոլեգնած ուժեղ քամու հետևանքով հունիսի ժամը 19։00-ի դրությամբ վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա, տապալվել է 15 ծառ և 8 էլեկտրական սյուն։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
«Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղի տարբեր հասցեներում գրանցվել են ուժեղ քամու վերաբերյալ ահազանգեր․ վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և տապալվել են ծառեր։
ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։
Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում հայտարարվել է անձնակազմի հավաք»,- ասվում է հաղորդագրության մեջ: