Թրամփն ու Պուտինը չեն բացառել վերադարձը բանակցություններին Իրանի միջուկային ծրագրի շուրջ
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
ՌԴ նախագահի օգնականն ասել է, որ հեռախոսազրույցը տևել է 50 րոպե, եղել է բովանդակային ու անկեղծ զրույց։
Նշվում է, որ զրույցի առանքում եղել է Մերձավոր Արևելքում իրավիճակի վտանգավոր սրումը։
Ուշակովն ասել է, որ Պուտինը դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ և մտահոգություն է հայտնել կոնֆլիկտի հնարավոր սրման առնչությամբ, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ մերձավորարևելյան ողջ տարածաշրջանի իրավիճակի վրա։
Դոնալդ Թրամփը նույնպես Մերձավոր Արևելքում իրավիճակը տագնապային է բնութագրել, բայց ընդգծել է Իսրայելի հասցրած հարվածների արդյունավետությունը։
Ուշակովը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները չեն բացառել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային սեղանի շուրջ վերադարձը՝ չնայած իրավիճակի բարդությանը։
Պուտինը նաև Թրամփին ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է հունիսի 22-ից հետո շարունակել Ուկրաինայի հետ բանակցությունները։ Թրամփը դա ընդունել է ի գիտություն և կրկին իր շահագրգռվածությունն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտի հարցում: