Թուրքիա

Անկարան դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա

3 րոպեի ընթերցում

Անկարան դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի տարածքում իրականացված ավիահարվածները: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

«Անկարան խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի տարածքին հասցված ավիահարվածները»,-նշվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Թել Ավիվի գործողությունները միջազգային իրավունքի բացահայտ խախտում են և սադրանք, որը ծառայում է Իսրայելի կողմից տարածաշրջանի ապակայունացման ռազմավարական քաղաքականության իրականացմանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ հարձակումները տեղի են ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ակտիվացմանը զուգահեռ: 

«Սա ցույց է տալիս, որ Նեթանյահուի կառավարությունը չի ցանկանում որևէ խնդիր լուծել դիվանագիտական ​​ճանապարհով և չի տատանվում վտանգել տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը՝ հանուն իր շահերի», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, որոնք կարող են ավելի մեծ հակամարտություններ հրահրել։

«Մենք կրկին հայտարարում ենք, որ չենք ցանկանում տեսնել ավելի շատ արյունահեղություն և ավերածություններ Մերձավոր Արևելքում։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատերազմի սրումը կանխելու համար», - ասվում է հայտարարության մեջ։ 

Հունիսի 13-ի վաղ առավոտյան իսրայելական բանակը հարվածներ հասցրեց Իրանի մայրաքաղաք Թեհրանին, Թավրիզ, Լորեստան և Քերմանշահ քաղաքներին, ինչպես նաև Սպահանում տեղակայված Նաթանզ միջուկային օբյեկտին։

Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, ինչպես նաև վեց միջուկային ոլորտի գիտնականներ։

Հարվածները նաև քաղաքացիական զոհերի պատճառ է դարձել։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում