ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը շուտով կփոխանցվի հայկական կողմին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած այցի շրջանակներում հունիսի 10-ին հանդիպում է ունեցել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին՝ շեշտադրելով գործնական քայլերի կարևորությունը։
Հանձնակատար Բրյունները հայտնել է, որ հունիսի 24-ին Հայաստան կայցելի եվրոպական փորձագիտական պատվիրակությունը՝ քննարկելու համար ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախագծային տարբերակը։ Եվրոպական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերջնականացնել և հայկական կողմին ներկայացնել Գործողությունների ծրագիրը։
Արփինե Սարգսյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները և շեշտադրել հայկական կողմի պատրաստակամությունը ներդնելու առավելագույն ջանքերը Գործողությունների ծրագրի արագ կենսագործման ուղղությամբ։
Հետագա քայլերն առավել սերտ համակարգելու և երկրում իրականացվող լայնածավալ փոփոխություններին ծանոթանալու նպատակով նախարար Սարգսյանը հանձնակատար Բրյուններին հրավիրել է հաջորդ տարի այցելելու Երևան։