Ռուսաստան

ՌԴ տարածքում Ուկրաինայի գործողության «գրասենյակը» գտնվում էր ԱԴԾ կենտրոնակայանի մոտ. Զելենսկին մանրամասներ է հայտնել

2 րոպեի ընթերցում

ՌԴ տարածքում Ուկրաինայի գործողության «գրասենյակը» գտնվում էր ԱԴԾ կենտրոնակայանի մոտ. Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունիսի 1-ի երեկոյան տեսաուղերձում մանրամասներ է ներկայացրել երկրի Զինված ուժերի կողմից «Սարդոստայն» գործողության իրականացման մասին, որի ընթացքում անօդաչու թռչող սարքերով հարձակման էին ենթարկվել ռուսական ավիաբազաները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին համապատասխան տեսանյութը և կից գրառումը տարածել է իր Telegram ալիքում։ 

Նա շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի անվտանգության ծառայությանը, անձամբ գեներալ Վասիլ Մալյուկին՝ նշելով, որ գործողության նախապատրաստումը տևել է մեկուկես տարուց ավելի։ 

«Պլանավորումը, կազմակերպումը, յուրաքանչյուր մանրուք կատարյալ էր իրականացված։ Վստահաբար կարող եմ ասել, որ սա լիովին յուրահատուկ գործողություն է։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, և դա այժմ կարելի է հրապարակայնորեն հայտարարել, որ Ռուսաստանի տարածքում մեր գործողության «գրասենյակը» գտնվում էր անմիջապես ԱԴԾ (խմբ.՝ Անվտանգության դաշնային ծառայության) կենտրոնակայանի մոտ՝ նրանց շրջաններից մեկում», - գրել է Զելենսկին։

Ընդհանուր առմամբ, ըստ Ուկրաինայի նախագահի, գործողության ընթացքում օգտագործվել է 117 անօդաչու թռչող սարք՝ համապատասխան թվով անօդաչուների օպերատորների մասնակցությամբ: 

«Օդային բազաներում տեղակայված ռազմավարական թևավոր հրթիռակիրների 34%-ը խոցվել է։ Մեր անձնակազմը գործել է Ռուսաստանի մի քանի շրջաններում՝ երեք տարբեր ժամային գոտիներում: Իսկ այն մարդիկ, ովքեր օգնել են մեզ, դուրս են բերվել ռուսական տարածքից մինչև գործողությունը, նրանք այժմ ապահով են», - հավելել է Զելենսկին։

Ռուսաստանը պաշտոնապես հայտնել է հունիսի 1-ին Մուրմանսկի, Իրկուտսկի, Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերում գտնվող ռազմաբազաների վրա իրականացված հարձակումների մասին՝ նշելով, որ այրվել է «մի քանի միավոր» ինքնաթիռ։ Ուկրաինայի զինված ուժերը պնդում են, որ ՌԴ օդատիեզերական ուժերի կորուստները շատ ավելի մեծ են՝ 40 ինքնաթիռ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում