Հազարավոր կիլոմետրեր տնից հեռու լինելով՝ ես ինձ տանն եմ զգում. Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Նիկոլաս Կալուկյան

8 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում արդեն հիմնավորվում են նոր սերնդի ներկայացուցիչները, որոնք պետք է առաջ տանեն հայկական ֆուտբոլը` Հայաստանի հավաքականին հասցնելով բաղձալի երազանքին՝ խոշոր որևէ միջազգային մրցաշարի մասնակցությանը: Այդ ճանապարհն այս պահին դեռևս հեռու ու բարդ է թվում։ 

Այս տարի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում իր նորամուտը նշեց ԱՄՆ-ի Սիրակյուս համալսարանի համանուն ակադեմիայից իր ճանապարհը սկսած ու այժմ էլ Երևանի «Ուրարտու»-ի կազմում ելույթները շարունակող Նիկոլաս Կալուկյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կալուկյանը պատմեց իր հայկական արմատների, «Ուրարտու» տեղափոխվելու նախաձեռնության ու Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հետ կապված երազանքների մասին:

-Նիկոլաս, խնդրում եմ պատմեք Ձեր մասին. որտեղի՞ց եք Դուք արմատներով, ինչպե՞ս եք կապված հայկականության հետ: 

- Ես ծնվել ու  իմ ամբողջ կյանքն անցկացրել եմ Նյու Ջերսի քաղաքում: Հայրական կողմից մաքուր հայկական արմատներ ունեմ։ Հայրս երկու քույր ունի` Անին ու Սեդան: Իսկ տատիկս ու պապիկս երկար տարիներ ապրել են Լիբանանում: Հորս քույրերը ծնվել են Լիբանանում, և միայն հայրս է, որ ծնվել է ԱՄՆ-ում: Պապս, թողնելով Լիբանանում ամեն ինչ, եկել է ԱՄՆ՝ չունենալով ֆինանսական ապահովություն ու ոչ էլ ինչ-որ հնարավորություններ: Բայց Միացյալ Նահանգներ է եկել մեկ ճամպրուկով ու մեծ երազանքով` ստեղծել ու արարել ընտանիքի բարեկեցության համար: Ես անասելի շնորհակալ եմ պապիս իր այդ քայլի համար: Ինքս մեծացել եմ հայկական մշակույթով, հայկական ինքնությամբ: Մենք նաև հաճախում էինք հայկական եկեղեցի ու ամեն ինչ մեզանում հայկական էր: Իսկ ֆուտբոլի խաղալ սկսել եմ պատանի տարիքից:

-Ինչպե՞ս համաձայնեցիք միանալ «Ուրարտու»-ին, ի՞նչն էր Ձեզ մոտիվացնում այս ակումբին միանալու համար: 

-Իմ մեծագույն երազանքը եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալը: Եվ, բացի այդ, մեծ երազանք ունեի խաղալ Եվրոպայում: Այն ժամանակներից, երբ ամերիկյան ակադեմիայում նոր-նոր էի խաղում, երազանքս նույնն է` պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվել Եվրոպայում: Անկեղծորեն հավատում եմ, որ այս նախաձեռնությունը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբին միանալը, հրաշալի քայլ էր ինձ համար: Ես այլ հնարավոր առաջարկներ էլ ունեի ԱՄՆ-ում, սակայն այս հնարավորությունն իսկապես ճիշտ քայլ էր ինձ համար: «Ուրարտու»-ն այն վայրն էր, որտեղ ինձ իսկապես ջերմությամբ ընդունեցին: Հստակ գիտեմ, որ այստեղ` «Ուրարտու»-ում, ես իմ ճիշտ տեղում եմ ու վայելում եմ ամեն ինչ: Բայց շարունակելու եմ առաջ գնալ: 

-Նիկոլաս, ի՞նչ ի նկատի ունեք՝ առաջ գնալ ասելով: Դուք ձգտելո՞ւ եք եվրոպական թոփ-5 լիգաներից մեկում խաղալուն:  

-Իհարկե, ֆուտբոլում  բոլորս էլ մեծ երազանքներ ու առավել մեծ նպատակներ ունենք: Սակայն շատ կարևոր է կենտրոնացած  մնալ տվյալ օրվա վրա, առաջիկա խաղի, առաջիկա մարզման վրա: Այո, երազանքս է խաղալ Եվրոպայում, բայց այս պահին իմ բոլոր մտքերն «Ուրարտու»-ի հետ են: 

-«Ուրարտու»-ի կազմում Ձեր նորամուտը կատարյալ էր` առաջին իսկ խաղում գոլի հեղինակ դարձաք: Ինչպիսի՞ թիմ է ձեր կարծիքով «Ուրարտու»-ն, ու ի՞նչը կարող է դառնալ այս թիմի հաղթաթուղթը: 

-Իսկապես երազանքի պես ստացվեց իմ նորամուտը «Ուրարտու»-ի կազմում: Այդ օրը հիշելու եմ իմ ամբողջ կյանքում: Օրն առավել բացառիկ դարձրեց նաև այն, որ հայրս ներկա էր այդ խաղին: Գիտեք, հենց նման պահերին և, գուցե,  հենց այդ գոլով ես մեկ քայլ առաջ արեցի: Իրականություն դարձավ այն տեսլականը, որի մասին երազել կարելի է միայն: Հրաշալի մեկնարկ էր, հրաշալի սկիզբ:  Եվ հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ թիմին միացել էի միայն մրցաշրջանի երկրորդ հատվածում, ու նրանք ինձ ընդունեցին հարազատի պես: Ու առաջին իսկ օրից ինձ այս մեծ ընտանիքի մի մասն եմ զգացել: Եվ, իմ կարծիքով, հենց դա էլ հիմք ծառայեց նման հաջող մեկնարկի համար: Ես ինձ այստեղ տանն եմ զգում: Հազարավոր կիլոմետրեր տնից հեռու լինելով՝ ես ինձ տանն եմ զգում:  Տանն եմ, քանի որ այստեղ իմ արմատներին ամենամոտն եմ: 

-Կուզենայի լսել նաև Ձեր կարծիքը հայկական Պրեմիեր լիգայի, մրցակից մյուս թիմերի մասին:

-Ի տարբերություն ամերիկյան կյանքի՝ Հայաստանում մարդիկ շնչում, ուտում ու ապրում են ֆուտբոլով, ինչը չկա ԱՄՆ-ում։ Այստեղ դու քո ամեն օրը պետք է լավագույնն անես, այլապես մեկ այլ թիմ, մեկ այլ ֆուտբոլիստ արագ կարող է փոխարինել քեզ թե՛ մրցաշարային աղյուսակում, թե՛ մեկնարկային կազմում: Այստեղ դու պետք է բացի ֆիզիկական պատրաստությունից, նաև հոգեպես էլ պատրաստ լինես ամեն տեսակ դժվարության:  

-Նիկոլաս, ի՞նչ նպատակ, երազանք ունեք «Ուրարտու»-ի հետ կապված: 

-Հանդերձարանում մենք լուսանկար ունենք ` Հայաստանի Պրեմիեր լիգայի ու գավաթի պատկերներն են: Իմ երազանք է՝ հասնել այս երկու գավաթներին: Գիտեմ, որ տարիներ առաջ նրանց հաջողվել է անել դա: Երբ ստորագրում էի իմ պայմանագիրը, հստակ գիտակցում էի, որ այստեղ նշաձողը շատ բարձր է:   

-Գալով Հայաստանի հավաքականին՝ որտեղ նշել եք Ձեր նորամուտը: Ի՞նչ խորհուրդ  ունի Ձեզ համար ազգային թիմի  կազմում  հանդես գալը:  

-Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում խաղալն ինձ համար աշխարհում ամենակարևոր արժեքն ունի: «Ուրարտու»-ի հետ պայմանագիր կնքելուն հաջորդած երկու ամիսները երազանքի պես էր: Ամեն ինչ այնքան արագ էր զարգանում: Երբեք չէի էլ կարող մտածել, որ այդ շրջանում նաև իմ նորամուտը կունենամ ազգային թիմում: Մինչև հիմա էլ, երբ խոսում եմ այդ մասին, մարմինս փշաքաղվում է:  Դաշտ դուրս գալիս մտքիս մի բան էր. շապիկիս թիկունքին ծնողներիս, նախնիներիս ազգանունն է, ինչը միայն հպարտություն էր ինձ համար: 

-Ինչպիսի՞ն  է աշխատանքը նոր գլխավոր մարզչի հետ ու ինչպիսի՞ն  է թիմի մթնոլորտը:

-Երբ առաջին անգամ հավաքի ընթացքում տեսա նրա անցած ճանապարհը միայն հիացած էի, քանի որ շատ բանի է հասել ոչ միայն որպես խաղացող, այլ նաև որպես մասնագետ: Առաջին իսկ օրվանից ինձ համար պարզ դարձավ, որ հսկայական գիտելիք ու փորձ ունեցող մասնագետ է: Եթե մեզ հաջողվի միասնական ձևով հավատալ թե՛ մարզչին, թե՛ ֆուտբոլիստներին, ազգային թիմն իսկապես իր ներուժով կարող է մեծ հաջողությունների հասնել:  

-Ինչպիսի՞ ապագա կարող է ունենալ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը:

-Ազգային հավաքականում, իհարկե, մեծ են ձգտումները, ինչպես օրինակ` Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը մասնակցությունը: Այս ամենը հնարավոր է: Նայելով Վրաստանի ազգային թիմին, նրանց օրինակին՝ 10 կամ 15 տարի առաջ վրացիները նույնքան հաջող ելույթներ չէին ունենում, ինչպես հիմա է: Մեզ միայն հավատ է պետք, հավատ մեր ներուժի նկատմամբ: Իրականում ամեն ինչ այդքան էլ հեռու չէ, որքան թվում է, մենք մոտ ենք լավ արդյունքների: 

-Նիկոլաս, շնորհակալ եմ զրույցի համար ու լիահույս, որ Ձեր բոլոր նպատակներին կհասնեք:

Հայերեն