ՀՀ ՄԻՊ-ը Սերբիայի գենդերային հավասարության պետնախարարի հետ քննարկել է իրավահավասարության ապահովման և փորձի փոխանակման հարցեր

3 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 26-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, կանանց տնտեսական և քաղաքական հզորացման հարցերով պետնախարար Տատյանա Մացուրային։ Հյուրին ուղեկցել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի մանդատը և հաստատության գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է զուգակցվի դրանց խթանմանն ուղղված համակարգային և հետևողական քայլերով։ 

Պաշտպանը նշել է, որ իր աշխատանքի ուղղությունները բավական ընդգրկուն են, ի թիվս այլնի, ներառելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Հատուկ ուշադրություն է դարձվել կանանց իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման հարցերին։ 

Ըստ աղբյուրի՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ բռնության դեմ պայքարը պահանջում է ոչ միայն իրավական հստակություն, այլև քաղաքական կամք, հանրային գիտակցության բարձրացում և ոլորտային համակարգված մոտեցում։ Այս համատեքստում նա կարևորել է մեր երկրում ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը՝ նշելով, որ այն էական ազդեցություն է ունեցել նման դեպքերի բացահայտման, կանխարգելման և բռնության զոհերի պաշտպանվածության մակարդակի բարձրացման գործում։ 

Անդրադառնալով ատելության և խտրականության դրսևորումներին՝ Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարել առցանց տիրույթում և մեդիադաշտում խտրական և ատելության խոսքի տարածման աճը, այդ թվում՝ քաղաքական և հանրային գործիչների կողմից արվող հայտարարություններում։ Նա նշել է, որ այս երևույթները լրջորեն խաթարում են հանդուրժողականության և իրավահավասարության սկզբունքները։ 

Նշվում է, որ քննարկման առանցքային թեմաներից էր նաև իրավահավասարության ապահովման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ընդունումը։ 

«Թեև տարիների ընթացքում այս ոլորտում արձանագրվել են մի շարք դրական զարգացումներ, այնուամենայնիվ առկա են խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն համապարփակ օրենսդրական բարեփոխումների և նպատակային պետական քաղաքականության միջոցով։ Այդ համատեքստում օրենքի ընդունումը կդառնա առանցքային քայլ՝ ուղղված հավասարության երաշխավորմանը»,- ասել է Պաշտպանը։ 

Կողմերը քննարկել են նաև փորձի փոխանակման և ոլորտային համագործակցության հնարավորությունները՝ ուղղված քննարկված ոլորտներում առկա խնդիրների առավել արդյունավետ հաղթահարմանը։

Հայերեն

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք