Հայաստանը մենակ չէ Եվրամիությանն անդամակցելու իր ձգտումներում. Ֆրանսիայի ԱԳ նախարար
4 րոպեի ընթերցում
Եվրամիությանն անդամակցելու իր ձգտումներում Հայաստանը մենակ չէ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
«Հայաստանը մենակ չէ Եվրամիությանն անդամակցելու ձգտումներում, որովհետև Եվրամիությանն անդամակցելը մի բան չէ, որ դու անում ես փողի համար։ Դու դա անում ես, որովհետև ժողովրդավարություն և ազատություն ես տենչում։ Երբ դու Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր ես, ի՞նչն է ամենաբարդը. դա ո՛չ տնտեսական, ո՛չ էլ սոցիալական ձեռքբերումների մասին է։ Ամենաբարդ մասը Եվրամիության ստանդարտներին համապատասխանելն է օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի, ժողովրդավարության, ազատության, մամուլի ազատության, անկախ դատական համակարգի տեսանկյունից։ Այսպիսով՝ Հայաստանը մենակ չէ այն երկրների մեջ, որոնք նայում են Եվրամիությանը որպես ժողովրդավարության երաշխիք, որպես առաջ շարժվելու ազատության երաշխիք»,- մանրամասնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը։
Նա հավելել է, որ ԵՄ-ին անդամակցելը բարդ գործընթաց է.
«Օրենքի գերակայության տեսանկյունից Եվրամիության ստանդարտներին համապատասխանելը բարդ գործընթաց է։ Այսպիսով՝ սա որոշակի ժամանակ է պահանջում, և երբեմն մարդիկ հիասթափվում են։ Սա այն է, ինչ մենք տեսել ենք Արևմտյան Բալկանների որոշ երկրներում։ Մենք կարող ենք մոտ ապագայում տեսնել Արևմտյան Բալկանների որոշ երկրների կողմից անդամակցության գործընթացի ավարտին հասնելը։ Ես կարծում եմ, որ Մոնտենեգրոն է նշանակալի պրոցես իրականացնում, Ալբանիան է մեծ առաջընթաց գրանցում»,- ասաց նա՝ շեշտելով, որ նրանք կարող են օրինակ դառնալ տարածաշրջանի մյուս երկրների համար։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ Եվրամիության պատասխանատվության տիրույթում է թեկնածու երկրների հետ աշխատելը, որպեսզի այդ երկրների հասարակությունների համար ընկալելի լինեն այն ջանքերը, որոնք պետք է գործադրվեն մինչև ԵՄ-ին անդամակցությանը հասնելը։
Նրա խոսքով՝ այդ տրամադրվածությամբ է Եվրամիությունը Հայաստանին աջակցել Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով և այդ տրամադրվածությամբ է երկրի հետ սկսել երկխոսություն վիզաների ազատականացման շուրջ։
Նույն պանելային քննարկման ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ևս խոսել էր Հայաստանի եվրաինտեգրման ձգտումների մասին՝ հիշեցնելով, որ Հայաստանի խորհրդարանը վերջերս օրենք է ընդունել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել էր, որ Հայաստանի հասարակությունը մեծ սպասելիքներ ունի այդ գործընթացից, սակայն հավելել, որ այդ գործընթացը երկկողմանի է.
«Մենք կարող ենք սպասելիքներ ունենալ, բայց, միգուցե, ԵՄ֊ն պատրաստ չէ դրան, ուստի հարկավոր է հասկանալ, թե որտեղ են մեր տեսլականները համընկնում, և, եթե համընկնում են, մենք ինչպես պետք է գործենք, նկատի ունեմ ինչպես պետք է պլանավորենք մեր համատեղ ապագան։ Կրկնում եմ՝ Հայաստանի հասարակության շրջանում մեծ սպասելիքներ կան, և, եթե այդ սպասելիքները չբավարարվեն մեր կառավարության կամ, չգիտեմ, Եվրամիության մեր գործընկերների կողմից, մենք շատ մեծ հիասաթափություն կունենանք, իսկ սա տարածաշրջան է, որտեղ զգացմունքներն ավանդաբար և պատմականորեն շատ կարևոր են։ Եվ, եթե այս սպասելիքները ոչ թե բավարարվեն, այլ լինի հիասթափություն, ապա պահը կկորսվի, և ես դժվար եմ պատկերացնում, թե մենք երբ կկարողանանք վերսկսել այդ գործընթացը»,֊ ասել էր ՀՀ ԱԳ նախարարը։