Հայաստանն ու Սլովակիան ունեն հարաբերություններ զարգացնելու հսկայական ներուժ. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Ֆիցոյի հանդիպումը
4 րոպեի ընթերցում
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սլովակիայի վարչապետի առանձնազրույցը: Երկու երկրների վարչապետները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով:
«Արմենպրես»-ի փոխ՛անցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ռոբերտ Ֆիցոյին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի վարչապետը կարևորել է Սլովակիայի հետ հետագա հարաբերությունների զարգացումը:
«Մենք արդեն հասցրեցինք քննարկել, որ առկա է բոլոր ուղղություններով մեր հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ, և Ձեր այցը շատ լավ առիթ է այդ հնարավորությունները ևս մեկ անգամ գույքագրելու և կոնկրետ ուղղությունների վրա կենտրոնանալու, կոնկրետ ճանապարհային քարտեզ ունենալու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Ֆիցոյին Հայաստանի հետ կապված օրակարգերում ցուցաբերած աջակցության համար:
«Այսօր «Երևանյան երկխոսություն» համաժողովի ընթացքում Ձեր աջակցությունը վերահաստատեցիք մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ տարվա գագաթնաժողովը գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով»,- ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի ևս Սլովակիայի վարչապետը կհյուրընկալվի մեր երկրում:
Իր հերթին Ռոբերտ Ֆիցոն վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Սլովակիա՝ նրան հարմար ժամանակահատվածում:
«Հենց նոր ավարտված մեր առանձնազրույցը հաստատում է, որ կան ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, ուստի նույն հյուրընկալությամբ մենք կցանկանայինք Ձեզ ջերմորեն ողջունել Սլովակիայում: Սլովակիայի ողջ պատվիրակության անունից շատ շնորհակալ եմ Ձեզ հյուրընկալության և բարեկամության համար:
Երբ պատրաստվում էի այս հանդիպմանը, մեծարգո պարոն վարչապետ, ես մանրամասնորեն ուսումնասիրեցի բոլոր փաստաթղթերը, որոնք ստացել եմ նախապատրաստվելու համար: Մեծ գոհունակությամբ կարող եմ նշել, որ մենք հարցերը կարողացանք քննարկել անգամ առանց այդ փաստաթղթերի, քանի որ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ ունենք»,- ասել է Սլովակիայի վարչապետը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, բիզնես կապերի ընդլայնմանը, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Ֆիցոն ընդգծել են երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը և այդ առումով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման շուրջ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին: Ռոբերտ Ֆիցոն հայտնել է իր երկրի աջակցությունը ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգին՝ ի նպաստ տարածաշրջանում կայունության և համագործակցության:
Ռոբերտ Ֆիցո, Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Ֆիցո
Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Ֆիցո
Ռոբերտ Ֆիցո
Ռոբերտ Ֆիցո, Նիկոլ Փաշինյան
Ռոբերտ Ֆիցո, Նիկոլ Փաշինյան
Ռոբերտ Ֆիցո, Նիկոլ Փաշինյան
Ռոբերտ Ֆիցո, Նիկոլ Փաշինյան
Ռոբերտ Ֆիցո, Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան
Ռոբերտ Ֆիցո, Նիկոլ Փաշինյան
Ռոբերտ Ֆիցո