Քաղաքականություն

Հայաստանն ու Սլովակիան ունեն հարաբերություններ զարգացնելու հսկայական ներուժ. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Ֆիցոյի հանդիպումը

4 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Սլովակիան ունեն հարաբերություններ զարգացնելու հսկայական ներուժ. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Ֆիցոյի հանդիպումը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սլովակիայի վարչապետի առանձնազրույցը: Երկու երկրների վարչապետները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով: 

«Արմենպրես»-ի փոխ՛անցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ռոբերտ Ֆիցոյին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի վարչապետը կարևորել է Սլովակիայի հետ հետագա հարաբերությունների զարգացումը: 

«Մենք արդեն հասցրեցինք քննարկել, որ առկա է բոլոր ուղղություններով մեր հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ, և Ձեր այցը շատ լավ առիթ է այդ հնարավորությունները ևս մեկ անգամ գույքագրելու և կոնկրետ ուղղությունների վրա կենտրոնանալու, կոնկրետ ճանապարհային քարտեզ ունենալու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Ֆիցոյին Հայաստանի հետ կապված օրակարգերում ցուցաբերած աջակցության համար: 

«Այսօր «Երևանյան երկխոսություն» համաժողովի ընթացքում Ձեր աջակցությունը վերահաստատեցիք մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությանը:  Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ տարվա գագաթնաժողովը գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով»,- ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի ևս Սլովակիայի վարչապետը կհյուրընկալվի մեր երկրում: 

Իր հերթին Ռոբերտ Ֆիցոն վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Սլովակիա՝ նրան հարմար ժամանակահատվածում: 

«Հենց նոր ավարտված մեր առանձնազրույցը հաստատում է, որ կան ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, ուստի նույն հյուրընկալությամբ մենք կցանկանայինք Ձեզ ջերմորեն ողջունել Սլովակիայում: Սլովակիայի ողջ պատվիրակության անունից շատ շնորհակալ եմ Ձեզ հյուրընկալության և բարեկամության համար: 

Երբ պատրաստվում էի այս հանդիպմանը, մեծարգո պարոն վարչապետ, ես մանրամասնորեն ուսումնասիրեցի բոլոր փաստաթղթերը, որոնք ստացել եմ նախապատրաստվելու համար: Մեծ գոհունակությամբ կարող եմ նշել, որ մենք հարցերը կարողացանք քննարկել անգամ առանց այդ փաստաթղթերի, քանի որ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ ունենք»,- ասել է Սլովակիայի վարչապետը: 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, բիզնես կապերի ընդլայնմանը, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: 

Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Ֆիցոն ընդգծել են երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը և այդ առումով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման շուրջ: 

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին: Ռոբերտ Ֆիցոն հայտնել է իր երկրի աջակցությունը ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգին՝ ի նպաստ տարածաշրջանում կայունության և համագործակցության: 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում