Հանրությանն է ներկայացվել Հայոց ցեղասպանության տարիներին գերմանական առաքելությունների մասին պատմող գիրքը՝ հիմնված գիտական աղբյուրների վրա

4 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հանրությանը ներկայացվեց հերթական հրատարակությունը՝ թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի գիտաշխատող Հայկ Մարտիրոսյանի հեղինակած «Մարդասիրություն և քրիստոնեական գթասրտություն. Օսմանյան կայսրության հայերի շրջանում գործած գերմանական առաքելությունների պատմությունը (1896–1919 թթ.)» գիրքը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեղինակն անդրադարձել է գերմանական բոլոր առաքելությունների մարդասիրական, կրթական, բժշկական և հոգևոր գործունեությանն, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության տարիներին։

Հայկ Մարտիրոսյանը «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց, որ գրքում ներկայացված է համիդյան կոտորածներից հետո մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը՝ 1896-1919 թվականներին, Օսմանյան կայսրության հայերի շրջանում գերմանական բոլոր առաքելությունների ծավալած գործունեությունը։ Ըստ նրա՝ այդ ընթացքում տարբեր տեղաբաշխմամբ գործել է 6 ավետարանական, 1՝ կաթոլիկ առաքելություն, որոնց ջանքերով փրկվել են հազարավոր հայեր։ Հեղինակը նշեց, որ Սիրիական որբանոցի, Երուսաղեմի միության և Կայզերսվերթի գթության քույրերի տան մասին հայերեն որևէ գիտահետազոտական գրականություն մինչև այժմ չկա։ Շատ սուղ է տեղեկատվությունը Մալաթիայի կույրերի առաքելության մասին։ 

«Համակարգված ներկայացրել եմ, թե որ առաքելությունը որտեղ է գործել, ինչպիսի գործունեություն է ծավալել և որքան մարդ է փրկել։ Նախկինում մեզ մոտ գերմանական առաքելությունների մասին ամբողջական տեղեկություններ չկային։ Գիրքն առաջին հերթին ուղղված է գերմանախոս երկրների գիտական հանրությանը, բայց գրված է մատչելի լեզվով և կարող է հետաքրքրել նաև սովորական ընթերցասերներին, ինչպես նաև առաքելությունների նախկին սաների և միսիոներների ժառանգներին։ Աղբյուրները բացառապես գիտական են՝ արխիվների և գերմանական պարբերական մամուլի նյութեր։ Հիմա աշխատանքներ են տարվում 2024-ի դեկտեմբերին հրատարակված այս գիրքը հայերեն կամ անգլերեն թարգմանելու ուղղությամբ»,- նշեց նա։

Հեղինակը նաև հավելեց. «Գրքի վերջում գրել եմ, որ Առաջին աշխարհամարտի տարիներին գերմանական միսիոներական գործունեությունը Օսմանյան կայսրությունում գերմանացիների ծավալած գործունեության միակ լուսավոր կետն է։ Դրա մասին շատերը չգիտեն։ Այդ գործունեությունն արժանի է երախտագիտության՝ թեկուզ այս ձևով»։ 

Գիրքը տպագրվել է Գերմանիայում և առայժմ հասանելի է միայն այդ երկրի պետական լեզվով։ Այն հնարավոր է պատվիրել առցանց տարբերակով, ինչպես նաև ձեռք բերել գրախանութներում և գրադարաններում։ Տրամադրվել է նաև համալսարաններին։ Ի դեպ, մայիսի 24-ին տեղի ունեցած շնորհանդեսի ընթացքում բրոշյուրի տեսքով ներկայացվեց նաև գրքի հայերեն բովանդակությունը։

Գերմանական հրատարակչության հետ պայմանավորվածության համաձայն՝ առաջիկա 5 տարիներին կտպագրվի գրքի մինչև 4 հազար օրինակ։

Հեղինակը նշեց, որ արդեն արձագանքներ են ստացվել Գերմանիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի տարբեր շրջանակներից ՝ բոլորը բացառապես դրական են։

Հայկ Մարտիրոսյանը հայտնեց նաև, որ վերջերս արժեքավոր փաստագրական նյութ է ստացել այն դժնդակ տարիներին Հալեպում գործած գերմանական առաքելությունում ներգրավված շվեյցարուհի միսիոներուհու ժառանգներից։ Շվեյցարուհին, որը փրկել է մի քանի հազար հայ որբի, այնքան է ազդվել տեսած դաժանություններից, որ հետագայում հոգեկան խնդիրներ է ունեցել։ Հայ պատմաբանը պատրաստվում է ստացած նյութերի հիման վրա առանձին գիրք պատրաստել։ Ի դեպ, նրա հետ պարբերաբար կապի են դուրս գալիս վերոնշյալ առաքելություններում հայտնված հայերի, ինչպես նաև այդ առաքելությունների անդամների ժառանգները։    

Հայերեն العربية Français