ՀՀ-ում վարորդական վկայականները կլինեն նաև թվային տարբերակով. ՆԳՆ-ն բարելավում է հանրային ծառայությունների մատուցման որակը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հանձնառու է բարելավել հանրային ծառայությունների մատուցման որակը։ Այդ նպատակով մի շարք ուղղություններով բարեփոխումներ են իրականացվում։  

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը նշեց, որ այս համատեքստում շատ կարևորվում է թվայնացումը, որն առնչվում է մի քանի ուղղությունների։ Վերջին օրերին ՀՀ կառավարությունը հաստատեց նախագիծ վարորդական իրավունքների ստացման գործընթացի հետ կապված։ 

«Նոր փոփոխություններով մենք ամրագրում ենք, որ Հայաստանում գործելու են նաև վարորդական թվային վկայականներ և հաշվառման թվային վկայագրեր։ Սեպտեմբերի 1-ից բոլոր այն անձինք, որոնք ունեն վարորդական վկայականներ, կունենան նաև դրանց թվային տարբերակը։ Այսինքն՝ գործող վկայականները կվերափոխվեն նաև թվայինի. դրա համար տուրք չի նախատեսվում։ Եվ եթե Պարեկային ծառայության աշխատակիցը կարողանում է նույնականացնել վարորդին, ապա այդ պարագայում չի կիրառի վարչական իրավախախտումը վարորդական վկայականը վարորդի մոտ չլինելու պարագայում»,-ասաց Արմեն Ղազարյանը։

Այն անձինք, որոնք նոր պետք է ձեռք բերեն վարորդական վկայական, նրանք կունենան ընտրության հնարավորություն, առավել փոքր տուրքով ձեռք բերել թվային վկայական, որը գործելու է միայն ՀՀ տարածքում։ Պլաստիկ քարտի տեսքով վարորդական վկայական ունենալու պարագայում տուրքը մի փոքր ավելին կլինի։ 

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ավտոմեքենաների հաշվառման ծառայություններին։ Մասնավորապես, տրանսպորտային միջոցների առք ու վաճառքն իրականացվելու է օնլայն տարբերակով։ Կլինի համապատասխան ձևաթուղթ, որը լրացնելու համար մի քանի գործողություն է պահանջվելու։ Արդյունքում քաղաքացին ստիպված չի լինի գնալ համապատասխան գրասենյակներ և ժամերով մնալ հերթերում։ Դրանից բացի, այս քայլը կարևոր է հենց համակարգի համար, քանի որ թվային լուծումները նպաստում են վարչարարական բեռի թեթևացմանը։  

Սպասվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է վարորդական վկայականի համար նախատեսված քննություններին։ Այն քաղաքացին, որը քննությունը հաջող չի հանձնի, ապա հավելյալ վճարի դիմաց կարճ ժամկետում նորից կկարողանա մասնակցել քննություններին։ 

«Այս փոփոխության անհրաժեշտությունը բխում է քաղաքացիներից ստացված դիմումներից։ Շատերը դիմում են, որ փոքր տեխնիկական խնդրով պայմանավորված չեն հաղթահարել ցուցանիշները, ու նոր հնարավորության կարիք կա։ Այստեղ ուզում եմ ընդգծել, որ սա պարտադիր չէ, այլ հավելյալ հնարավորություն է մեր քաղաքացիների համար»,-ասաց Արմեն Ղազարյանը։   

ՆԳ նախարարի տեղակալն ընդգծեց, որ ծառայությունների թվայնացումը խիստ անհրաժեշտություն է, որովհետև տարեցտարի ավելանում են թե՛ վարորդական վկայականներ ստացողների, թե՛ տրանսպորտային միջոցների նկատմամբ իրավունքի գրանցման ցուցանիշները։  

2024 վերջի դրությամբ Հայաստանում կա 913 հազար տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի գրանցում։ Վավեր վարորդական վկայականների թիվը 850 հազարից  ավելի է։     

Հայերեն English

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ