«Նկարում ենք Լա Լա Լենդը». Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնն առաջնախաղ ունի
4 րոպեի ընթերցում

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը 85-րդ թատերաշրջանը սկսում է առաջնախաղով․ թատերասերների դատին է հանձնվում «Նկարում ենք Լա Լա Լենդը» ներկայացումը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը նշեց, որ ներկայացման հիմքում համաշխարհային հայտնի ֆիլմի՝ «Լա Լա Լենդ»-ի, սյուժեն է՝ ինքնատիպ ձեռագրով ու հետաքրքիր շեշտադրումներով։
«Պրեմիերան հոկտեմբերի 3-ին է, ներկայացումը կլինի նաև հոկտեմբերի 4-ին և 6-ին։ Հաջորդիվ խաղացանկի մասին մենք հավելյալ կիրազեկենք։ Ասեմ, որ բավական մասշտաբային ներկայացում է սպասվում։ Մեր քաղաքականությունն այնպիսին է, որ պետք է թատրոնը համալրվի նոր մյուզիքլներով ժամանակի շնչին ու պահանջին համապատասխան։ ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ թատրոնը համալրվել է նոր լուսային, ձայնային տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս մեզ խաղալ բարձր որակի մյուզիքլներ»,-ասաց Լիլիթ Պետրոսյանը։
Նա ընդգծեց, որ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը գտնվում է իր վերափոխման, զարգացման ուղու վրա։ Թատրոնը, պահելով իր ժառանգությունը, պատմությունը, առաջ է շարժվում նոր շնչով։
«Բոլորի հիշողության մեջ նախկին ներկայացումներն են, ակնածանքով հիշում են դերասաններ Կարպ Խաչվանքյանին, Սվետլանա Գրիգորյանին։ Իհարկե, այդ ամենը մեր ժառանգությունն է, մեր պատմությունն է ու պետք է պահպանենք, բայց կրկնօրինակել չենք կարող։ Այսօր մեծ քայլեր ենք կատարում երաժշտական թատրոնի, մյուզիքլի զարգացման ուղղությամբ, որի հնարավորությունն արդեն լիովին ունենք։ Դրա վառ ապացույցը նաև սպասվող նոր ներկայացումն է»,-ասաց Լիլիթ Պետրոսյանը։
«Նկարում ենք Լա Լա Լենդը» ներկայացման պրեմիերան համընկել է հայտնի ֆիլմի «Լա Լա Լենդ»-ի ստեղծման 10-ամյակի հետ։ Լիլիթ Պետրոսյանը վստահեցնում է, որ ներկայացումը ֆիլմի կրկնօրինակը չէ։
«Մենք տեղափոխվում ենք Հոլիվուդ, ֆիլմի նկարահանման հարթակ, որտեղ «Լա Լա Լենդ»-ի սիրված կերպարների հետ կհանդիպենք նաև այլ կերպարների։ Մեկնաբանության հեղինակը և բեմադրության ռեժիսորը Լիլի Էլբակյանն է։ Շատ բուռն ստեղծագործական պրոցեսի մեջ ենք։ Ասեմ, որ որոշ տեսարանների համար գրվել է առանձին երաժշտություն, որի հեղինակը դերասան Մարիամ Շահինյանն է, որը հենց գլխավոր դերակատարն է, դերասան Ներսես Ավետիսյանի հետ»,-ավելացրեց Լիլիթ Պետրոսյանը։
Դերասան Մարիամ Շահինյանը նշեց, որ ապրիլից սկսել են աշխատել ներկայացման վրա։ Այս ընթացքում շատ ակտիվ գործունեություն է ծավալվել թե դերասանական կազմի, թե բալետ պարողերի, երգիչների, տեխնիկական անձնակազմի կողմից։
«Այնքան եմ մտել իմ կերպարի մեջ, որ արդեն տևական ժամանակ է ինձ որպես Միա եմ ընկալում։ Այս ներկայացումը մի շարք կարևոր ուղերձներ ունի։ Գլխավոր հերոսները շատ դժվարությունների, մերժումների միջով են անցնում, սակայն հավատացել են իրենց տաղանդին, իրենց հնարավորությանը, իրար օգնելով հասել են բաղձալի կետին, սակայն դրա գինը ցավոտ է եղել։ Այս ներկայացման մեջ շատերը կգտնեն իրենց, կհիշեն իրենց կյանքից դրվագներ»,-ասաց Մարիամ Շահինյանը։
Պատասխանատուները վստահեցնում են, որ շատ գունեղ ներկայացում է սպասվում՝ հարուստ դեկորներով, տեխնիկական հնարքներով։
