Մամուլի սրահ

Կենսաթոշակների բարձրացումն առնչվելու է շուրջ 700 հազար մարդու

3 րոպեի ընթերցում

Կենսաթոշակների բարձրացումն առնչվելու է շուրջ 700 հազար մարդու

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով 2027 թվականի հունվարի 1-ից հանրապետությունում բարձրանալու է կենսաթոշակների ու նպաստների չափը։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանը նշեց, որ այս փոփոխությունն առնչվելու է շուրջ 700 հազար մարդու։  Բարձրացումները կատարվում են մի քանի գործոնով պայմանավորված։

«Նախ կավելանա աշխատանքային կենսաթոշակի չափը, որն այսօր 34 000 դրամ է, հունվարի 1-ից կդառնա 34 500: Սա նշանակում է ցանկացած աշխատանքային կենսաթոշակ 500 դրամով առնվազն պիտի ավելանա։  Ավելացնում ենք նաև նվազագույն կենսաթոշակի չափը, որն այսօր 46 000 դրամ է, կդառնա 47 000 դրամ։ Կավելանան հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակները՝ խորը հաշմանդամության դեպքում 40 տոկոսի չափով, ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամություն ունենալու դեպքում 20 տոկոսի չափով»,-ասաց Անահիտ Գալստյանը: Կենսաթոշակը նվազագույնը բարձրանալու է 500 դրամով, առավելագույնը՝ 1200 դրամով։

Ինչ վերաբերում է զինվորական կենսաթոշակներին, ապա Անահիտ Գալստյանը նշեց, որ այստեղ երկու խումբ ավելացում կլինի։ Պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի հաշմանդամություն ունեցող զինծառայողների կենսաթոշակները կբարձրանան 1400 դրամով, զոհված, մահացած զինծառայողի ընտանիքի անդամին տրվող կենսաթոշակը ևս կբարձրանա 1400 դրամով, իսկ արդեն սպայական, ենթասպայական կազմի կենսաթոշակները կավելանան միջինը 1144-ով։

Կենսաթոշակների բարձրացումը կատարվում է նաև խնայողությունների հաշվին։ Մասնավորապես, նոր նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել թաղման նպաստի համակարգում։ Գործող կարգով թաղման նպաստ տրամադրվում է այն անձին, ով կազմակերպում է կենսաթոշակառուի, ինչպես նաև անապահովության համակարգում հաշվառված անդամի հուղարկավորությունը։ Նոր կարգավորումներով առաջարկվում է թաղման նպաստ տրամադրել այն անձին, ով կազմակերպել է միայն անապահովության համակարգում հաշվառված անձի հուղարկավորությունը։

Այս փոփոխությունների արդյունքում խնայվելու է 4,3-4,4 մլրդ դրամ։ Կառավարությունը խնայողություններին կհավելի 1,2 մլրդ դրամ հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացումներն ապահովելու համար։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում