Podcast-Հարց բժշկին. մայիսը գլխուղեղի քաղցկեղի իրազեկման ամիսն է. բուժման ի՞նչ հնարավորություններ կան Հայաստանում
3 րոպեի ընթերցում

Մայիսը գլխուղեղի քաղցկեղի իրազեկման ամիսն է: Հայաստանի Հանրապետությունում տարեկան հայտնաբերվում է 170-ից 250 գլխուղեղի քաղցկեղի առաջնային դեպք: Ցավոք, վերջին տարիներին, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես կա ընդհանուր ուռուցքային հիվանդությունների աճ:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի բժիշկ-նեյրովիրաբույժ, վիրահատարանի ղեկավար Աննա Կիզոկյանի հետ զրուցել ենք գլխուղեղի քաղցկեղի տեսակների, առաջացման պատճառների, կանխարգելման և մի շարք այլ կարևոր հարցերի մասին:

Մասնագետը նշեց, որ գլխուղեղի ուռուցքները լինում են բուն գլխուղեղում առաջացած ներուղեղային ուռուցքներ, արտաուղեղային ուռուցքներ, որոնք առաջանում են ուղեղի թաղանթներից և հարակից ոսկրային կառուցվածքներից։ Լինում են նաև երկրորդային գլխուղեղի ուռուցքներ, որոնք առաջանում են որևիցե օրգան համակարգում առաջացած քաղցկեղից:
«Եթե դասակարգենք, ապա լինում են գլխուղեղի առաջնային և երկրորդային ուռուցքներ: Այս ուռուցքների նախանշանները լինում են երկու տեսակի. ընդհանուր, որի դեպքում առաջանում է գլխուղեղի ներգանգային ճնշման բարձրացում, գլխացավեր, սրտխառնոց, փսխումներ, հավասարակշռության կորուստ։ Գլխացավերը կարող են լինել ինչպես սաստիկ, այնպես էլ բութ, ճնշող, երկարատև։ Երկրորդ տեսակը ախտանիշներն ըստ ուռուցքի տեղակայության են»,- ասաց բժիշկ-նեյրովիրաբույժը:
Բժիշկը նշեց՝ ուղեղի քաղցկեղի առաջացման արտահայտված ռիսկի առանձին գործոններ չկան, առաջացման պատճառները տարբեր են:
«Առաջացման պատճառ կարող է լինել սթրեսային գործոնը, միջավայրը, օդի աղտոտվածությունը, որոշ դեպքերում նաև՝ գենային մուտացիաները, ժառանգական նախատրամադրվածությունը»,- ասաց նա:
Անդրադառնալով բուժման մեթոդներին և հնարավորություններին՝ մասնագետն ընդգծեց՝ այս պահին Հայաստանը գրեթե չի զիջում այլ երկրներին բուժման եղանակներով՝ բացառությամբ որոշ ճառագայթային եղանակների:
Ինչպիսի՞ բուժման տարբերակներ կան այսօր: Որքա՞ն է բուժման հաջողության շանսը գլխուղեղի ուռուցքների տարբեր տեսակների դեպքում: Ինչպիսի՞ն է հիվանդի կյանքի որակը բուժումից հետո: Որքա՞ն կարևոր է վաղ ախտորոշումը և ինչպե՞ս կարելի է հասնել դրան: Ի՞նչ նորարարություններ կան ուղեղի ուռուցքների բուժման ոլորտում:
Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:
Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները:
