Մակրոնն իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը
4 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն էական նշանակություն ունի Հարավային Կովկասում կայունության համար՝ միաժամանակ լիակատար աջակցություն հայտնելով Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայի նախագահը Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ալբանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վերահաստատեցի աջակցությունս Ադրբեջանի հետ սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,-գրել է Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն էական նշանակություն ունի տարածաշրջանում կայունության համար։
«Լիակատար աջակցություն Հայաստանին, նրա տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:
Մեր հանդիպման ժամանակ քննարկեցինք ևս մեկ շատ կարևոր հարց՝ օվկիանոսները։ Սերտորեն համագործակցում ենք՝ նախապատրաստվելով հունիսին Նիցցայում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության Օվկիանոսային համաժողովին, ինչպես նաև Կենսաբազմազանության կողմերի համաժողովին՝ COP17-ին, որը Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել 2026 թվականին»,-իր գրառման մեջ նշել է Էմանուել Մակրոնը։
Avec le Premier ministre @NikolPashinyan, en marge du Sommet de la Communauté politique européenne en Albanie.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) May 16, 2025
Je lui ai redit mon soutien à la signature d’un traité de paix avec l’Azerbaïdjan dans les meilleurs délais.… pic.twitter.com/uvQwas7yu9
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 16-ին հանդիպում է կայացել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև, որի ընթացքում կողմերը բարձր են գնահատել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ ընդգծելով, որ բարձր մակարդակի շփումները և կառուցողական քաղաքական երկխոսությունը նպաստում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:
Կարևորվել է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը և այդ ուղղությամբ շարունակական և հետևողական քայլերի իրականացումը: Նախագահ Մակրոնն ընդգծել է Ֆրանսիայի հաստատակամ աջակցությունը խաղաղ գործընթացին՝ նշելով, որ կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում կենսական նշանակություն ունեն ընդհանուր տարածաշրջանային համագործակցության համար:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացման, ինչպես նաև մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղման վերաբերյալ: